Մայրաքաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կրկին հավաքվել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ մրցելու իրենց գիտելիքներով: Անցկացվեց ինտելեկտուալ փառատոն՝ «Մեր մեծերը» խորագրով:
«Միջոցառումը նվիրված է Թարգմանչաց տոնին: Երիտասարդները հավաքվել են՝ յուրահատուկ կերպով բացահայտելու մեր գեղեցիկ տոնը: Տեղի է ունենում փորձի փոխանակում, մասնակիցները ծանոթանում են, շփվում, նոր գիտելիքներ ստանում»,- իր խոսքում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Էլեն Ծատուրյանը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ փառատոնը կազմակերպում է թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը՝ հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։
«Ինտելեկտուալ փառատոնը նվիրված է մեր ինքնությանը: Գրերի գյուտով մենք դարձանք ազգ, մեզ մոտ բարձրացավ ազգային գիտակցությունը: Այս փառատոնը կարևոր միջոցառում է՝ երիտասարդներին դաստիարակելու համար: Այստեղ հավաքված երիտասարդների մեջ արմատացած է ազգային ինքնության գաղափարը»,- նշեց Տեր Պետրոսը:
Սա 2024 թվականի չորրորդ փառատոնն էր: 3 փուլից բաղկացած խաղին մասնակցեց թեմի 11 երիտասարդաց միություն։ Հաղթական գավաթը վերցրեց Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Ստաուրոս» թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» երիտասարդաց միությունը: Անդամներից Անի Ոսկանյանը 3-րդ անգամ է մասնակցում խաղին:
«Այս խաղերը ապահովում են մեր ինտելեկտուալ ժամանցն ու առիթ դառնում, որ ուսումնասիրենք շատ նոր նյութեր: Ինձ համար շատ օգտակար են այս խաղերը, քանի որ ինքս շատ բան եմ սովորում»,- նշեց Անին:
Փառատոնին 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Հաղթողներին տրվեցին պատվոգրեր ու մրցանակներ: Խրախուսական նվերներ տրվեցին այլ թիմերի ևս: Խաղի համար հարց էր պատրաստել նաև Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։