Նոր շունչ ու կենդանություն եկեղեցու կտավներին

Նոր շունչ ու կենդանություն եկեղեցու կտավներին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սրբապատկերները նոր շունչ ու կենդանություն են ստացել երիտասարդ նկարիչ-վերականգնողների շնորհիվ: 

 

Մի քանի շաբաթ շարունակ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի՝ «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, ԱՀԹ առաջնորդարանի սրահում, աշխատում են նկարները նոր տեսքի բերելու ուղղությամբ:

 

Աշխատանքներն իրականանում են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ: 

 

«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պարտավոր է ձեռնարկել որոշակի աշխատանքներ իրենց ուսանողների հոգևոր դաստիարակության համար: Մենք պարտավոր ենք անել քայլեր, որ մեր սերունդները պահեն կապը Հայ Եկեղեցու հետ, ամուր թելերով կապված լինեն քրիստոնեությանը»,- իր խոսքում նշեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: 

 

Տնօրենը հավելեց, որ ձեռքբերում է համարում Հայ Եկեղեցու հետ գործակցությունը և շատ ուրախ է, որ ունեն հնարավորություն մասնակիցը լինելու նման աշխատանքների: 

 

Նախատեսված է վերականգնել 8 կտավ: Քոլեջի դասախոս Սամվել Ենոքյանը տեղեկացրեց, որ խումբը կտավները մաքրում է փոշուց ու կեղտից: Վնասվածքներ հայտնաբերելու դեպքում՝ կտավները կհանձնվեն մասնագետներին: 

 

Քոլեջի ուսանողները նաև այցելել են Մայր Տաճար, հետևել որմնանկարների վերականգնման աշխատանքներին: Ավելի վաղ վերականգնել են նաև Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերներից մեկը: 

 

Քոլեջը կշարունակի Եկեղեցու հետ գործակցությունը, աշխատանքներին կմիանան նաև այլ մասնագիտություններ ուսանող երիտասարդները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2025-03-27
×