Աջակցություն՝ ծնողազուրկ երեխաներին

Աջակցություն՝ ծնողազուրկ երեխաներին

Հոկտեմբերի 5-ին գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Արարատյան Հայրապետական թեմի ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուների հետ:

 

Տարիներ շարունակ Գերմանիայում բնակվող բարերարները գալիս են Հայաստան՝ օգնելու հայ երեխաներին: 2024 թվականին շուրջ 47 ընտանիքի 76 ծնողազուրկ երեխա կստանա դրամական աջակցություն և նվերներ:

 

Միջոցառումը ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Եսայի քահանա Արթենյանը շնորհակալական խոսք ուղղեց բարերարներին և փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի տնօրեն Կարեն Բուռնազյանը:

 

Հանդիպմանը «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Անդրեաս Գրիսը ներկաներին պատմեց ընկերության մասին: Ներկայացրեց մեկ տարվա աշխատանքը:

 

Միջոցառմանը ներկա երեխաները նաև նվերներ ստացան:  

 

Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը թեմում գործում է 1993 թվականից, գործակցում է բազմաթիվ բարերարների հետ: 31 տարվա աշխատանքի ընթացքում դրամական աջակցություն է ցուցաբերվել միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ հազարավոր երեխաների, որոնք ապրում են սոցիալական դժվար պայմաններում: Երեխաները ծրագրում ընդգրկվում են մինչև չափահաս դառնալը: Գրասենյակին իրենց աջակցությունն են բերում նաև Հայ Առաքելական Եկեղեցու սփյուռքի թեմերը: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-10-07
×