Եթե ուզում ես՝ լինի սեր, ներդաշնակություն, պետք է լինի աստվածային խաղաղությունը

Եթե ուզում ես՝ լինի սեր, ներդաշնակություն, պետք է լինի աստվածային խաղաղությունը

Ներդաշնակություն, խաղաղություն, սեր կարող է փոխանցել Եղիազարյանների փոքրիկ ընտանիքը: Խնդիրները, խոչընդոտներն իրենց համար վախենալու չեն, որովհետև դրանք հաղթահարում են կողք կողքի: Ընթացքը բարդ չէ, քանի որ գիտեն՝ որ ուղղությամբ ընթանալ:

 

 

Սիրում են, իրար աջակցում, լրացնում ու շարժվում առաջ:

 

Եկեղեցին խաղաղեցնում է, օգնում, ամրացնում, սովորեցնում…

 

Ամեն կիրակի Եղիազարյանների ընտանիքին կարելի է տեսնել եկեղեցում. մասնակցում են Սուրբ Պատարագի: Նարեկը սպասավորում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Նրա կինը՝ Մարիամ Պիվազյանը, երիտասարդաց միության անդամ է: 

 

«Եկեղեցին խաղաղեցնում է, թույլ տալիս հասկանալ՝ ինչ է քեզ պետք այս կյանքում». կարծում է 27-ամյա Մարիամն ու վստահեցնում՝ իր կյանքում, իր ընտանիքի ձևավորման ու ամրապնդման հարցում եկեղեցու դերը մեծ է.

 

«Եկեղեցին մարդու ինքնաճանաչողության համար ամենամեծ կապող օղակն է: Երբ սկսում ես ճանաչել Քրիստոսին, հասկանում ես, որ դա է այն ճանապարհը, որ կարող ես ինքդ քեզ ճանաչել: Նա, ով մասնակցում է Սուրբ Պատարագի, իր ներաշխարհն այնքան գեղեցիկ է: Նա բոլորի մեջ լավն է տեսնում, որովհետև իր մեջ գեղեցիկը շատ է»:

 

Նարեկն ու Մարիամը ծանոթացել են դեպի Էջմիածին ուխտագնացության ժամանակ: Երիտասարդի լրջությունը, հասունությունը գրավել են Մարիամին: Երկրորդ անգամ հանդիպել են տարիներ անց՝ կրկին եկեղեցում: Միասին մասնակցել են ժամերգությունների, մտերմացել: Ամուսնացել են ու իրենց աղջկան անվանել Աննա՝ Սուրբ Աննա եկեղեցու անունով: 

 

«Ամբողջ հղիությանս ընթացքում մասնակցել եմ Սուրբ Պատարագի: Դժվար էր, բայց փորձում էի, որ երեխաս դեռ չծնված սովորի մասնակցել: Այժմ, երբ առավոտյան արթնանում է, հարցնում է՝ եկեղեցի գնալո՞ւ ենք: Իմ բալիկը երկու տարեկանում «Հայ Մեր»-ն է ասում»,- պատմում է Մարիամը:

 

Կողք կողքի

 

Ոչ միայն ընտանիք կազմելիս, այլև հետագայում՝ խնդիրները լուծելու, ընտանիքում ներդաշնակ միջավայր ձևավորելու հարցում, մեծ է եղել եկեղեցու դերը: 

 

«Նարեկը միշտ ասում է՝ եթե ուզում ես՝ լինի սեր, ներդաշնակություն, պետք է լինի աստվածային խաղաղությունը: Եթե քո հոգում ունենաս այդ խաղաղությունը, ինձ կփոխանցես, ես էլ՝ քեզ: Այդ ժամանակ կավելանան սերն ու ներդաշնակությունը: Մեզ մոտ այս ամենը կարծես ստացվում է: Եթե վստահում ես դիմացինին, քո ներսում այդ խաղաղությունը լինում է: Խաղաղության գրավականը ներողամտությունն է: Եթե կարողանում ես ներել դիմացինին, այդ ներդաշնակությունն ու խաղաղությունը քո մեջ լինում են: Նարեկն ինձ հանդիպած ամենաներողամիտ, զիջող մարդկանցից է»,- նշում է մեր զրուցակիցը:

 

Ընտանիքում փորձում են բոլոր հարցերում՝ նաև աշխատանքում միմյանց աջակցել: Ունեն համատեղ բիզնես, զբաղվում են լազերային հաստոցի աշխատանքներով: Իրենց ապրանքանիշի անվանումը «Փայտարար» է: Միասին ստեղծում են փայտից աշխատանքներ: Նարեկն ամեն ինչով աջակցում է, որ կինը հասցնի լինել տանը՝ երեխայի հետ, այցելի եկեղեցի, զուգահեռ՝ մասնակցի դասընթացների և աշխատի: Գործին, իր փոքրիկ մատներով, միանում է 2-ամյա Աննան. առանձնացնում է դետալներ, տեսակավորում:

 

«Մենք գիտենք, որ ամեն մեկս ունենք մեր պարտականությունները: Նարեկը մեր ընտանիքի գլուխն է: Ես բռնկվող եմ, նա՝ ավելի հանգիստ, կշռադատված, կարողանում է առավել հեռուն նայել: Մենք միմյանց լրացնում ենք: Ես գիտեմ, որ ամուսնուս պետք է փոխանցեմ հանգստություն, խաղաղություն, որ կարողանա իր բոլոր գործերը ճիշտ կատարել»:

 

Կենցաղային հարցեր, հոգսեր, երեխայի խնամք ու աշխատանք, դասընթացներ. Մարիամն այժմ փորձում է ամեն կերպ հասցնել՝ ժամանակ տրամադրել հոգևոր կյանքին: Վստահ է՝ այն անհրաժեշտ է իր ընտանիքի ամրության համար: Եկեղեցու շնորհիվ սովորում է սիրել, փնտրել, աջակցել, հասկանալ, որ դժվարությունները հաղթահարելի են՝ Աստծով:

 

Անի Ավագյան

 
  • 2024-10-01
×