Կյանքը Աստծո ճառագայթն է մեր մեջ. Գարեգին Ա

Կյանքը Աստծո ճառագայթն է մեր մեջ. Գարեգին Ա

Ինչպիսի՞ն է հայ ազգի պահպանման, հզորացման բանաձևը, և այդ հարցում ի՞նչ դեր ունեն ընտանիքը, դպրոցը, հայրենիքն ու եկեղեցին. պատասխանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  

 

Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետ

 

Հայրենիքը

 

«Աշխարհը սպասում է և կարծիք է ուզում տեսնել, թե այս ազգը արժանի՞ է անկախության, թե՝ ոչ: Մենք մեր միասնականությամբ պիտի փաստենք, որ իսկապես արժանի ենք: Առեք այս պատգամը, խառնեք ձեր արյանը, ձեր կյանքին: Ամեն բանից վեր նկատենք հայրենիքի, եկեղեցու ազգի և պետության ընդհանրական շահը, մասնավոր, փոքրիկ, ճղճիմ, մանր, փոքրոգի հարցերից վեր բարձրանանք, իբրև ազգ մտածենք, իբրև պետություն մտածենք»:  

 

«Սերը բառ չի, սերը զգացում չի միայն: Սերը կյանք է և գործ: Եթե հայրենիքը սիրում ես, սակայն հայրենիքիդ համար ոչինչ չես անում, ապա ի՞նչ սեր է այդ»:

 

«Հայրենասիրությունը արժեք չունի, եթե հայրենաշինության չվերածվի»: 

 

«Հազար պատճառ կա բան չանելու, սակայն մեկ պատճառ կարող է լինել հազար բան անելու: Սերն է այդ պատճառն ու մղիչ ուժը»:

 

«Մեր ազատագրության պայքարի մեջ արյունն ավելի թափվեց, քան՝ մեր քրտինքը: Այսօր մեր քրտինքն ավելի պետք է թափվի: Եվ եթե պետք լինի, արյունը չենք խնայի: Սակայն քրտինքն է այժմ հայրենաշինության հեղուկը»:

 

«Այժմ մենք մեր երկրի տերն ենք, բայց իբրև տեր պարտավոր ենք ծառայել այս երկրին: Հենց դա է ասել ու արել Հիսուսը. Նա լվացել է առաքյալների ոտքերը, Նա, որ Ուսուցիչն էր ու Տերը, ասել է, որ եկել է ծառայելու և ոչ թե ծառայություն ընդունելու»:

 

«Եթե դուք, իբրև մարդիկ և իբրև քրիստոնյա հայեր, չեք կարող իրար սիրել, մի՛ ասեք, որ սիրում եք Աստծուն: Դա կեղծ է: Աստծու սերը փոխանցվում է մարդկանց սիրո միջոցով: Մենք, երբ այդ սերը ցույց տանք իրար հանդեպ, մեր կյանքը դրախտ կլինի, բայց եթե սերը պակասի, այն ժամանակ քաոս ու անապատ կլինի, և մեր կյանքը դեպի մահ կգնա: Ատելությունը քանդում է, բամբասանքը՝ խորտակում, ինչ որ կառուցում է՝ դա սե՛րն է»:

 

Ընտանիքը

 

«Ընտանիքը մարդկային կյանքի կենտրոնն է, Աստծո ստեղծագործության ամբողջացումը»: 

 

«Մեր ժամանակի բարոյական ճգնաժամը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ հաճախ ընտանիքը դադարել է օջախ լինելուց և դարձել սոսկ ապրելատեղ»:

 

«Մեզ ազգը կնքվել է Աստծուց, Քրիստոսի Ավետարանով, մեր հայրերի աղոթքով…Դո՛ւք, ծնողներ, խոսքս ձեզ եմ ուղղում, այս երեխաներին ձեր տան մեջ սովորեցրեք մեր աղոթքները: Տունը տաճար է հայի համար»:

 

«Մարդկային մեկ ուրիշ էակի հանդեպ սերը բխում է Աստծուց ոչ միայն որդեծնության համար, այլև նրա համար, որպեսզի բաժանենք Աստծու կողմից մեզ տրված մարդկային պայմանները: Ընտանիքը, այսպես կոչված, «սերնդագործության մեքենա» չէ, ամենից առաջ այն օջախ է, կյանքը համատեղ բաժանելու ընդհանրություն»:

 

«Դուք (մայրերը) ձեր կյանքով, նվիրումով, զոհողության գերազանց արտահայտությամբ ամենամեծ դաստիարակներն եք հայ ժողովրդի զավակների: Ձեր դասագիրքը ձեր սերն է, ձեր գրիչը՝ ձեր ժպիտը: Արեգակի լույսի պես թող այդ ժպիտը միշտ ծագի հայ մանուկների աչքերի մեջ, երբ նրանց աչքերը բացվեն աշխարհի լույսին»:

 

Դպրոցը

 

«Այն ազգը, որ դպրոցին մեծ կարևորություն չի տալիս, անձնասպանություն է անում: Մի գեղեցիկ խոսք կա, որ ասում է. եթե ուզում ես բանտ փակել, դպրոց բաց արա»: 

 

«Դպրոցը կրթական օջախ է, ուր մարդը սովորում է մարդ լինել, հայը սովորում է հայ լինել, մի խոսքով, մեր մարդկային և ազգային ինքնության, ով լինելու պատրաստության օջախը դպրոցն է»: 

 

Եկեղեցին

 

«Միածինը մեկ անգամ ծնվեց Բեթղեհեմում և ևս մեկ անգամ իջավ Հայաստան աշխարհում»: 

 

«Էջմիածինը հաստատություն լինելուց առաջ՝ առաքելություն է: Էջմիածինը անցյալի պատիվ, ներբող, գովք, պարծանք ու փառաբանանք լինելուց անդին՝ առաքելություն է»: 

 

«Դրսի փորձությունն այնքան վտանգավոր չէ, որքան ներսի փորձությունը: Եթե ծառին կացինով հարվածես, ճյուղ կկտրես, վերք կբացես, բայց վերքի տեղը կփակվի, ճյուղի տեղը նոր ճյուղ կլինի, բայց եթե մեկ հատ որթ մտնի ծառի ավիշի մեջ, ծառը կչորանա…ծառը չկա: Մենք հայերս ենք, որ կարող ենք մեր մահը լինել, եթե մենք հեռանանք մեր հավատքից: Թշնամին փորձեց, չհաջողեց: Հայության համար սպանություն չկա, հայության համար կարող է մեկ տեսակ մահ լինել, ինքնասպանություն և այդ չենք թույլատրի մենք մեզ»: 

 

«Ես չեմ կարող երևակայել, որ առանց հոգևոր, առանց բարոյական սկզբունքների զորավոր կլինենք: Ազգը պահողը «հոգին է կենդանարար», ինչպես ասում է Ավետարանը:

Հոգին է կենդանարար, նյութը կսպանի, հոգին է, որ կապրեցնի»:

 

«Քանի հայը մյուռոն ունի իր ճակատին, մյուռոնի փայլը լույս պիտի դառնա իր քայլերի առջև և օտարության փոշին կեղտ չպիտի կապի այդ ճակատին: Իր ճանապարհն ուղիղ պետք է լինի, իր գնացքը տոկուն ու հաղթող»:

 

Գրականության ցանկ՝

«Իննսուն գործ, ինսսուն խոսք» Շարուրյան Ա.

 

  • 2024-10-10
×