Հույսի և վերհառնումի Մյուռոն

Հույսի և վերհառնումի Մյուռոն

Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մի հարկի տակ էին հավաքվել մշակութային,  հասարակական ու քաղաքական գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ, բարերարներ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, օրհնվեց Մյուռոնը:

 

Նախքան Մյուռոնօրհնությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ, Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջերի և «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողության ներքո, ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի Բաց խորան, որտեղ տեղի ունեցավ բուն արարողությունը: 

 

Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով: 

 

Հայոց Հայրապետը Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսայի մեջ լցրեց ծաղկանց նյութը և բալասանը, այնուհետև Անթիլիասում օրհնված Մյուռոնը նաև հին Մյուռոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը խառնեց Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Սուրբ Խաչով, Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։ Կաթսան ծածկվեց շղարշով: 

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայությանը, նշեց՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը մեզ հիշեցնում է նվիրական օրերը հայոց դարձի.

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ, բիբլիական Արարատի վեհապանծ հայացքի ներքո, մեր ժողովուրդը մկրտվեց և օծվեց մեր Տիրոջ կողմից օրհնված և Սուրբ Թադեոս առաքյալի միջոցով Հայաստան բերված սուրբ յուղով և մեկ դարձավ Քրիստոսով ու իր Սուրբ Եկեղեցիով։ Ազգս հայոց շնորհը ստացավ լինելու Աստծո սեփական ժողովուրդ և առաջինը աշխարհում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն։ Հավատակերտ այդ ժամանակներից ի վեր փրկության սուրբ լեռն Արարատ և Միածնաէջ Մայր Տաճարը դարձան սրբազան և անջնջելի խորհրդանիշ մեր հավատքի ամրության և հայոց հավերժ լինելության»։

 

Հայոց Հայրապետը հիշեցրեց՝ Սրբալույս Մյուռոնը դարեդար միմյանց է շաղկապել աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, միավորել հայրենիքն ու սփյուռքը։ 

 

«Սուրբ Մյուռոնով մենք մեկ ազգ ենք և մեկ Եկեղեցի։ Այսօր էլ Սուրբ Մյուռոնը, Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով ընծայվելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին, վերստին ամրապնդում է ի հոգևորս անլուծանելի մեր միասնականությունը։ Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»։ 

 

Մյուռոնօրհնության արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ Հայոց Հայրապետը վերստին դիմեց միջազգային հանրությանը, մեր քույր Եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ 

 

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը: Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության»,- իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիրկոսը և հորդորեց՝ արցախահայերին՝ աննկուն և անվհատ դիմագրավել նեղություններն ու դժվարությունները.

 

«Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»:

 

Արարողությունն ավարտվեց Տերունական աղոթքով։

 

Ըստ ձևավորված ավանդույթի՝ սրբազան արարողությունը կատարվում է 5-7 տարին մեկ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-09-29
×