Մենք պետք է կարողանանք պայքարել, պաշտպանել մեր հավատքը, Եկեղեցին, սրբությունները, հայրենիքը

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Մենք պետք է կարողանանք պայքարել, պաշտպանել մեր հավատքը, Եկեղեցին, սրբությունները, հայրենիքը

Մենք պետք է կարողանանք պայքարել, պաշտպանել մեր հավատքը, Եկեղեցին, սրբությունները, հայրենիքը

Ո՞վ ենք մենք, ի՞նչ առաքելությամբ: Այսօր, երբ շարունակ լսում ենք ատելության, իրար չհանդուրժելու մասին, երբ մարդիկ իրար չեն նկատում, չեն լսում, չեն սիրում, ինչպե՞ս պետք է ապրի քրիստոնյան:

 

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը ցավով է նկատում, որ շարժվում ենք սխալ ուղղությամբ: Հիշեցնում է՝ միայն մկրտվելով կամ մատաղ անելով քրիստոնյա չեն դառնում:

 

Քրիստոնյաները՝ խավարը լուսավորողներ

 

Եթե ցանկանում ենք, որ մեր հոգին լինի կենդանի, արթուն վիճակում, պետք է մասնակցենք Սուրբ Պատարագի, Հաղորդություն ստանանք. հոգևորականի հորդորն է: Կարծում է՝ մարդիկ, որոնք հաճախ են մասնակցում Պատարագի, ավելի քիչ են մոլորվում, սխալներ թույլ տալիս: Հակառակ դեպքում, մարդիկ ընկնում են հոսանքի մեջ, չեն սնում իրենց հոգին, որը դրա կարիքն ունի:

 

«Քրիստոնեությունը կյանք է, ապրելակերպ: Քրիստոնյան պետք է շարունակ մտածի ապաշխարելու մասին, պետք է ինքն իրեն ուսումնասիրի, տեսնի իր հոգին: Սուրբ Հաղորդությունը հաստատուն է պահում կապն Աստծո հետ: Հաղորդություն ստացած մարդը խոսում է Աստծո հետ: Սկսում է հետևել իր մտքերին, ցանկություններին, ձեռք է բերում ներքին խաղաղություն: Աշխարհն ալեկոծվում է, իսկ եկեղեցին նավ է, եթե ալեկոծությանը նավի մեջ չլինես, չես դիմանա»,- նշում է Տեր Թովման:

 

Հոգևորականը հավելում է՝ քրիստոնյան պետք է հետևի ինքն իրեն ու իր ընտանիքին, դառնա օրինակ՝ խավարի մեջ լուսավորելու:

 

Բարկություն և կարծեցյալ արժանիքներ

 

Ինչպե՞ս ճիշտ գործել, երբ շուրջբոլորը տարածված են արատավոր երևույթներ: Տեր Թովման հարցին պատասխանելիս մեկ այլ ոչ ընդունելի երևույթի մասին է խոսում: Հաճախ մենք չենք բարկանում վատ արարքի, անարդարության, անազնվության, մեղքի դեմ` պարզաբանելով, թե խոնարհ ենք, ըստ քահանայի՝ պարզապես արդարացնում ենք մեր անգործությունը, խեղճությունը, մինչդեռ քրիստոնյան չի կարող աչք փակել մեղքի դեմ: Փոխարենը, չնչին պատրվակով բարկանում ենք մերձավորի վրա, ատում մեր եղբորը: Հիշեցնում է Եսայի Ճգնավորի խոսքը.

 

«Կա բնական բարկություն, առանց որի հնարավոր չէ ձեռք բերել մաքրություն: Հնարավոր չէ այն ձեռք բերել, եթե չբարկանանք այն ամենից, ինչը մեր մեջ թշնամին է մտցնում: Առանց մեղքի և դևերի հանդեպ ատելության, չի բացվում հոգու փառքը: Այդ ատելությունը մեր մեջ ձևափոխվել է՝ մերձավորի հանդեպ հակաբնական ատելությամբ»:

 

Շարունակում է՝ կան կարծեցյալ արժանիքներ, որոնց մեջ ոչ սեր կա, ոչ կատարելություն: «Կան առաքինություններ, որոնք հաճելի չեն Աստծուն, և դա չարի խաբեությունն է». ասում է Եզնիկ Կողբացին:

 

«Քրիստոնյան չի կարող խեղճ լինել: Սա կեղծ խոնարհություն է: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր հավատքը, Եկեղեցին, սրբությունները, հայրենիքը: Պետք է պայքարենք: Մեր հայրենիքը սրբավայր է: Մենք գալիս ենք եկեղեցի, աղոթում ենք, դիմում խնդրանքներով, բայց հանգիստ նայում ենք՝ ինչպես են բզկտում մեր հայրենիքը:Դա մեղք է, և մենք հատուցելու ենք»,- նշում է քահանան:

 

Սերը

 

Տեր Թովման հիշեցնում է մեր Եկեղեցու վարդապետներից Գրիգոր Նյուսացու խոսքը, ըստ որի՝ հավատացյալները բաժանվում են չորս խմբի: Առաջին աստիճանին կանգնած են այն մարդիկ, որոնք գալիս են եկեղեցի, քանի որ նյութական շահ ունեն, խնդրանք: Այդ մարդիկ, ցավոք, մեծամասնություն են: Երկրորդ աստիճանին կանգնած են մարդիկ, որոնք ներքուստ ունեն խոսակցություն Տիրոջ հետ և վախ՝ պատժվելու: Երրորդ աստիճանին մարդիկ են, որոնք եկեղեցու, Աստծո հետ շփվելու կարիք ունեն: Չորրորդ աստիճանին կանգնած են մարդիկ, որոնք անկեղծ սիրում Աստծուն: 

 

Քահանան կարծում է, որ այս աշխարհում պակասել է սերն ու շատացել չարությունը: Շատ չեն նրանք, ովքեր անկեղծ սիրում են իրենց կողքին ապրող մարդկանց ու Տիրոջը, բայց վստահ է, որ իրապես սիրող մարդիկ կան ու հույս ունի, որ նրանք օրինակ կլինեն, կշարունակեն լուսավորել մութ ժամանակները: 

 

Անի Ավագյան

  • 2024-09-11
×