Ավետարանն օգնում է հասկանալ՝ ո՞րն է ճշմարիտ ճանապարհը
Ավետարանն օգնում է հասկանալ՝ ո՞րն է ճշմարիտ ճանապարհը
Նոյեմբերի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը:
Ավետողները
Ո՞վ է Աստված և ո՞վ է մարդը, ինչո՞ւ Աստված զոհաբերվեց մարդկանց համար, ու այդքանից հետո ինչպե՞ս պիտի ապրի մարդը. այս հարցերի պատասխանները տրվում են Նոր Կտակարանի 4 Ավետարաններում: Դրանք Հիսուսի կյանքի և վարդապետության մասին են՝ շարադրված ավետարանիչների կողմից:
Ավետարաններն ընթերցելով հասկանում ենք՝ ո՞րն է ճմարիտ ճանապարհը, հավելում է Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը.
«Քրիստոնյաներիս գլխավոր նպատակն է՝ ապրել ավետարանական խոսքի համաձայն և լինելով Հայ Առաքելական Եկեղեցու ժառանգորդներ՝ փոխանցել Տիրոջ խոսքը մարդկանց՝ նրանց փրկության համար: Ավետարանիչները նաև ծավալել են լայն քարոզչական գործունեություն: Ավետարանները գեղարվեստական գիրք չեն, որ ընդամենը ընթերցենք ու վերհիշենք Քրիստոսի երկրային կյանքի պատմությունը: Ավետարանը մեզ պետք է օգնի ապրել Քրիստոսի օրինակով, ամրապնդվել ճշմարիտ հավատքի մեջ»:
Ավետարանիչներից յուրաքանչյուրի պատմությունը յուրովի է կապվում Քրիստոսի և քրիստոնեության հետ:
Սուրբ ՄատթեոսԱվետարանիչը Քրիստոսի 12 առաքյալներից էր: Նրա անունը նշանակում է Աստծո ընծա:
«Նա մաքսավոր էր: Մի օր, երբ իր մաքսասեղանի առջև նստած էր, Հիսուս անցավ նրա կողքով և նրան տեսնելով ասաց. «Հետևի՛ր ինձ»: Տիրոջ արձագանքից հետո նա հետևեց Աստծուն:
Մինչև Համբարձումը Մատթեոսը մասնակից եղավ Փրկչի բոլոր քարոզություններին և գործունեությանը, Վերնատանը ընդունելով Սուրբ Հոգին՝ սկսեց քարոզել Հրեաստանում, հետագայում գնաց Եթովպիա, որտեղ էլ նահատակվեց:
Քահանան հավելում է. ավետարանիչներից յուրաքանչյուրն իրենց հատուկ արտահայտությունն են գտել սրբանկարչության, որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության մեջ: Մատթեոսը ներկայացվում է մարդակերպ հրեշտակի տեսքով, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով:
Սուրբ Մարկոս Ավետարանիչը Պետրոս առաքյալի աշակերտներից էր: Նրա Ավետարանը ամենահամառոտն է ու վաղ գրվածը: Այն ուղղված է հեթանոսներին՝ հատկապես հռոմեացիներին: Նա քարոզել է Ալեքսանդրիայում և ձերբակալվել:
Ըստ ավանդության՝ գիշերը նրա մոտ է գնում հրեշտակն ու ասում,- «Մի՛ վախեցիր, Մարկոս, Տիրոջ համար պիտի չարչարվես, սակայն անունդ պիտի գրվի երանելի առաքյալների հետ և չպիտի ջնջվի»:
Հաջորդ օրը դարձյալ տանջեցին նրան, մինչև որ Աստծո ձեռքը հանձնեց իր հոգին:
Մարկոսը պատկերագրություններում ներկակացվում է առյուծի տեսքով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուսը Աստծո Որդին է:
Սուրբ Ղուկաս Ավետարանիչը Քրիստոսի 72 աշակերտներից էր:
«Ղուկասի Ավետարանում գեղեցիկ ներկայացված է այն հատվածը, թե ինչպես մի կին 12 տարի տառապում էր արնահոսությամբ, սակայն դիպչելով Տիրոջ քղանցքին՝ բժշկվեց»,- ներկայացնում է Տեր Ղուկասը:
Գործք Առաքելոցի հեղինակը նույնպես Ղուկասն է: Նա պատկերագրություններում ներկայացվում է եզի տեսքով, ինչը զոհի խորհրդանիշն է, քանի որ Ղուկասի Ավետարանը սկսվում է Զաքարիայի`տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ:
Սուրբ Հովհաննեսը 12 աշակերտներից կրտսերն էր: Իր եղբոր՝ Հակոբոսի հետ, զբաղվում էր ձկնորսությամբ:
«Հովհաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտն էր: Հիսուսի ձերբակալման գիշերը նա հավատարմորեն հետևեց իր Վարդապետի չարչարանքներին` ուղեկցելով նրան մինչև Գողգոթա: Հիսուս այնքան էր սիրում ու վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին. «Մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»»: (ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27): Հովհաննեսն էր, որ երբ կիրակի առավոտյան լսեց Հիսուսի հարության լուրը, Պետրոսի հետ շտապեց գերեզման ու հավատաց հարությանը` առանց Հարուցյալին տեսնելու»,- նշում է Տեր Ղուկասը:
Հովհաննեսը քարոզելով շրջեց արևելքում: Դեմետիանոսի ժամանակ, երբ երանելի Հովհաննեսը շրջում էր Ասիայում և ավետարանում Քրիստոսին, նրա համբավը կայսրին հասավ: Կայսեր հրամանով նրան բռնեցին և կապանքներով ուղարկեցին Հռոմ, որտեղ առաքյալը հեթանոսներին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նետվեց եռացող ձեթի կաթսայի մեջ, սակայն այնտեղից դուրս եկավ անվնաս: Դրանից հետո աքսորվեց Պատմոս կղզի:
Հովհաննես առաքյալը հեղինակել է Ավետարանը, առաքելական երեք թղթեր և Հայտնության գիրքըը, որը հիմնականում պատմում է աշխարհի վախճանի մասին:
Առաքյալը կոչվում է սիրո ավետարանիչ, և սիրո քրիստոնեական ընկալմանը անդրադարձել է հատկապես իր առաքելական առաջին թղթում: Նա ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»: