Ռուսական զատկական ձվերի ամենամեծ հավաքածուն

Ռուսական զատկական ձվերի ամենամեծ հավաքածուն

Հայտնի փաստաբան, միլիոնատեր, մեկենաս Ադոլֆ Պետեր Հոոպն իր հայրենիք Լիխտենշտայնին է նվիրել ռուսական զատկական ձվերի իր հավաքածուն, որը թե թվաքանակով` շուրջ 2500 նմուշ, և թե բազամազանությամբ գերազանցում է աշխարհում առկա բոլոր հավաքածուները:
 

Հավաքածուում ընդգրկված են հանրության ուշադրությանը հազվադեպ ներկայացվող իսկական գանձեր` 120-ից ավելի զատկական ձվեր, որոնք հայտնի ոսկերիչ-վարպետների` Պավել Օվչիննիկովի, Միխայիլ Պերխինի, Հենրիխ Վինգստրեմի, Ալեքսանդր Տիլանդերի և Գրաչյով եղբայրների կնիքները կրող արծաթե, արծնե, ճենապակե, լաքապատ աշխատանքներ են, ոսկուց և ադամանդներից, սուտակներից, նռնաքարերից ու սապֆիրներից պատրաստված զատկական ձվերով ապարանջաններ: Ֆաբերժեի արվեստանոցից ներկայացված է ընդամենը չորս զատկական ձու` Պերխինի «Խնձորենու գույն» աշխատանքը, Աուգուստ Կոլինի ագաթե աշխատանքը, Յուլյա Ռապոպորտի գրանիտե աշխատանքը և Աննա Յոհանովնա կայսրուհու ժամանակների զատկական ձուն` երեք ճարմանդներով:


Հոոպի հավաքածուում կան նմուշներ ամբողջ աշխարհից, անգամ Հնդկաստանից և Չինաստանից: Ռուսական զատկական ձվերը 704-ն են: Բոլոր նմուշները հիանալի վիճակում են, մանրակրկիտ հաշվառված և գրանցված ալբոմ-կատալոգում, ունեն նկարագրություն և հերթական համար: Լիխտենշտայնի թանգարանի տնօրեն պրոֆեսոր Ռայներ Ֆոլկոմմերի կարծիքով` հավաքածուի արժեքը մի քանի միլիոն շվեյցարական ֆրանկ է:


Ադոլֆ Պետեր Հոոպին «Ռուսաստանի հանդեպ կիրքը» տիրեց դեռևս պատանեկան տարիքում, երբ Լիխտենշտայնում բնակվող ռուս գաղթական բարոն Էդուարդ Ֆալց-Ֆեյնը նրան պատմեց միմյանց ձվեր նվիրելու զատկական ռուսական սովորույթի մասին: Տարիքն առնելով և հիշելով իր պատանեկությունը, արդեն հարստացած Հոոպը կարողացավ իրականացնել իր երազանքը` ստեղծել զատկական ձվերի հավաքածու: Բարոն Էդուարդ Ֆալց-Ֆեյնից նա գնեց Նիկոլայ Երկրորդ ցարի` բարոնի հորը` Ալեքսանդր Ֆալց-Ֆեյնին 1914թ. Ասկանիա Նովա կատարած այցի ընթացքում նվիրած ճենապակե զատկական ձուն, որն առաջինն էր հավաքածուում: 


Հոոպին Ռուսաստանում զատկական ձվեր գնել չվիճակվեց: Մոտավորապես 1995թ. դա դարձավ անշահավետ կամ ընդհանրապես անհնար: Աճուրդներում իշխում էին նոր ժամանակներ և ռուսաստանցի օլիգարխներ: Հավաքածուի վերջին երկու նմուշները լաքապատ ձվեր էին, որոնք նվիրել էր Ռուս Եկեղեցու գահակալ Ալեքսի Բ պատրիարքն` ի նշան երախտագիտության` Ռուսաստանի պատմության մասին հիշողության համար. մինչ այդ Ռուսաստանով և նրա պատմությամբ հիացած լիխտենշտայնցի փաստաբանը հսկակայան գումար էր նվիրաբերել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի վերականգնմանը:


1996թ. նոյեմբերին Ադոլֆ Հոոպը Սոթբիս աճուրդատան Ժնևում կայացած աճուրդում կարողացավ գնել Կելխերի հավաքածուի «Խնձորենու գույն» 14սմ-անոց զատկական ձուն, որը Ֆաբերժեի արվեստանոցի ոսկերիչ-վարպետ Միխայիլ Պերխինի ամենամեծ աշխատանքներից մեկն է: Ըստ որոշ տվյալների` Հոոպն այդ զատկական ձվի համար վճարել է 1213791 շվեյցարական ֆրանկ: Նրբությունը և ուժը միավորվել են այդ ստեղծագործության մեջ: Այն արտասովոր ձգողականություն ունի. շրջվելուց հետո կրկին նայելու ցանկություն է առաջանում: Հղկված ուրալյան նեֆրիտից պատրաստված ձուն նստած է երեք ոտիկների` խնձորենիների բների վրա, որոնք ձուլված են կարմիր ոսկուց: Տերևների և ծառերի կեղևների վրայի մամուռների ոսկին կանաչավուն երանգ ունի: Խնձորենու ծաղիկները պատրաստված են արծնապատ ջնարակից, բողբոջները` վարդագույն փայլաթիթեղի վրա դրված ադամանդներից: 


«Խնձորենու գույն»-ը Ֆաբերժեի արվեստանոցի զատկական յոթ ձվերից մեկն է, որոնք ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխը նվիրել է իր կնոջը: «Խնձորենու գույն»-ից բացի, մյուս բոլորը գտնվում են սեփական հավաքածուներում. մեկը Ելիզավետա Երկրորդ թագուհու մոտ է, երկուսը` Վիկտոր Վեքսելբերգի մոտ, երկուսն Ամերիկայում են, մեկը` Ավստրալիայում:


Հոոպի հավաքածուն բարձր է գնահատել Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսի Բ Պատրիարքը 1997թ. փետրվարի 6-ի իր նամակում, որում շնորհակալություն է հայտնել ալբոմ-կատալոգը պատրաստողներին զատկական հիանալի ավանդույթի և ռուս ոսկերիչ-վարպետների մասին հիշողությունը պահպանելու համար:


Փաստաբան Հոոպը զատկական ձվերի իր հավաքածուն նվիրել է իր հայրենիքին` այդպիսով միմյանց հետ կապելով երկու խոշոր մշակույթներ և երկու երկրներ: Հավաքածուն Լիխտենշտեյնի թանգարանում ցուցադրվելուց հետո կկրի շարժական ցուցահանդեսի բնույթ և կցուցադրվի աշխարհի շատ երկրներում, նաև` Ռուսաստանում:


Ռուսերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×