Հիմնանորոգությունից հետո, Վարագա Սուրբ Խաչի տոնին, Մայր Տաճարը բացեց դռները՝ վերաօծված:
Արդեն կարելի է մուտք գործել Տաճար ու զմայլվել որմնանկարներով, որոնք ստացել են իրենց նախկին գույները: Փակված են գմբեթի ճաքերը, ամրացված սյուներն ու պատերը:
Սեպտեմբերի 29-ին՝ Տաճարի վերաօծման արարողությանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներ ու ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած ուխտավոր հայորդիներ:
Հայրապետական հանդիսավոր թափորը Վեհարանից շարժվեց դեպի Մայր Տաճար։ Ամենայն Հայոց Հայրապետը և Կոստանդնոպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, օրհնեցին ներկա ժողովրդին։
Հանրությանն ուղղված իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց՝ Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։
«Սուրբ Էջմիածնից ճառագող երկնային լույսով ու շնորհներով է շողարձակել հավատքը ազգիս զավակների սրտերում և ամրապնդվել սերը հայրենիքի հանդեպ։ Հայոց սրբօրրանի ներշնչանքով են ստեղծվել հայոց գիրն ու դպրությունը, ոգի ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։ Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, և նրա օրհնաբեր կամարների ներքո են մխիթարություն ու հանգստություն գտել փորձությունների ու նեղությունների ենթարկված, այլև Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշեցրեց՝ Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։
«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին: Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ հղեց հայ ժողովրդին՝ մեր բարեպաշտ նախնյաց նմանությամբ հայրենյաց և Սուրբ Էջմիածնի սիրով պաշտպանել մեր երկիրն ու մեր սրբությունները:
«Հույսով ու լավատեսությամբ լծվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա։ Ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության ու համերաշխության ոգին։ Մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողությունն ու քինախնդրությունը։ Զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից»։
Ուղերձից հետո Կաթողիկոսը «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ հանձնեց Տաճարի վերակառուցման բարերարներին և նրանց կանանց։ Տերունական աղոթքից հետո մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Մայր Տաճարը, բազմամյա իր պատմության ընթացքում, մի քանի անգամ վերանորոգվել է Հայոց կաթողիկոսների, իշխանների, ազգային բարերարների, հավատացյալ հայորդիների նվիրատվություններով: 2012 թվականից մեկնարկած աշխատանքները կատարվել են Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ, հսկողությամբ և ազգային-եկեղեցական բարերարների, նվիրատուների, աշխարհասփյուռ բարեպաշտ հայորդիների մասնակցությամբ: