Երկրորդ ծաղկազարդ

Երկրորդ ծաղկազարդ

Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդըՆա հայտնվեց մարմնովարդարացավ Հոգովերևաց հրեշտակներինքարոզվեց հեթանոսների մեջնրան հավատացին աշխարհումփառքով բարձրացվեց երկինք։  (Ա Տիմոթէոս 3.16)

 

 

Աստված հայտնվեց մարմնով: Տիրոջ մարդեղությամբ Հիսուսի մեջ տեսանք պայքար, սեր, զգացմունք, աստվածահաճո կյանքի օրինակ, որոնք հնարավոր է նաև յուրաքանչյուր մարդու համար։  Քրիստոնյայի կյանքի իմաստը բարձր, երկնային արժեքներն են: Բայց մյուս կողմից, այդ բարձր արժեքները գործնականում ընկալվում են անիրական, որոնց պետք է ձգտենք, բայց չհասնենք: Արդյունքում էլ եզրակացնում ենք, որ մենք մեղավոր չենք, պարզապես նպատակն էր անհասանելի: Քրիստոնյայի կյանքում ամենակարևորը իրականության զգացումն է, իրական և գործնական նպատակներն ու առաքելությունը: Այնպես, ինչպես քրիստոնեությունն է սովորեցնում ապրել, ավելի իրական, գործնական ու ճիշտ մոտեցում կյանքին հանարավոր չէ պատկերացնել: Քրիստոս առավել, քան իրական էր նախ Ինքն Իր հետ:

 

 

Արդարացավ Հոգով: Հոգին էր առաջնորդում Քրիստոսին։ Հոգին նույն կերպ առաջնորդում է յուրաքանչյուր մարդու, բայց միշտ չէ, որ մարդն ընդունում է այդ առաջնորդությունը։ Սուրբ Հոգու շնորհներով է մարդը իրականացնում բարի գործեր, որոնց արդյունքում և արդարանում է։

 

 

Երևաց հրեշտակներին: Հրեշտակներն ինչպես վկաներն էին Քրիստոսի կյանքին մինչ մարդեղությունը, այնպես էլ մարդեղությունից հետո եղան վկաները Տիրոջ գործերի և չարի դեմ հաղթանակի։ Իսկ Համբարձումից հետո եղան վկաները Տիրոջ փառքի:  Այս կիրակին կոչվում է Երկրորդ ծաղկազարդ: 

 

 

Ըստ ավանդության, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր Խոր վիրապում, մի հրեշտակ ամեն օր այցելում էր նրան: Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չայցելեց: Հաջորդ օրը Սուրբ Գրիգորի այն հարցին, թե ինչու նախորդ օրն իրեն չի այցելել, հրեշտակը պատասխանեց, որ Քրիստոսի Համբարձումը տոնելու համար հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում, և ինքը, չորրորդ դասից լինելով, չորրորդ օրը չի ցանկացել իր դասի ուրախություններից բացակայել:

 

 

Ուստի, այսօր հրեշտակների ցնծության տոնն է։ Եթե առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր մարդկանց կողմից որպես Դավթի Որդի, ապա երկրորդ Ծաղկազարդին` հրեշտակների կողմից որպես Աստծո Որդի:

 

 

Քարոզվեց հեթանոսների մեջ: Հիսուս եկավ՝ փրկելու բոլոր մարդկանց: Հինանց այս անցնող շրջանին հատկապես հարուցյալ Քրիստոսի փառքն էր պատմվում ամենուր: Հարությունից հետո բոլորը չէ, որ տեսնում կամ տեսնելու դեպքում ճանաչում էին Քրիստոսին: Նույնիսկ աշակերտները միշտ չէ, որ հանդիպելիս ճանաչում էին Նրան: Ոմանք եզրակացնում են, որ Քրիստս փոխվել էր արտաքնապես… Գուցե: Սակայն Քրիստոսին չճանաչելու պատճառը դա չէր: Տիրոջը ճանաչելու համար մե՛նք պիտի փոխվենք: Սա է պայմանը, որ Աստծո փառքը պատմվի: 

 

 

Նրան հավատացին  աշխարհում: Եկեղեցու հաստատման հիմքը Քրիստոսի նկատմամբ հավատքն է։ Եկեղեցու խորհրդի մեջ տեսնում ենք այն քարայրը, որտեղ մարմանավորվում ու ապրվում է կենդանի հավատքը: Այդ քարայրից սկսվեց մեր հավատքը̀ Տիրոջ ծննդյամբ, քարայրից̀ Տիրոջ գերեզմանից սկսվեց մեր հավիտենական կյանքի ճանապարհը, քարայրից̀ Խոր Վիրապից սկսվեց հայերիս ուխտի ճանապարհը:

 

 

Փառքով բարձրացվեց երկինք: Հիսուսի պատմությունը սկսվեց երկնքից ու ավարտվեց երկնքում։ Նա եկավ ծառայելու. Նրան մատնեցին, ծաղրեցին, խաչեցին, բայց հարություն առավ և համբարձվեց երկինք՝ հաղթելով աշխարհին։

 

 

Քրիստոնեությունը տառապանք չէ, ինչպես շատերն են կարծում, սակայն դժվարություն պիտի հանձն առնի ամեն մի քրիստոնյա: Տառապանքն էլ պատիժ չէ: Եթե տառապանքը պատիժ է մեղքի դիմաց, ապա ինչո՞ւ Աստված այդպես վարվեց Իր Որդու հետ, Ով անմեղ էր: Ինչո՞ւ զոհաբերեց Նրան:

 

 

Տառապանքը խորհուրդ է, ինչպես մահը և կյանքը: Մահը և կյանքն էլ հակադիր բևեռներ չեն, այլ մեկը մյուսի շարունակությունն է: Իսկ այդ երկուսին կապողն ու իմաստավորողը տառապանքն է: Եթե այն մենք ընդունում ենք իբրև պատիժ, ապա մեր մեջ մեռնում է կյանքը, իսկ եթե այն ընկալում ենք որպես պայքարի հնարավորություն, ապա ծնվում է կյանքը:

 

 

Իսկ կյանքում լինում են զրկանքներ, որոնք կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, խաթարել հավատքը, նվազեցնել հույսը: Ուրեմն, ամենօրյա պայքարը թող ձևակերտի մեր հոգում նոր մարդուն, ով ամեն ինչում կնմանվի Հիսուսին: Ավետարանը պատվիրում է մեզ լինել քաջ և համարձակ, պատրաստ լինել ամեն զոհողության, ունենալ և՛ մեռնելու, և՛ ապրելու քաջություն` Քրիստոսի հաղթանակը աշխարհում տևական դարձնելու և Աստծո փառքը պատմելու այժմ և միշտ և հավիտյանս. ամեն: 

 

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-08-09
×