Հայ հոգևորականների դերը Օշականի ճակատամարտի ընթացքում

Հայ հոգևորականների դերը Օշականի ճակատամարտի ընթացքում

Դարերի ընթացքում ի՞նչ դեր ունեին հոգևորականները հայ ժողովրդի կյանքում և հատկապես ռուս-պարսկական ամենաարյունալի՝ Օշականի ճակատամարտի ընթացքում և դրանից հետո:

 

Հարցերի պատասխաններն օրերս ներկայացրել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը՝ Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանը: Այն նվիրված էր Օշականի ճակատամարտին: Ներկաները քննարկել են, թե ինչ տվեց վճռորոշ կռիվը հայ ժողովրդին, ինչ հետևանքներ ունեցավ և ինչպես անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը: Կոնֆերանսը կազմակերպել էր Երևանում ռուսական տունը:

 

«Մեր առաքելահիմն Եկեղեցին ժամանակի ընթացքում դարձավ ոչ միայն մարդկանց կրոնական պահանջները բավարարող կառույց նաև դարեր շարունակ եղել է և կլինի երաշխավորը հայ ժողովրդի անկախության, ինքնության պահպանման: Երբ հայ ժողովուրդը կորցրեց պետականությունը, տարբեր երկրների լծի տակ էր, Եկեղեցին կառավարումը վերցրեց իր ձեռքը»,- նշում է քահանան՝ հիշեցնելով նաև Օշականի ճակատամարտում հայ հոգևորականների դերի ու գործուն մասնակցության մասին:

 

197 տարի առաջ՝ 1827 թվականին, Օշական գյուղի մերձակայքում արյունահեղ մարտ է կայացել պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջև, որի կազմում կռվում էին նաև հայ կամավորները: Նրանք շտապում էին օգնության պարսիկների կողմից անսպասելի հարձակման ենթարկված և պաշարված Էջմիածնի վանքին: 

 

Քննարկմանը Տեր Շմավոնը հիմնական ելույթը նվիրել է երկու ականավոր հոգևորականների՝ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու գործունեությանը: 

 

«Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը գործուն մասնակցություն է ունեցել իրադարձություններին, հսկայական ջանք է թափել՝ Մայր Աթոռը վտանգից զերծ պահելու համար: Ներսես Աշտարակեցին ևս ոգեշնչում էր հայրենակիցներին:Նա նաև հավաքագրել է կամավորներ, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին: Ծավալել է բուռն կրթական գործունեություն»,- նշում է Տեր Շմավոնը:

 

Չնայած պարսկական բանակի թվային գերազանցությանը, ռուսական ռազմական ջոկատը, հայ կամավորների հետ միասին, ճեղքել է Էջմիածնի վանքի պաշարումը, կարողացել պաշտպանել այն: Արյունալի ճակատամարտն ավարտվել է ռուսական զորաջոկատի և հայկական կամավորների հաղթանակով: 

 

Հետագայում, Օշական գյուղի մերձակայքում, Էջմիածնից ոչ հեռու, Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ կանգնեցվել է հուշակոթող, որը պատմում է ճակատամարտում քաջաբար մարտնչաց զինվորների մասին, որոնց բացառիկ խիզախության գնով հնարավոր եղավ փրկել Էջմիածինն ավերումից: 

 

Հայ-ռուսական համալսարանում թեմային անդրադարձել են նաև այլ մասնագետներ, մի շարք գիտնականներ: 

  • 2024-09-03
×