Մեծ պատասխանատվություն է արվեստով բուժելը

Մեծ պատասխանատվություն է արվեստով բուժելը

Արդյո՞ք պատրաստ ենք անհրաժեշտ պահին պատասխանատվություն վերցնել, և ո՞ւմ առաջ է պատասխանատու արվեստագետը: Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռը խոսում է պատասխանատվության ու դրա բացակայությունից բխող խնդիրների մասին:

 

Փախուստ պատասխանատվությունից

 

-Չի կարելի երկրից, հայրենիքից հեռանալ այն ժամանակ, երբ հայրենիքդ քո կարիքն ունի: Նույն կերպ չի կարելի թողնել ծնողին, երբ վատ վիճակում է: Սա պատասխանատվության զգացում է նաև սիրո արտահայտում: Հեռանալ, փախչել, հետո ասել, թե սիրում ենք, սուտ է: Պետք է պատասխանատվություն վերցնել, քանի որ միայն ուտող բերան չենք, ունենք ուղեղ, սիրտ, մարդ ենք: Պատասխանատվությունը մարդկային է: Բաղադրիչներից մեկը սերն է: Այն պարտադիր պետք է լինի, բայց միայն սերը բավարար չէ: Պատասխանատվությունը ներքին ուժ է, պատասխանատու է ուժեղ մարդը:

 

Պատասխանատվությունն ու արվեստը

 

-Ինչի՞ համար է արվեստը: Ուղղակի ծաղիկ, միրգ նկարելն արվե՞ստ է: Իրականում, արվեստը գործ ունի: Նպատակը ուսուցանելն է, արատավորն ու լավը ներկայացնելը: Մեծ պատասխանատվություն է արվեստով բուժելը, սեփական դիրքորոշումներն արտահայտելը, որը պարտավոր է անել ցանկացած արվեստագետ: Հանրային լինելը ևս պատասխանատվություն է, քանի որ հանրային խոսքը լսելի է: Ես արվեստագետ եմ, զբաղվում եմ արվեստով, իմ արվեստն ասում է, որ այսօր ամեն բան վատ է, որ պետք է բուժել, որ պետք է վերադառնանք հոգևորին:

 

Յուրաքանչյուրս մեր հերթին…

 

-Պետք է բուժել մարդկանց մեր սեփական օրինակով, որպեսզի մարդիկ, տեսնելով մեր օրինակը, ցանկանան այդպիսին դառնալ: Ամեն մեկս մեր հերթին եթե այդպես գործենք, կստացվի: Մենք քիչ չենք: Պատերազմից հետո ես սկսեցի աշխատել մի խմբի հետ (Նուռը դասավանդել է 44-օրյա պատերազմի մասնակիցներին):

Երբ Էրիկ Գրիգորյանը եկավ ինձ մոտ, փշրված էր: Երիտասարդը մասնակցել էր պատերազմի, կորցրել էր տունը, ընկերներին, մարմնից մի մաս: Պատկերացրեք հոգևիճակը: Երբ եկավ ինձ մոտ, անգամ չգիտեր՝ ինչ է արվեստը: Հույս չունեի, որ մի բան կստացվի: Չգիտեմ՝ ինչը աշխատեց, հավանաբար ինչ-որ խոսք, ու հրաշք եղավ, մի բան փոխվեց Էրիկի մեջ: Էրիկը կայացավ՝ որպես արվեստագետ: Ես, մինչև կյանքիս վերջ, կրելու եմ պատասխանատվություն Էրիկի համար, քանի որ ես եմ իրեն աշխարհ բերել՝ որպես արվեստագետ:

 

Պատերազմի մասնակից քանդակագործի ու իր ապրեցնող քանդակների մասին հոդվածը կարող եք կարդալ ստորև՝ «Եթե ողջ եմ, պիտի անեմ». հավատում եմ, կարող եմ»: 

 

Պատասխանատվությունն ու կրոնը, լեզուն, մշակույթը

 

-Ազգը պետք է ունենա 3 հիմնասյուն՝ սեփական լեզու, կրոն, մշակույթ: Մենք ազգ ենք ու կրում ենք պատասխանատվություն մեր կրոնի, մշակույթի, լեզվի համար: Օրինակ՝ հոգևորականը պատասխանատվություն է կրում հոգևորի համար: Երբ հոգևորի կորուստ է, պետք է բարձրաձայնի, դրա դեմ պայքարի: Մշակույթի գործիչները մշակույթի, իսկ լեզուն կրողներս, պետք է պատասխանատվություն վերցնենք մեր լեզվի պահպանման համար: Անկիրթ՝ տարբեր լեզուներ խառնելով խոսելը պատասխանատվության բացակայություն է: Ի՞նչ արվեց մեր այսօրվա հարաբերությունների մշակույթի մեջ: Ներմուծվեց հայհոյանքը՝ համացանցում հաճախ անանուն օգտատերերի կողմից, որը պառակտելու գործիք է: Մենք պետք է պատասխանատվություն վերցնենք նաև մեզ վնասողների նկատմամբ:

Երբ անանուն, առանց դեմքի օգտատերերն ինձ գրում են բացասական մեկնաբանություններ, ես նրանց չեմ պատասխանում: Կարծում եմ, որ արժանի չեն իմ պատասխանին, քանի որ իրենց դեմքը չեն բացել: Եթե դեմքը բաց է, փորձում եմ բացատրել, սովորեցնել, բուժել:

 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-08-15
×