Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Եկեղեցու ամենանշանավոր ու երանելի վարդապետներից մեկի՝ Հովհան Ոսկեբերանի հիշատակության օրը: Ո՞վ էր նա, ի՞նչ ժառանգություն է թողել և ո՞րն է հիշատակության օրվա խորհուրդը, պատգամը, ներկայացնում է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Օրվա պատգամը՝ լինել անկեղծ, չվախենալ, չլռել
Սուրբ Հովհան Ոսկեբերանն Ընդհանրական եկեղեցու 12 վարդապետներից մեկն է, ընտրյալ: Նա պայքարում էր, որ հոգևորականներն ապրեն սրբակենցաղ կյանքով, իսկ աշխարհիկները՝ քրիստոնեավայել: Ի վերջո, հայրապետի քայլերը հանգեցնում են նրա աքսորին ու մահվանը, իսկ հետագայում նա սրբացվում է:
Հայրապետի թողած ժառանգությունը թանկագին նյութ է դարեր անց, իսկ նրա կյանքը՝ օրինակ: Տեր Թովմայի խոսքով՝ հիշատակության օրվա խորհուրդն է՝ լինել անկեղծ, ասել այն, ինչ պահանջում է հոգու օրենքը, Քրիստոսը, չվախենալ հալածանքներից:
«Քրիստոնյան պետք է խոսի ճշմարտության մասին: Դարերի ընթացքում սրբակենցաղ մարդիկ խոսել են այն ամենի դեմ, ինչը հարիր չէ քրիստոնեությանը և հալածվել են, սակայն չեն լռել: Երբ քրիստոնյային չեն թողնում ապրել հոգու օրենքներով, ստիպում են հարմարվել ժամանակի օրենքներին, նա դադարում է քրիստոնյա լինել, մոռանում է հոգու և Աստծո տեղը»,- նշում է քահանան:
Ոսկեբերանը սիրո քարոզիչ էր: Օրվա պատգամն է նաև, որ մեկս մյուսի նկատմամբ ունենանք սեր, ինչպես ժամանակին քարոզել է հայրապետը:
Մեծ Հայրապետի կյանքը՝ օրինակ
Ինչպես իր ժամանակի գրեթե բոլոր եկեղեցական մեծ դեմքերը, այդպես էլ Ոսկեբերանը նվիրվել է ճգնակեցությանը: Անգամ հեռացել է անապատ ու ապրել խստակրոն կյանքով: 386 թվականին ձեռնադրվել է քահանա ու իր սքանչելի ու պերճախոս քարոզների համար ստացել «Ոսկեբերան» տիտղոսը: 398 թվականին ընտրվել է Կոստանդնոպոլսի պատրիարք:
«Նա իր հետ Կոստանդնոպոլիս տարավ ճգնակենցաղ կյանքի բոլոր դրույթները, սակայն այն չընդունեց տեղի ժամանակակից հոգևորականությունը նաև աշխարհիկ մարդիկ, որոնք սովոր էին այլ, ավելի շռայլ կյանքի: Նա դեմ էր շռայլություններին, անբարոյականությանը, սանձարձակությանը»,- ներկայացնում է քահանան:
Հայրապետի սիրո քարոզը միմյանց ու նաև աղքատների հանդեպ ևս ժամանակին չընդունվեց տեղի հարուստների կողմից:Քննադատությունների արդյունքում, հոգևորականն իր դեմ է լարում հասարակությանը: Նրա դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Թեոփիլոս Պատրիարքը նաև կայսրուհի Եվդոքսիան: 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից աքսորման հրաման է տրվում Ոսկեբերանին, սակայն այդ գիշեր տեղի ունեցած հրդեհների ու երկրաշարժի պատճառով՝ կայսրուհին նրան ետ է կանչում: Հոգևորականը շարունակում է քննադատել, նա ցանկանում էր ստեղծել այլ, քրիստոնյաներին վայել միջավայր, որը, ցավոք, չի հաջողվում: Ի վերջո, նրան աքսորում են Պոնտոս: Մեծ հայրապետը հիվանդ վիճակում չի կարողանում քայլել կլիմայական աննպաստ պայմաններում և 407 թվականին Կոմանա քաղաքում նահատակվում է: Նրա վերջին բառերին էին. «Հաղագս ամենայնի փառք Աստծո»: 438 թվականին սրբի մասունքները բերվում են Կոստանդնոպոլիս և ամփոփվում Սուրբ Առաքելոց եկեղեցում:
Ոսկեբերան հայրապետը՝ պերճախոս ու սքանչելի
Հարուստ ու բազմաժանր է Ոսկեբերանի մատենագրական վաստակը: Պատմության մեջ իրենց կարևոր հետքն են թողել իր մեկնությունները, ճառերը, ներբողները, թղթերը: Նա ուսումնասիրել է Աստվածաշունչն ու մեկնությունն այնպիսի հստակությամբ կատարել, որ ճանաչվել է հին ժամանակների ամենակարող մեկնիչ: Հայտնի է իր «Ներբող Սուրբ Գրիգոր Լուսավորչին» գործը:
Տեր Թովմայի խոսքով՝ նշանավոր է հայրապետի Սուրբ Պատարագը, որից շատ տարրեր կան նաև մեր Պատարագում: Հովհան Ոսկեբերանի քարոզներն աչքի են ընկնել հռետորական բարձր արվեստով, հոգեբանական թափանցումներով: Իր խոսքը հայտնի էր իր պարզությամբ ու անկեղծությամբ, ոմանք, ցավոք այն չէին ընդունում և այդ խոսքի պատճառով չարանում էին նրա դեմ: