Մարտի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում թեմի երիտասարդաց միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստների հյուրասիրությամբ, երգուպարով:
Երեկոն Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով:
Թեմի երիտասարդական միությունների հոգեւոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Սրբազան հորը ներկայացրեց այն երիտասարդներին, որոնք նախորդ տարվա ընթացքում ամուսնացել կամ նշանադրվել են։ Սրբազան հայրը շնորհավորեց նրանց եւ նվիրեց եկեղեցիների պատկերներով կախազարդեր։
Հայկական ժողովրդական ավանդույթի ամենասպասված Միջինքի տոնական բաղարջ գաթան, որի մեջ նշան էր դրված, երիտասարդների պատրաստած սեղանի զարդն էր։ Երեք հաջողակ երիտասարդներ իրենց բաժին գաթայի մեջ գտան օրհնված խաչերը։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբը (գեղ. ղեկավար Գրիգոր Հարությունյան) եւ ժող գործիքների անսամբլը։
Սաքսոֆոնի կատարումներով հաճելի տրամադրություն փոխանցեց Կաթողիկե Ս. Աստվածածին ու Սուրբ Աննա եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամ Անդրեաս Մկոյանը։ Երաժշտական մասը շարունակվեց ազգային պարերով։ Հայկական երաժշտությունը շուրջպարի հավաքեց բոլորին։
Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդներն ամեն տարի նշում են ազգային տոները` գլխավոր նպատակ ունենալով վերականգնել հայկական ազգային տոնական համակարգի երբեմնի մեծ ժողովրդականությունն ու թարմացնել դրա նշանակությունը մեր ժամանակներում։
Ի տարբերություն մյուս տոների` Միջինքը նշում են որպես ընտանեկան տոն։ Հավաքվում են բոլոր միություններով, յուրաքանչուրը պահոց ուտեստներ են ներկայացնում, որոնք ավանդաբար մատուցվել են Միջինքի ժամանակ: Ազգային խոհանոցի մոռացվող ուտեստները եւս վերականգնվում են երիտասարդների հետեւողական ջանքերով: