Բացահայտելով ինքդ քեզ ու աշխարհը

Բացահայտելով ինքդ քեզ ու աշխարհը

17-ամյա Ռազմիկը 5 տարեկանից երաժշտության աշխարհում է: Դհոլահար է, նաև նվագում է թառ, մասնակցում է համերգների: Սովորում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում: Փոքր տարիքից երաժշտությունն իր առօրյայի գլխավոր հատվածն է զբաղեցնում, բայց իր կյանքը չի պատկերացնում նաև առանց հոգևորի: Սպասավորում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Ամեն ինչ սկսվել է, երբ տարիներ առաջ մասնակցել է եկեղեցիների համայնքի կողմից կազմակերպված ճամբարին: Հոգևոր երաժշտությունը, շարականները, հոգևորականների հետ զրուցներն անմիջապես գրավել են, ու կյանքում ունեցած իր պատկերացումները, հայացքներն ամբողջովին փոխվել: Գտել է՝ սեփական անձն ու աշխարհը բացահայտելու ճանապարհը:

 

«Նախկինում հաճախ չէի լինում եկեղեցում: Հետագայում ինձ համար նորովի բացահայտեցի Սուրբ Պատարագի խորհուրդը, սկսեցի Սուրբ Գիրք կարդալ, որը թեև բարդ է հասկանալը, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է: Կյանքս կարծես փոխվել է: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ինձ համար դարձել են շատ հոգեհարազատ վայրեր: Ամեն կիրակի այնտեղ եմ, մասնակցում եմ նաև ժամերգություններին, Խորան եմ բարձրանում»,- պատմում է Ռազմիկը:

 

Այսօր շատ է զրուցում հոգևորականների հետ, ստանում հուզող հարցերի պատասխանները, «Գանձեր» երիտասարդաց միությունում մասնակցում հոգևոր դասերի: Ինքն իր համար բացահայտել է նոր Ռազմիկի: Հոգևոր կյանքն օգնել է, թե՛ առօրյա կյանքում, թե՛ մասնագիտության մեջ՝ լրացնելու բացերը: 

 

«Դարձել եմ ավելի հանգիստ, խաղաղ, ներդաշնակ: Նախկինում համերգներից առաջ շատ էի լարվում, այսօր ավելի վստահ եմ: Փորձում եմ ամեն ինչի մեջ լավը գտնել: Սկսել եմ շատ բաներ հասկանալ, նախկինում լրիվ այլ պատկերացումներ ունեի»,- նշում է Ռազմիկը 

 

Ուրախ է, որ իր խորհրդով էլ այսօր իր ընկերներն են ավելի հաճախ լինում եկեղեցում, մասնակցում Սուրբ Պատարագի: Դուրս գալուց հասկանում են, որ իրենց կյանքում ինչ-որ բան փոխվել է՝ դեպի լավը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-08-28
×