Զատիկի կերակրատեսակներ

Զատիկի կերակրատեսակներ

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։


Ինչպես որ հայոց ավանդական կենցաղում ընդունված էր Բարեկենդանի ավարտին «բերանները փակել» հավկիթով, այնպես էլ ընդունված էր Զատիկին «բերանները բացել» հավկիթով։ Աշխարհի խորհրդանիշ ձուն նշանակում է նոր կյանք և հարություն, իսկ կարմիրը՝ Քրիստոսի փրկչական Արյունը, որի հեղմամբ մարդկությունն ազատագրվեց սկզբնական՝ ադամական մեղքից։ Նույն խորհուրդն ունի նաև զատկական կարմիր գինին։ Ձուկը քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է, և առաջին դարերում քրիստոնյաները միմյանց ձկան նշանով են ճանաչել։ Բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավը նույնպես տոնական սեղանի զարդն է։ Չամիչն ու չրեղենը խորհրդանշում են աշխարհի քրիստոնյաներին, իսկ բրինձը՝ համայն մարդկությանը։
Ընդունված է եղել Զատիկին զանազան հացեր պատրաստել՝ որպես առատության խորհրդանիշ։ Սովորաբար Մեծ պահքից մինչև Զատիկ ընկած շրջանում հաց չեն թխել։ Ուստի Մեծ պահքի սկզբում այնքան հաց են թխել, որպեսզի մինչև Զատիկ չպակասի։ Զատկի հացը թխել են Ավագ հինգշաբթի։ Տարածված է եղել բաղարջը, որն անալի, յուղով պատրաստված խմոր է, երեսին ձվի դեղնուց քսած։ Ըստ ավանդության՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը բաղարջ պատրաստելիս ձվի դեղնուցը քսելու ժամանակ իմացել է Որդու մատնության մասին։


Զատիկի կարկանդակներից են շաքարհացերը, բլիթները, կաթնահունցը՝ կլոր, հյուսած կամ մահիկաձև։ Երբեմն կարկանդակների վրա դաջել են Հիսուսի կյանքի տարբեր դրվագներ։
Տոնական սեղանի թխվածքներից է եղել Ախտարքի գաթան, որի վրա պատկերել են կենդանակերպի տասներկու նշանները կամ նախշազարդել են խաչի նշանով։ Սիրված քաղցրավենիքներից է եղել նազուկը, որը պատրաստվել է երկու ճաշի գդալ յուղի, երկու ձվի դեղնուցի, սոդայի, աղի, մանրացրած հիլի, ալյուրի խառնուրդով։ Խմորը չորս մասի բաժանելով՝ գրտնակել են լավաշի հաստության, դրանց գավաթի տեսք տվել և յուրաքանչյուրի մեջ երեք թեյի գդալ խորիզ լցրել։ Խմորի ծայրերը հավաքելով՝ պատրաստվածը գնդի են վերածել և շարելով մեծ թավայի մեջ՝ դրել փուռը։ Զատիկի համար թխված նազուկի երեսին ձեղնուց են քսել և քունջութ ցանել։


Զատկական սեղանի մասն են կազմել նաև կանաչեղենով կերակրատեսակները, ապուրները: Պատրաստել են ճլբուր (սոխառած են անում, վրան լցնում ջուր, հարած ձու և եփում, ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ), եղինջապուր (պատրաստվում է եղինջով, սոխով, կարտոֆիլով, ընկույզի մանրացված միջուկով, կարելի է նաև բրինձ ավելացնել), դաղձով սպաս (Զատկի թանապուրի մեջ դաղձ են ավելացնում), կաթով կորկոտապուր, փիփերթով ապուր, չորթան։ Դրանց մեջ օգտագործվել է նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն։


Տոնական ուտեստներից են եղել ձվածեղով փլավը, որը եփել են բրնձով կամ արիշտայով, քալաճոշը կամ քյալագյոշը, տապակած բանջարը։ Պարսկահայերի մեջ Ճրագալույցի սիրված կերակրատեսակներից է քուքունը։ Համեմը, սամիթը, մաղադանոսը և կանաչ սոխը հավասար քանակությամբ մանր կտրատում են, վրան մի քիչ աղ ցանում, խառնում և թողնում են մեկ-երկու ժամ։ Ապա ավելացնում են քիչ քանակությամբ ալյուր, մի քանի ձու և խառնում։ Խառնուրդը լցնում են տաքացրած յուղի մեջ։ Ուտեստը տապակում են երկու կողմից։


Ավանդական կենցաղում ընդունված է եղել համայնական մատաղը, որը հայտնի է եղել Զատկի ախառ անվամբ, իսկ Զատիկի կիրակին՝ Ախառի կիրակի։ Համայնքի և եկեղեցու կողմից հարգված անձինք նախապես բնակիչներից դրամ են հավաքել և մատաղացու գնել։  Կիրակնօրյա տոնական Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում կատարվել է ախառի ճաշակման հանդիսավոր արարողությունը, որը եփել են նախորդող գիշերվա ընթացքում և բաժին հանել համայնքի բոլոր անդամներին։ Համայնական մատաղի նպատակը եղել է գալիք տնտեսական տարվա բերրիությունն ապահովելը։


Պատրաստեց  Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ:

  • 2021-08-09
×