Մահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոն

Մահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոն

Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը

 

Սեպտեմբերի 15-ին եկեղեցիներում կկատարվի խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, քանի որ նշելու ենք Խաչին նվիրված տոներից ամենակարևորը: Օրվա մասին է պատմում սրբազան ավանդությունը, որը միայն անցյալում կատարված դեպք չէ, այլ կարևոր խորհուրդ ունի մեզ համար:
 

Տոնի խորհուրդը ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:


Սրբազան ավանդությունը վկայում է…


Խաչվերացի ավանդության հիմքում չկա Քրիստոսի անմիջական ներկայությունը՝ ի տարբերություն Սուրբ Ծննդի, Հարության, Պայծառակերպության տոների, սակայն այն ևս տաղավար է՝ խորհրդանշելով մարդու հավատն Աստծո նկատմամբ, տնօրինական իրադարձությունների վերապրումը յուրաքանչյուր մարդու կյանքում, նշում է Տեր Տիգրանը: Տոնը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է՝ խաչը վեր բարձրացնել: 


Ըստ ավանդության՝ 610 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը, Հռոմի Հերակլ կայսեր հետ պատերազմելիս, հաղթանակ է տանում, գրավում Երուսաղեմը: Սրի է քաշվում և գերեվարվում տեղի բնակչությունը: Զինվորներն իրենց հետ տանում են նաև Հիսուս Քրիստոսի Խաչափայտը: 628 թվականին Հունաց Հերակլ կայսրը ներխուժում է Պարսկաստան, պատերազմում հանուն Խաչափայտի: Կայսրը հաղթանակում է և Պարսկաստանից թափորով խաչը վերադարձվում է Երուսաղեմ: Ավանդությունը վկայում է, որ ճանապարհին Խաչափայտն անցնում է նաև Հայաստանով, որտեղ պարսիկները նորից են փորձում ետ վերցնել այն, բայց հայերը հետ են մղում հարձակումը և Խաչի տեղում մի աղբյուր է բխում: Վայրը հետագայում դառնում է ուխտատեղի: 


Խաչը՝ կյանքի խորհրդանիշ


Հռոմեացի փիլիսոփա Ցիցերոնն ասում էր, որ մարդկությունը երբեք ավելի դաժան մահապատիժ չէր մտածել, քան խաչելությունը: Խաչյալը մարմնի բոլոր բջիջներով զգում էր ցավը, քանի որ գամերը մեխվում էին նյարդային հանգուցների վրա: 


Ինչո՞ւ է ժամանակին մահվան այդքան դաժան գործիքն այսօր երկրպագելի մեզ համար:


 «Խաչը Տիրոջ խաչելությունից հետո ասոցացվեց կյանքի հետ: Տերը մահով մահվանը հաղթեց: Մահը վերափոխվեց կյանքի: Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ: Սա մարդու փրկության և կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է Տեր Տիգրանը: 


Խաչը մահվան գործիք էր հեթանոսների համար, ովքեր չէին ճանաչում ճշմարիտ Աստծուն։


«Այն մարդիկ, որոնք չենք ճանաչում ճշմարիտ Աստծուն, խաչը շարունակում է մնալ մահվան գործիք»,- հիշեցնում է քահանան ու մեջբերում ավետարանական խոսքը, որն արդի է նաև մեր ժամանակների համար. «Խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն» (Կորնթացիներին 1:18):


Գտնել ու այլևս չկորցնել խաչը 


Սուրբ Խաչի տոնն ունի հստակ ուղերձ յուրաքանչյուրիս համար, քանի որ  Աստված մեզ ճանաչում է անհատապես։ Սուրբ Գրքում մարդու անձնական ընկալումը կարևոր տեղ է գրավում: Աստված Մովես մարգարեին անունով կանչեց, առաքյալներին դիմում էր անունով: 


«Աստված իր արյունը հեղեց բոլորի համար, ով ընդունում է և ճանաչում Տիրոջը՝ որպես Փրկիչ: Իր արյունով մաքրեց բոլորիս: Այս տոնը անհատապես յուրաքանչյուրիս համար, միգուցե մեր կյանքում կորցրած խորհրդի, Խաչի և Խաչյալի հանդեպ հավատքի վերագտնումն է»,- մեկնաբանում է Տեր Տիգրանը: 


Տոնը պատգամում է գտնել ու այլևս չկորցնել խաչը սեփական անձի մեջ, իսկ գտնել, նշանակում է ընկալել մտերմությունն Արարչի հետ: 


«Տոնն ունի Տիրոջ խաչելության հարատևության, մշտապես արդիականության, մեր կյանքում Աստծո արյան մշտամնա ներկայության խորհուրդը»,- հավելում է քահանան:


Տոնը՝ եկեղեցում 
 

Սուրբ Խաչի տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով, ռեհանով։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը, որը խորհրդանշում է Խաչափայտը՝ Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն խնդրելով Աստծուց։ Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը: Հաջորդ օրը մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:


Անի Ավագյան

 
  • 2024-09-14
×