Նախաքրիստոնեական շրջանում Զատիկը հեթանոսական տոն էր: Հին անգլոսաքսերը գարնան գալուստը նշում էին աղմկալից տոնակատարություններով` նվիրված սերնդագործության և գարնան իրենց աստվածուհուն` Իսթրային, ում երկրային խորհրդանիշները ճագարը և ձուն էին: Անգլո-սաքսերը երկրպագում էին իրենց աստվածուհուն ճագարի միջոցով: Մեր թվարկության երկրորդ դարում քրիստոնյա միսիոներները սկսեցին քարոզել հյուսիսային ցեղերի շրջանում և փորձեցին դարձնել նրանց քրիստոնեական հավատի:
Անշուշտ, վաղ քրիստոնյաների համար ինքնասպանություն կլիներ նշել իրենց տոներն այնպիսի ծիսակատարություններով, որոնք չէին համընկնում արդեն գոյություն ունեցողներին: Քրիստոնյաների կյանքը փրկելու նպատակով միսիոներները խելամտորեն որոշեցին իրենց կրոնական տոները բնակչության շրջանում տարածել դանդաղ, աստիճանաբար` թույլ տալով մարդկանց տոնել իրենց հեթանոսական տոները` սակայն քրիստոնեական ձևով:
Հեթանոսական Իսթրա աստվածուհու տոնը համընկնում էր տարվա այն ժամանակահատվածին, երբ քրիստոնյաները նշում են Քրիստոսի Ս. Հարության տոնը: Ուստի, ճիշտ կլիներ տոնը փոփոխելով դարձնել քրիստոնեական, քանի որ քրիստոնյաների թիվը գնալով ավելանում էր: Ժամանակի հետ Զատկին առնվող շատ տարբեր ավանդույթներ, որոնց ակունքները թե նախաքրիստոնեական և թե քրիստոնեական կրոններն էին, մոռացվեցին: Այսպես, թե այնպես` զատկական բոլոր ավանդույթները ողջունում են կյանքի վերածնունդ խորհրդանշող գարնան գալուստը:
Ձվերը և ճուտիկները հաճախ են կապակցվում Զատկի տոնի հետ, քանի որ հեթանոսական շրջանում դրանք պտղաբերության և նոր կյանքի նշաններն էին: Վաղ քրիստոնյաները փոխ առան նոր կյանքի իմաստը, որովհետև այն օգնում էր իրենց` հիշել Հարության և Հիսուսի միջոցով նոր կյանք ունենալու մասին:
Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից:
Հին պարսիկները և եգիպտացիները ձուն օգտագործում էին` Ամանորը նշելու համար, որը նրանք տոնում էին գարնանը: Տոնին նրանք ուտում էին ներկած ձու: Հին Հունաստանում և Հռոմում մարդիկ ձվերը ներկում էին գարնանային տոնակատարությունների առիթով: Եվրոպայում գունավոր ներկած ձվերն օգտագործվում էին Զատկին տունը զարդարելու համար: Միջնադարյան Եվրոպայում գեղեցիկ զարդարված ձվերը նվեր էին տրվում: Արևելաեվրոպական երկրներում, օրինակ` Հունգարիայում և Ռումինիայում, փայտե ձվերը գունավոր ներկվում էին տարբեր նախշերով, որոնք հաճախ հատուկ անուններ և իմաստներ ունեին և օգնում էին պատմել Զատկի պատմությունը: Ժամանակի հետ շոկոլոդե ձվերը փոխարինեցին փայտե ձվերին:
Ռուսաստանում 20-րդ դարի սկզբին Ալեքսանդր III և Նիկոլայ II ցարերն ունեին հատուկ զատկական ձվեր, որոնք նրանց համար պատրաստել էր հայտնի ոսկերիչ Կարլ Ֆաբերժեն: Առաջին զատկական ձուն Ալեքսանդր III ցարի նվերն էր իր կնոջը, պատրաստված էր ոսկուց և սպիտակ էմալից: Ձվի ներսում կար ոսկե դեղնուց, որում կար ռուբինե աչքերով ոսկե հավ: Հավի ներսում կար փոքրիկ ոսկե թագ: Ձուն այնքան գեղեցիկ էր, որ ցարը պատվիրեց Ֆաբերժեին ամեն տարի թագուհու համար պատրաստել մի յուրահատուկ ձու: Ձվի դիզայնը թողնվում էր Ֆաբերժեի հայեցողությանը, սակայն յուրաքանչյուր ձու պետք է մի անակնկալ պարունակեր: Մի զարմանհրաշ ձու խորհրդանշում էր Տրանս-Սիբիրյան երկաթուղու բացումը: Ձուն պատրաստված էր արծաթից, կանաչ էմալից, ներսում կար գնացքների երթուղու քարտեզ: Կայարանները նշված էին թանկարժեք քարերով, ներսում կար նաև լարովի ոսկե գնացք: Ֆաբերժեն պատրաստել է զատկական ձվեր նաև ցարական ընտանիքի մյուս անդամների, ինչպես նաև ցարի կողմից այլ միապետերի նվիրելու համար:
Անցյալում Զատիկը հայտնի էր որպես «Ուրախության կիրակի»: Մարդիկ այնքան էին ուրախանում Հիսուսի Հարությամբ, որ տոնը նշում էին պարերով, սպորտային և ժողովրդական խաղերով և կատակներով: Այդ օրն աշխատանքը և առևտուրը դադարում էր, խանութները փակվում էին, դատարանները չէին գործում: Աղքատներին դրամ էին տալիս, ստրուկներն ազատ էին արձակվում: Զատիկն ուրախ և անմոռանալի տոն էր, որը փոխում էր մարդկանց կյանքը:
Զատկական ձվերի փոխանակման ավանդույթը գալիս է դեռևս վաղ քրիստոնյաներից: Երեխաների շրջանում ամենատարածված զատկական ավանդույթներից մեկը տոնական ձվերի գլորումն ու որոնումն է: Դանիայում երեխաները մրցում են ներկած ձվերով, որոնք գլորում են բլրի գագաթից: Նա, ում ձուն առանց կոտրվելու գլորվում է ամենից հեռու, շահում է մրցակցի ձուն: Որոշ երկրներում հաղթում է այն երեխան, ում գլորած ձուն առաջինն է հասնում բլրի ստորոտին առանց կոտրվելու: Երբեմն մեծահասակները նախապես զարդարված ձվերը թաքցնում են տան շուրջը կամ պարտեզում` երեխաներին ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել, և երեխաները պետք է գտնեն դրանք: Ամենաշատ ձվերը գտնող երեխան շահում է մրցանակ: Մի շարք երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Սիրիայում, խաղում են եփված ձվերով խաղ: Խաղի նպատակը ձվով մրցակցի ձվին հարվածելով այն կոտրելը և սեփական ձուն ամբողջական պահելն է: Հաղթում է նա, ում ձուն խաղի վերջում ամբողջական է:
Երեխաների համար զատկական սիրելի խորհդանիշներից մեկն էլ նապաստակը կամ ճագարն է, որը հաճախ և բազմաթիվ սերունդ տալով` դարձել է պտղաբերության խորհրդանիշ: Զատկի առավոտյան շատ երեխաներ արթնանում են` թռչնաբույն հիշեցնող իրենց զամբյուղներում գտնելու ճագարի թողած քաղցրավենիքն ու կոնֆետները: Ամեն տարի արտադրվում է 90 միլիոն շոկոլադե զատկական ճագար և ամեն օր` 5 միլիոն զեֆիրե Ճուտիկ և ճագար:
Զատկական ճագարն Ամերիկա ներթափանցեց գերմանացիների միջոցով: Մինչև Քաղաքացիական պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը թե Զատկի տոնը և թե տոնի խորհրդանիշ ճագարն անտեսված էին այլ քրիստոնյաների կողմից և տոնը լայնորեն չէր նշվում:
19-րդ դարի սկզբներին ԱՄՆ-ի չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի տիկինը` Դոլլի Մեդիսոնը, Վաշինգտոնում կազմակերպեց զատկական ձվերի գլորման մրցույթ: Իմանալով, որ Եգիպտոսում կար ձվերը բուրգերին հակառակ ուղղությամբ գլորելու մանկական խաղը, նա հրավիրեց երեխաներին խաշած ձվերը գլորելու Կապիտոլիումի նոր շենքի բլրից: Դա վերածվեց ավանդույթի և շարունակվեց` բացառությամբ Քաղաքացիական պատերազմի տարիների: Սակայն քանի որ պաշտոնյաները բողոքում էին` ասելով, թե երեխաները տրորում և փչացնում են Կապիտոլիումի մարգագետինը, 1880 թվականին առաջին տիկինը երեխաներին հրավիրեց Սպիտակ Տուն` մասնակցելու զատկական խաղին: Ավանդույթը շարունակվեց այնուհետև` արգելվելով միայն պատերազմի տարիներին: Այժմ զբոսաշրջիկներին թույլատրվում է միայն Զատկի տոնին հաջորդող երկուշաբթի օրը զբոսնել Սպիտակ տան մարգագետնում: Նախագահի տիկինը տոնակատարության է հրավիրում երեխաների երկրի բոլոր նահանգներից, իսկ ձվերի գլորման խաղին մասնակցում են մինչև 12 տարեկան երեխաներ: Մեծահասակների ներկայությունը թույլատրվում է միայն երեխաներին ուղեկցելու դեպքում:
Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի