Կանաչ կիրակի

Կանաչ կիրակի

Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի (Կապույտ կիրակի): Այս տարի (2019թ.) Կանաչ կիրակին նշվում է մայիսի 5-ին:

 

Քրիստոսի խաչելությամբ, մահով և հարությամբ Աստված մաքրեց մարդկության մեղքը և Քրիստոսին հավատացողներն ու Նրա հետևորդները մաքրագործվում են Քիրստոսի արյամբ: Այսպիսով Զատիկից հետո 2-րդ կիրակին կոչվում է Կրկնազատիկ, ինչը  համապատասխանում է սպիտակ գույնին, քանի որ այն կարծես Քրիստոսի մահով և հարությամբ մաքրագործված լինի: Հաջորդ կիրակին կոչվում է Կանաչ կիրակի, որը խորհրդանշում է Քրիստոսի տիեզերական Եկեղեցու պտղաբերումը: Կանաչ ասելով նկատի է առնվում ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և հավիտենականությունը: Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, ինչը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը: Աշխարհամատուռն էլ որպես Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլը, աճեց, ծլարձակեց, բազմացավ և դարձավ աշխարհում տարածված եկեղեցին: Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատված է լինում բնությունը գարնանը: Այս անվանակոչումը, ժողովրդական բարեպաշտության արդյունք լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զուրկ չէ կրոնական երանգից: Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: 

  • 2021-08-09
×