Տարբեր երկրների զատկական ավանդույթներ

Տարբեր երկրների զատկական ավանդույթներ

Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ում Քրիստոսի Հարության խորհրդանիշը զատկական ճագարն է:
 

Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է 13-րդ դարից, նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածների և աստվածուհիների թվում պաշտում էին նաև գարնան, լուսաբացի և պտղաբերության աստվածուհի Էոստրային կամ Օստարային, ում խորհրդանիշը ճագարն էր: Համարվում է, որ ճագարը տանում է Էոստրայի լամպը:
Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ փաստացի հիշատակվել է 16-րդ դարում: Ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին առաջին պատմությունը հրապարակվել է 1680թ.: Այսօր զատկական ճագարի տոնը՝ “Osterhase”-ն, գերմանացի մանուկների համար նույնքան սպասված է, որքան Ս. Ծննդյան տոնը: Առաջինը գերմանացի և գերմանախոս եվրոպացի վերաբնակիչները 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում տարածեցին զատկական ճագարի մասին առասպելը և մանուկներին շաքարային մարցիպանից (մաստիկայից) կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը:


Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ հրապարակվեց 1680թ.: Դա տարօրինակ պատմություն էր ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին, և չնայած անհեթեթությանը՝ առասպելը, ինչպես նաև շաքարային մարցիպանից կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը, հիմնավորվեցին: 
1991թ. Մանֆրեդ Կլաուդը Մյունխենում հիմնեց զատկական ճագարի թանգարան, որտեղ ներկայացված էին 1000-ից ավելի փայտե, ճենապակե, խեցեգործ, կտորից, շաքարից ու մեղրամոմից պատրաստված ճագարներ, նաև դրանց պատրաստման կաղապարներ և այլն: 2005թ. Մանֆրեդ Կլաուդի մահից հետո թանգարանը փակվեց:


Յուրաքանչյուր ազգի մոտ ձևավորվել են տոնական հյուրասիրությունների սեփական ավանդույթները: Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձվեր ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:


Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Թե խոշոր կորպորացիաները և թե շոկոլադ կամ հրուշակեղեն արտադրող փոքր ֆաբրիկաները Զատկի առթիվ պատրաստում են հնարավոր բոլոր տեսակների, չափերի և բազմազան լցոնով շոկոլադե ձվերի մեծ տեսականի: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:


Իսլանդիայում ևս զատկական ձվերն ամենաավանդական նվերներն են: Հաճախ նվիրում են շոկոլադե ձվեր, սակայն ակտուալ են նաև հավի ձվերը՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ զարթոնքի և նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից: Նմանատիպ նվերը ենթադրում է հոգեկան նրբազգացություն և անհատական մոտեցում ստացողին, քանի որ ինչ-որ մեկին կարող է հույս ներշնչել, մյուսին՝ ոգևորել, երրորդին հանգստացնել, վստահություն ներշնչել կամ էլ խորհելու առիթ տալ:


Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը, փոխարենը բոլորը խոսում են զանգակների մասին: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:


Ասիայում ևս Զատիկն ամենասիրելի տոներից մեկն է: Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:


Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Բուլղարներն իրենց զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում: 


Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:


Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը:


Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×