Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Ս. Զատիկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անուններ ունեն: Այս կիրակին կոչվում է Կարմիր, քանզի Եկեղեցին ոռոգվում և ծաղկում է Քրիստոսի արյամբ: Կարմիր կիրակին մեզ ցույց է տալիս, որ քրիստոնեական Եկեղեցին շարունակում է զորանալ նահատակների կարմիր արյամբ:
Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյանները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել՝ անդավաճան մնալով. «Տիրոջ աչքին հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմոս 115.15):
Այս և հաջորդող կիրակիների մեջ մենք տեսնում ենք գարնան գունագեղությունը: Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով՝ տեղեկանում ենք, որ Եսայի մարգարեն այն որպես հաղթական գույն է համարել, և այդ է պատճառը, որ կարմիրն ասոցացվում է պայքարի հետ:
Քրիստոնյայի կյանքն ամենօրյա պայքար է, և այդ բարի պատերազմի համար մենք ևս պիտի ունենանք զենքեր, որպեսզի Կարմիր կիրակին իր խորհրդով մեզ հաղորդի հոգևոր պայքարի մեջ հոգևոր հաղթանակ տոնելու տեսլականը: Երբ նայում ենք Հարությամբ զորացած մարդու օրինակին, տեսնում ենք, որ նա այլևս հին կյանքով ապրելու իրավունք չունի, որովհետև Քրիստոսի խաչելության արյան գնով ունեցել է այն, ինչը շատերի երազանքն է եղել: Քրիստոս ասում էր. «Շատեր ցանկացան տեսնել այն օրը, ինչը դուք, բայց չկարողացան»:
Պողոս առաքյալն ասում էր. «Մեր գերագույն նպատակը պիտի լինի Քրիստոսին միանալը և պայքարի ոգով շարժվելը: Այսուհետև զորացե՛ք տիրոջով և Նրա զորության կարողությամբ և Աստծո սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առե՛ք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին, և երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք՝ տեղում պինդ կանգնած» (Եփեսացիս 6.10-14):