Ապրեցնել երաժշտությամբ, տալ անշահախնդիր սեր, հոգատար վերաբերմունք ու բարություն

Ապրեցնել երաժշտությամբ, տալ անշահախնդիր սեր, հոգատար վերաբերմունք ու բարություն

«Յուրաքանչյուր մարդ պետք է միջավայրը լուսավորի իր լույսով, այդ ձևով վկայի մեր կյանքում Աստծո սիրո ու գոյության մասին». այս միտքը դարձել է 21-ամյա Անդրեասի կյանքի ուղեցույցը: Որոշել է լուսավորել ոչ միայն իր կյանքը նաև շրջապատող միջավայրը: Երիտասարդ սաքսոֆոնահարը սեր ու լույս տարածելու բանաձևը գտել է: Նրան հաճախ կարելի է տեսնել եկեղեցում, ժամերգություններին ու Սուրբ Պատարագին՝ շապիկ հագած. սպասավորում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: 

 

Ինքդ քեզ բացահայտելու ճանապարհը

 

Հագեցած առօրյա, պարապմունքներ, երաժշտություն. այս ամենը չի խանգարում, որ առօրյայի մի զգալի հատված տրամադրի հոգևոր կյանքին: Անդրեաս Մկոյանը Սուրբ Պատարագին մասնակցում է փոքր տարիքից: Պատմում է, որ հոգևոր արժեքներով դաստիարակվել է տանը՝ երաժիշտների ընտանիքում, որտեղ հոգևորին մեծ տեղ է տրվում: Սուրբ Պատարագի խորհուրդը նորովի է բացահայտել, երբ սկսել է Խորան բարձրանալ: Եկեղեցում հանդիպել է տարբեր ոլորտների մասնագետների հետ, որոնք հավաքվել են մեկ վայրում՝ ստանալու իրենց հարցերի պատասխաններն ու գտել են ավելին:

 

«Հոգևոր կյանքը մեզ տալիս է խաղաղություն, իսկ մարդիկ, երբ ներդաշնակ են, ճիշտ որոշումներ են կայացնում: Հոգևորը առօրյան լցնում է, ապրեցնում է մեզ, թույլ է տալիս կատարելագործվել, ինքնակրթվել: Եկեղեցին մեզ տալիս է ամեն ինչ, բայց հարց է՝ մենք ի՞նչ ենք վերցնում, որքա՞ն ենք աշխատում մեզ վրա: Շատ կարևոր է գիտելիքի ճանապարհը: Ինքներս մեզ բացահայտելու համար՝ կարևոր է լավ ճանաչել Աստծուն: Այդ ամենը փոխկապակցված է»,- ասում է երիտասարդ երաժիշտը:

 

Հարցերի պատասխանները գտնելու համար՝ ազատ ժամանակ կարդում է հոգևոր գրականություն, զրուցում հոգևորականների հետ, Սուրբ Աննա և կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միությունում մասնակցում հոգևոր դասերի: Հոգևոր կյանքի միջոցով գտել է այն խաղաղությունը, որն օգնում է ոչ միայն առօրյայում նաև մասնագիտության մեջ:

 

«Երաժշտությունը փոխկապակցված է հոգևորի հետ, որի միջոցով կարծես հոգի ենք դնում երաժշտության մեջ: Հոգևորը կարծես ապրեցնում է երաժշտությունը, և այն այլ կերպ է հնչում»,- ներկայացնում է Անդրեասը։

 

Աստվածաշնչից մեջբերում է իր սիրելի խոսքերից մեկը. «Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի դառնան, թե Աստծով կատարվեցին» (Հովհաննես 3:20-21):

 

Երիտասարդը գտել է լույս տարածելու իր ճանապարհը՝ մարդկանց ապրեցնել երաժշտությամբ, տալ անշահախնդիր սեր, հոգատար վերաբերմունք ու բարություն:

 

Անի Ավագյան

  • 2024-08-22
×