Զատկական ձուն` կյանքի և հարության խորհրդանիշ

Զատկական ձուն` կյանքի և հարության խորհրդանիշ

Համարյա բոլոր հին մշակույթներում ձուն կյանքի, հարության խորհրդանիշն է և պարունակում է նոր կյանք: Դեռևս քրիստոնեական շրջանից շատ առաջ գարնան զարթոնքին նվիրված ծիսակատարությունների ընթացքում ձվերը ներկվում, օրհնվում, փոխանակվում էին, ապա մարդիկ դրանք ուտում էին: Անգամ ամենավաղ քաղաքակրթություններն ունեին գարնանային տոնակատարություններ` նվիրված ձմռան երկարատև քնից բնության և արևի զարթոնքին:
 

Քրիստոնեական շրջանում մարդիկ հավատում էին, թե Ավագ Ուրբաթ ածած ձուն 100 տարի պահելու դեպքում դեղնուցը վերածվում է ադամանդի: Ավագ Ուրբաթ ածած ձվերը Զատկի տոնին ներկելը նպաստում էր ծառերի պտղատվությանը և բերքի առատությանը, պաշտպանում հանկարծահաս մահից: Եթե զատկական ձուն պարունակում էր զույգ դեղնուց, ապա այդ տարում սպասվում էր արագ հարստացում:


Հնում ձուն մոգական նշանակություն ուներ: Հնագետները քրիստոնեական շրջանից դեռևս շատ առաջ ժամանակաշրջաններին թվագրվող գերեզմաններում հայտնաբերել են բնական կամ մարմարե, կավե կամ այլ նյութերից պատրաստված ձվեր: Սովորություն կար հեթանոսական աստվածներին նվիրել ձվեր, փոխանակել դրանք բարեկամների, ընկերների և հարազատների հետ Ամանորին կամ էլ ծննդյան օրերին: Իհարկե, հարուստները հավի ներկած ձվի փոխարեն նվիրում էին ոսկե ձու:


Ուկրաինացիները հավատում էին, թե օրհնած ձվերը կօգնեն մարել հրդեհը կամ գտնել կորած անասունը: Նրանք նաև հարվածում էին անասուններին ձվով, որպեսզի նրանք առողջ լինեին, խառնում էին ձվի կեղևը սերմերի հետ` առատ բերք ստանալու համար:


17-րդ դարում, Զատկական պատարագից հետո, ռուս ցարը զատկական համբույր էր փոխանակում բարձրաստիճան հոգևորականների հետ: Ապա հրավիրում էր բոյարներին և Մոսկվայի ազնվականներին և տոնի առթիվ նրանց նվիրում հավի, սագի կամ փայտե մեկ, երկու կամ երեք ձու` կախված նվերը ստացողի աստիճանից, կոչումից: Ձվերը ներկվում էին ոսկեգույն ֆոնի վրա պայծառ գույներով: Դրանք պատրաստում էին փայտամշակ վարպետները, սրբանկարիչները, զինագործարանի փորագրիչները, ինչպես նաև վանականները: Զատկից մինչև Համբարձման տոնն ընկած ժամանակամիջոցում պետք էր լինում 37,000 ձու` բոլորին նվիրելու համար: Ցարին նվիրում էին հսկայական քանակով ներկած ձվեր` դրված ոսկենախշերով զարդարված թավշերիզ փայտե սկահակի մեջ: 


18-19-րդ դարերում Ռուսաստանում կային ապակե ձվեր` պատրաստված անթափանցիկ կամ կիսաթափանցիկ կաթնագույն ապակուց կամ բյուրեղապակուց, որոնք ոսկեզօծվում և պատվում էին նախշերով, մակագրություններով և նրբաճաշակ մանրանկարներով: 1744թ. Սանկտ Պետերբուրգի արքայական արտադրամասը սկսեց արտադրել ճենապակե ձվեր, ավելի ուշ` արծաթե և արծնապատ ձվեր: Քրիստոնեական թեմաներից և սրբերի նկարներից բացի, ձվերի վրա պատկերվում էին նաև պատմական և դիցաբանական թեմաներ:


Ռուսերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×