Արարչին նմանվելու համար՝ պետք է կարողանալ սիրել

Արարչին նմանվելու համար՝ պետք է կարողանալ սիրել

«Լիության զգացումով մենք ինքնաբավ ենք և ամբողջական»,- նշում է մեր զրուցակիցը՝  Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը: Հոգևորականի հետ զրույցը ճշմարիտ հավատքի, լիության զգացման և սիրո մասին է:
 


 

Ստորև հարցազրույցից հատված

 

Ես հավատում եմ

 

-Ի՞նչ է նշանակում հավատք: Միևնույն բառն ասելով՝ մարդկանց գերակշիռ մասն ունեն տարբեր ընկալումներ: Ոմանք հավատում են աստղագուշակներին, ոմանք սինթեզված կրոններին, ոմանք էլ՝ գավազանը ձեռքին պատժող Աստծուն: Ժամանակակից աշխարհում մեր խնդիրը ոչ թե հավատքի, այլ ճշմարիտ հավատքի պակասն է:

 

Քրիստոնյան հավատում է Սուրբ Երրորդությանը, մարմնացյալ Քրիստոսին: Հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Իր սիրուց ելնելով, Իր ազատ կամքով խաչվեց, զոհեց Իրեն հանուն մարդկանց: Ճգնաժամն առաջանում է, երբ ճշմարիտ հավատքը սկսում է նվազել, աղավաղվել, այլակերպվել, և մեր կյանքում ունենում ենք հոգևոր նիհիլիզմ:

 

Հավատքի բացակայության ու լիության մասին

 

-Ճշմարիտ հավատքի բացակայությունը մարդուն սահմանափակում է իր մարմնի մեջ, և մարդը դառնում է մտածող կենդանի: Մեզ համոզում են, որ մենք ընդամենը Homo sapiens ենք, այլ ոչ թե Աստծո պատկերն ու նմանությունը կրող էակներ: Ճշմարիտ հավատքի բացակայությունը մարդուն զրկում է լիության զգացումից և ապրումից: Լիության ապրումով մենք ինքնաբավ ենք և ամբողջական: 

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր մեջ ուներ ամբողջական լիություն: Ինչպես Սուրբ Գիրքն էր նախազգուշացնում, եկան շատ «մեսիաներ», բայց նրանք չունեին (չունեն) այդ լիությունը: Մարդու աստվածանալը լիության ձգտումն է։ Երբ մենք ասում ենք, որ մարդը պիտի նմանվի Տիրոջը, մենք խոսում ենք մարմնացյալ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մասին: 

 

Յուրաքանչյուրը պետք է անկեղծ լինի ինքն իր հետ և խոստովանի, որ ինքն իրեն, իր թերություններին ու խնդիրներին նայելիս տեսնում է ցավալի պատկեր, հասկանում է, որ թերի է: Այդ թերությունը կարելի է լցնել մեր Տեր Հիսուս Քրիստոսով, բայց միևնույն ժամանակ չգնալ ինքնատյացության, որովհետև Տերը սիրում է մեզ և պատասխանատվություն է վերցնում մեզ համար: 

 

Քրիստոնեության և զարգացման մասին

 

-Տեխնոլոգիական զարգացումը չի կարող խանգարել հավատքին: Տեխնոլոգիաները կարող են խանգարել մեր կռապաշտությանը, մեր «ստեղծած» Աստծո հավատքին: Գիտությունը ինչո՞ւ զարգացավ արևմտյան աշխարհում՝ քրիստոնեական միջավայրում, որովհետև գիտակցումը, որ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, իրական է, բերեց քրիստոնեությունը: Ըստ հինդուիզմի՝ աշխարհը Բրահմայի քունն է, ըստ բուդդիզմի՝ մենք ապրում ենք իլյուզիայի մեջ, ըստ հեթանոսության՝ գլխավոր աստվածը քնել է, և մենք կարողանում ենք ապրել։ Քրիստոնեությունն ասում է՝ մենք ապրում ենք իրական աշխարհում, որը կարելի է ուսումնասիրել: Մենք ունեցանք գիտնականներ, որոնք նայեցին այս աշխարհին՝ ոչ որպես սրբության, այլ հասկացան, որ այն իրական է և գործիք մեր փրկության համար: Միևնույն ժամանակ նրանք հիմնվեցին հավատի վրա: Բոլոր գիտական թեզիսները հիմնված են հավատքի վրա: 

 

Արարչին նմանվելու ձգտման մասին

 

-Բնական է, որ մարդն Աստծուն պետք է ընկալի իր հնարավորությունների սահմանում: Մեկ այլ ծայրահեղությամբ՝ մարդիկ (աղանդներ) փորձում են «սահմանափակել» Տիրոջն իրենց ճանաչողության մեջ: 

 

Արարչին նմանվելու համար՝ պետք է կարողանալ սիրել: Պարզապես ասել՝ սիրում եմ, կարող են բոլորը: Սիրո ամենակարևոր հիմքը պատասխանատվությունն է: Ժամանակակից մարդը փնտրում է շատ պտուղներ և քիչ պատասխանատվություն: Երբ մենք հեռանում ենք սիրո ընկալումից կամ իրարից անջատում ենք սերն ու պատասխանատվությունը, դառնում ենք մեդիա սիրո կրողներ ու փնտրողներ: Սերը նախ պատասխանատվություն է, որը տանում է ինքնազոհողության: Չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ որևէ մեկն իր անձը զոհում է հանուն մյուսի: Աստծո Որդին մարմնացավ, խաչվեց մեզ համար: Երբ մենք չունենք պատասխանատվություն, չենք կարող ունենալ նաև սիրո ապրում և չենք կարող ընկալել ճշմարիտ հավատքը:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

  • 2025-05-14
×