Իրական հավատքի կատարյալ օրինակները

Իրական հավատքի կատարյալ օրինակները

Հովակիմի և Աննայի՝ Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

 

Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը նվիրված 9 օրերից հետո Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Հովակիմի և Սուրբ Աննայի հիշատակը: Նրանք աշխարհին պարգևեցին Տիրամորը: Հայ Առաքելական Եկեղեցին նույն օրը տոնախմբում է նաև Յուղաբեր կանանց հիշատակությունը: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման ու խաչելության ականատեսներն են, Տիրոջ Հարության առաջին ավետաբերները: 

 

Աննա և Հովակիմ. ավանդությունը պատմում է…

 

Մարիամը սերում էր քահանաների ու թագավորների տոհմից: Նրա ծնունդն ավետել է հրեշտակը: Աննան ու Հովակիմը երկար տարիներ ամուսնացած էին, բայց չէին կարողանում երեխա ունենալ: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում զոհ մատուցել, քանի որ նա անզավակ է: Վշտացած Հովակիմը լեռ է բարձրանում՝ երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Աննան էլ աղոթում էր տանը: Ի վերջո, երկուսին էլ հայտնվում է հրեշտակն ու ավետում, որ զավակ են ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ՝ թարգմանաբար լուսավորյալ: Ինչպես ուխտել էին, Մարիամին ընծայում են տաճարին, որտեղ նա ապրում է աղոթքով, դաստիարակվում՝ լույսով։  

 

Աստվածածնի ծնողների հիշատակության օրը պատգամում է մեզ երբեք հավատը չկորցնել, լինել խոնարհ, ապավինել Աստծուն, նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը.

 

«Ավանդությունը պատմում է Հովակիմի և Աննայի աստվածահաճո միության, սրբակենցաղ վարքի և բարեպաշտ կյանքի մասին: Նրանք վստահեցին Աստծուն, չտատանվեցին հավատքի մեջ: Պատահական չէ, որ հենց նրանք պիտի լույս աշխարհ բերեին Աստվածածնին՝ կատարյալ օրինակ իրական հավատքի, խոնարհության: Աստվածամայրը դաստիարակվեց՝ որպես Աստծո խոնարհ զավակ ու լույս աշխարհ բերեց մեր Փրկչին»:

 

Յուղաբեր կանայք

 

Հիսուսի քարոզչության ընթացքում Նրան հետևում էին ոչ միայն աշակերտները նաև որոշ կանայք, որոնք մինչև վերջ հավատարիմ մնացին Քրիստոսին, չվախենալով հետևանքներից ցուցաբերեցին մեծ քաջություն:

 

Ըստ Տեր Պարթևի՝ կանայք կոչվեցին Յուղաբեր, քանի որ Տիրոջ թաղումից հետո անուշահոտ յուղի սրվակներով գնացին Տիրոջ մարմինն օծելու՝ ըստ հրեական սովորության: Նրանք իրենց հավատարմության և նվիրվածության համար արժանացան՝ առաջինը տեսնելու հարուցյալ Քրիստոսին:

 

Յուղաբեր կանայք էին՝ Մարիամ Մագդաղենացին, որից Հիսուսը «յոթ դև էր հանել»: Մյուս Մարիամը ծանոթ է նաև՝ որպես Հակոբի և Հովսեփի մայր Մարիամ, Կղեովպայի Մարիամ: Երրորդ կինը Սողոմեն է՝ Հակոբոս և Հովհաննես առաքյալների մայրը և ձկնորսապետ Զեբեդեոսի կինը: Ղուկասի Ավետարանում այդ կանանց մեջ հիշվում է նաև Հովհաննան՝ Հերովդեսի հարյուրապետներից Քուզայի կինը: 

 

Այս կանանց օրինակը պատմում է անձնազոհ սիրո ու հավատի, մերձավորին ծառայելու մասին: Պատահական չէ, որ Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակությունը տոնախմբում ենք նույն օրը: 

 

«Իրենք անգամ ամենադժվար ժամանակ, ամենամեծ նեղության պահին չդավաճանեցին Աստծուն, իրենց հավատքի մեջ մնացին հավատարիմ, չուրացան: Դարձան իրական հավատքի կատարյալ օրինակներ»,- նշում է Տեր Պարթևը: 

 

Անի Ավագյան

 
  • 2024-08-27
×