Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է:
«Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:
Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից:
«Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61):
Գերեզմանի մուտքը փակվում է մի մեծ քարով: Ըստ Եկեղեցու ավանդության՝ Քրիստոսը քանդում է մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացում հանգստյան տունը՝ դրախտը:
Ճրագալույցի Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին՝ պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Հանդիսապետ հոգևորականը հնչեցնում է կենսատու ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հնչում է պատասխանը. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
«Գիշերվա մեջ լույս է ծագում՝ Քրիստոսի Հարության լույսը: Տերը խավար թվացող գիշերվա մեջ Իր լույսն է ծագեցնում, և դա խնդություն ու օրհնություն է բոլոր մարդկանց համար, Քրիստոս Աստծո հաղթանակն է ամբողջ խավար աշխարհի հանդեպ: Սատանայի մտածումները կործանվում են, երկնային հրեշտակները ավետիսներ են բերում մարդկանց: Հարությունը՝ հաղթանակն է մահվան հանդեպ»,- նշում է Տեր Շահեն:
Հոգևորականը հիշեցնում է. «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։
Երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է Մեծ Պահքը: Ներկաները եկեղեցու Սուրբ Խորանի մոմից վառում եմ ճրագները, որպեսզի Քրիստոսի լույսով լուսավորեն իրենց շուրջբոլորը: