Նոյեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ .Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Սուրբ Կույսին նվիրված օրերից մեկը: Երեքամյա Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնի հիմքում Եկեղեցու սրբազան ավանդությունն է:
Ամենամեծ ընծան Տիրոջը՝ մարդկային խոնարհ ու անկեղծ ծառայությունը
Ավանդությունը վկայում է, երբ լրանում է Մարիամի երեք տարին, Հովակիմն ու Աննան իրենց դստերը ընծայում են տաճարին, ինչպես ուխտել էին: Մարիամն ընտրյալ էր: Առաքինի ամուսիններ Հովակիմն ու Աննան իրենց զավակին ունեցան՝ որպես պատասխան երկարատև աղոթքների, հիշեցնում է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը: Հովակիմը թագավորական ցեղից էր, բարեպաշտ ու մեծահարուստ մարդ, իսկ Աննան քահանայական տնից էր։ Ամուսինները երկար տարիներ անզավակ էին և զավակ ունենալուց հետո՝ որոշեցին` իրենց դստերն ընծայել Աստծո ծառայությանը:
«Ընծայաբերումը բարեպաշտության ու երախտագիտության արտահայտումն է: Երբ մարդ գիտակցում է, որ իր կարողություններն ու հաջողությունները, իր կյանքն ու ընտանիքը Աստծո պարգև են: Երբ ձեռքբերումներիդ ակունքում տեսնում ես ոչ միայն անհատական ջանքերդ, այլև Աստծո անսահման ողորմությունը, լցվում ես Աստծուն և մարդկանց ծառայելու ազնիվ մղումով»,- հավելում է քահանան:
Հոգևորականի խոսքով` տոնն ամեն տարի մեզ հիշեցնում է՝ Աստծուն ծառայելու ամենաարդյունավետ ճանապարհը՝ աստվածահաճո գործերում ներգրավված լինելն է.
«Եթե ցանկանում ենք, որ մեր զավակները աճեն ու զորանան հավատքի մեջ, հարկ է, որ մանուկ հասակից ճանաչել տանք Աստծուն, որ սիրեն սրբությունը և սովորեն` իրենց անձերն ընծայել բարի գործերի սպասավորությանը»:
Ավանդությունը վկայում է, որ երբ Մարիամին տանում են տաճար, նա առանց օգնության բարձրանում է աստիճաններով և նրան ընդառաջ է գնում Զաքարիա քահանայապետը, առաջնորդում դեպի Սրբության Սրբոցը: Այդ վայրում էր պահվում Իսրայելի մեծագույն սրբությունը՝ Ուխտի Տապանակը։
«Ի տարբերություն Հին Ուխտի Տապանակի, որը իր մեջ կրում էր Աստծո խոսքը խորհրդանշող մանանան, Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող Ահարոնի գավազանը և Ավետարանը խորհրդանշող տասնաբանյա պատվիրանները, Սուրբ Կույսն է մտնում Սրբություն Սրբոց: Դառնում է Նոր Ուխտի Տապանակը։ Նա, ով հետագայում իր որովայնում պետք է կրեր Աստծուն»,- նշում է Տեր Աշոտը։
Նշվում է՝ ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթ տարին: Մարիամը միացավ այրիներից ու սրբակրոն կույսերից կազմված խմբի ու տաճարում բնակվեց մինչև Հովսեփի հետ նշանվելը: Նա բարեպաշտ էր, խոնարհ, հեզ:
Սուրբ Կույսի վարքը ներկայացնող պատմության մեջ տեսնում ենք յոթ թվի խորհրդաբանությունը: Նշվում է` Մարիամը յոթ ամսական է ծնվել, յոթ ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները: Յոթ ամսականում առաջին անգամ քայլեց՝ յոթ քայլ, յոթ տարեկանից սկսեց ապրել տաճարում: Քահանայի խոսքով՝ խորհրդաբանությունն ունի աղերսներ Եսայի մարգարեության մեջ հիշատակված Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհների հետ: Մարգարեն ասում է. «Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։ Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին. Աստծու երկյուղի հոգին պիտի լցնի այն» (Եսայի 11:1-3):
Հիշեցնում է՝ գավազանը խորհրդանշում է Քրիստոսին, իսկ արմատը Սուրբ Կույսն է, որից ծնվեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը: Մարիամն ընդունեց Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները՝ զարդարվելով յոթ առաքինություններով և կարողացավ հաղթել մահացու մեղքերին: Քահանան ներկայացնում է՝ ինչպիսի շնորհներով էր օժված Կույսը.
«Հպարտությանը հաղթել Աստծո երկյուղով, նախանձին հաղթել աստվածպաշտությամբ, բարկությանը, որը մտքի կուրությունն է, գիտության շնորհով, ծուլությանը հակադրել զորության շնորհը, ագահության դեմ պայքարել խրատի հոգով, որկրամոլություանը հաղթել իմացությամբ կամ հանճարով, պոռնկությունը հաղթահարել իմաստությամբ:
Քահանան հիշեցնում է՝ ամենամեծ ընծան Աստծուն՝ մարդկային խոնարհ ու անկեղծ ծառայությունն է. «Աստծու պատարագը խոնարհ հոգին է. Մաքուր սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50:19)։