Նավակատիքը կիրառվում է երկու հիմնական իմաստով: Մեկի համաձայն՝ «նավակատիք» նշանակում է նոր կառուցված եկեղեցու, շինության նվիրագործման ու բացման հանդիսությունը: Մյուս իմաստով նավակատիքը տաղավար տոների նախընթաց օրն է՝ նախատոնակը, որից հետո մեղմացվում է նաև տաղավար տոներին նախորդած շաբաթապահքը: Նավակատիքի պահքը հայոց մեջ ուշ շրջանում է հաստատվել: Այն հիմնական պահքից տարբերվում է նրանով, որ եթե հիմնական պահքի համար սահմանված է կենդանական ծագման սննդատեսակներից և ոգելից ըմպելիքներից հրաժարվել, ապա Նավակատիքի ժամանակ պահքը մեղմացվում է և թույլատրվում է օգտագործել կթեղեն սննդատեսակներ՝ կաթնեղեն, հավկիթ: Ավելի ուշ նավակատիքի պահքին թույլատրվել են նաև ձուկը և գինին:
Պահքի ընթացքում անթույլատրելի սննդատեսակների մասին ամենավաղ վկայությունը գտնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ ավանդված «Յաճա-խապատում ճառք»-ում, որտեղ հրահանգվում է պահքի ժամանակ զգուշանալ մսից և գինուց: Ե դարում Հովհան Ա Մանդակունի հայրապետը մսին և գինուն ավելացնում է կենդանական ու բուսական սննդատեսակներ:
Մեծ պահքի և ծիսական փոփոխությունների հարցերը քննարկելու համար հայերը քանիցս ժողովներ են գումարում թե՛ Կիլիկիայում, թե՛ Հայաստանի արևելյան մասում, որոնք հիմնականում դեմ են արտահայտվում օտար սովորույթներին: Եկեղեցիների միության փորձերի ընթացքում Արևելյան վարդապետները հանդես են գալիս Հայոց Եկեղեցու դիրքորոշումը պաշտպանող թղթերով: 1302 թ. գրված «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» ծիսադավանաբանական երկում Ստեփանոս Օրբելյանը տրտմում է, որ օտար սերմեր ընձյուղվեցին մեր անդաստաններում, և Թորգոմի ազգը պախարակում է Մեծ ճրագալույցի նավակատիքը՝ ձեթով, ձկով և գինով: Նա նավակատիքի ուտեստը համեմատում է դրախտի արգելքի հետ: Նավակատիքը ո՛չ կատարյալ ուտիք է, ո՛չ էլ՝ կատարյալ պահք, այլ դրանց միջոցը: Ուստի պահքը կարելի է թեթևացնել, բայց ոչ ամբողջությամբ վերացնել. չպահել այնպես խիստ, ինչպես հույներն են պահանջում, և չարձակել ու միս ուտել: Ծննդյան և Հարության տոների նավակատիքը չպետք է հավասարեցնել պահոց մյուս օրերին։
Մխիթար Գոշը շեշտում է, որ հայերի, հույների, վրացիների ծիսական, նաև պահոց առանձնահատկությունները հերձվածողության պատճառ չեն: ԺԳ-ԺԴ դարերում գործած նշանավոր հայրեր Հովհաննես Երզնկացի Պլուզը, Եսայի Նչեցին, Կիրակոս Երզնկացին դեմ են արտահայտվում պահքի ընթացքում ձուկ կամ գինի օգտագործելուն և վերահաստատում նավակատիքին մսեղեն, նաև ձուկ չուտելու կարգը: Գրիգոր Տաթևացին տարվա օրերը երեք խմբի է բաժանում՝ կարծես սահմանելով եկեղեցական օրացույցի սննդային կարգավորումները ուտիք (կերակուրն է մսեղենը), պահք (կերակուրն է բանջարը՝ ընդով ու պտղով) և նավակատիքը (կերակուրներն են ձուն, ձեթն ու կաթը)։ Այսպիսով, բուսական սննդատեսակները սահմանվում են պահքի, կենդանականը՝ ուտիքի, կթեղենը՝ նավակատիքի համար: Հայոց Եկեղեցին սահմանում է նավակատիքի պահքը: Սակայն Մաղաքիա արք. Օրմանյանը, նաև ԺԹ-Ի դարերի ազգագրական սկզբնաղբյուրները վկայում են, որ նավակատիքին ձկան գործածումը, այնուամենայնիվ, մտել է հայոց կենցաղ:
Սուրբ Ծննդյան և Հարության տոներին նավակատիք է լինում նախորդ օրերի Ճրագալույցի Պատարագից հետո, իսկ Վարդավառի, Աստվածածնի Վերափոխման և Խաչվերացի տոների նավակատիքը սկսվում է տոներին նախորդող շաբաթ օրվա առավոտյան Պատարագից հետո: Պահքը վերջնականապես լուծվում է Տոնապան Պատարագից հետո:
Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան Արարատյան
Հայրապետական թեմի պաշտոնաթերթ