Սերը փոխում է աշխարհը, կյանքը, մարդուն: Սիրո տոն է տարին 365 օր: Ու թերևս այս սերն ունենալով է, որ հայոց տոնացույցում ունենք սիրո տոն՝ սիրո բարեխոս Ս. Սարգիս: Ս. Սարգսի տոնը նշվում է ոչ միայն աղոթքներով, այլ հատուկ ու միայն հային բնորոշ ավանդույթներով:
Յուրաքանչյուր գյուղ տոնը նշելու իր ավանդույթն ունի, բայց բոլոր տարբերությունների մեջ կա մեկ ընդհանուր բան՝ սերը: Ավանդույթները տարբեր են, սերը մեկն է:
Արագածոտնի մազի Շենավան գյուղում Ս. Սարգիսը ժողովրդական պատկերացումներով գորշ կամ սպիտակ ձիով քաջազուն էր, որ շրջում էր հայոց լեռներում: Նա օգնության էր հասնում այն երիտասարդ աղջիկներին, ում ամուսնացնում էին իրենց կամքին հակառակ: Երիտասարդներն իրենց աղոթքներում դիմում էին Ս. Սարգսին ու օգնություն խնդրում նրանից. «Մուրազատու Ս. Սարգիս, դու հասնիս մեր երկուսին»:
Մեկ այլ ավանդույթ էլ պատմում է, որ երբեմն ծնողների կամքին հակառակ երիտասարդները փախչում էին իրար հետ ու ծնողների զայրույթը մեղմելու համար աղոթում էին արագահաս սրբին:
Գյուղում ասում են, որ Ս. Սարգսի այցելությունների շրջանը փետրվարն էր, երբ ձյուն էր, քամի ու ձնամրրիկ, իսկ մեր հարևան վրացիները փետրվարյան այդ օրերն ու քամիներն անվանում էին Ս. Սարգսի կամ հայերի քամիներ:
Սրանցից բացի գյուղում Ս. Սարգիսը նշելու այլ տարբերակներ էլ կային:
Աղի բլիթը Ս. Սարգսի տոնի խորհրդանիշն էր: Տոնին նախորդող հինգ օրերին հայ ընտանիքներում պաս էին պահում: Առաջավորաց կոչվող պահքի օրերին արգելված էին կենդանական ծագման ուտեստները: Տոնի նախորդ օրը երիտասարդներն աղաբլիթ էին ուտում, մյուս կեսն էլ պահում ու բարձի տակ դնում՝ հուսալով երազում տեսնել ապագա կողակցին, ով ջուր կտար իրենց:
Երբ մութն ընկնում էր, սկուտեղով փոխինդ էին դնում տանիքին՝ հավատելով մեկ այլ ավանդույթի ճշմարտացիությանը. եթե առավոտյան Ս. Սարգսի ձիու պայտի տեղը դաջված էր լինում փոխնդի վրա, ապա դա նշանակում էր, որ այդ տարի ընտանիքում հարսանիք կլինի: Հետո այդ փոխնդից քաղցր գնդիկներ էին պատրաստում ու բաժանում չամուսնացած երիտասարդներին:
Մեկ այլ ավանդույթ էլ պատմում է, որ եթե քաղցր գնդիկների մի մասը դրսում բարձր մի տեղ դներին, թռչունններն էլ կտցահարեին, ապա այդ տարի բախտավորությունն այդ ընտանիքից անպակաս կլիներ: Հետևում էին նաև, թե որ կողմ կգնա թռչունը. որ կողմ որ թռչեր, այդ կողմից էլ կգար ապագա սերը: Այդ փոխնդից տարեցները նաև շաղ էին տալիս դաշտերում՝ հավատալով, որ այդ տարի կարկտահարություից ու այլ փորձանքներից հեռու կլինեին:
Ոչ վաղ անցյալում, Ս. Սարգսի տոնին շատ էին հարսանիքները: Իսկ ապագա հարսի տեղը մատնանշելու համար մեծերը յուրօրինակ եղանակ էին գտել: Աթարից ամրոց էին պատրաստում ու ցախավել դնում գագաթին, որն էլ նշանակում էր, որ այդ տանը չամուսնացած աղջիկ կար: Տուկերի տակ քաղցր կոնֆետներ էին դնում՝ որպես շնորհակալություն սրբին՝ երջանկության ու բախտավորության համար:
Ավանդույթները շատ են, տոնն էլ՝ բացառապես հայկական: Դեռ հնուց էլ սերը դրսևորելու, երջանկություն տարածելու ու տարին ջերմությամբ լցնելու այս եղանակներից շատերն այսօր չկան, բայց պատմություններն ու տոնի կարևոր խորհրդանիշները եկել ու մեզ են հասել:
Ժամանակն անցել է, բայց մնացել այն գիտակցումը, որ սիրո կրակը երբեք չի մարում, հերիք է մի թեթև քամի՝ այն կրկին բորբոքելու, ավելի ուժգին վառելու ու տարածելու համար:
Սուսաննա Գրիգորյան