Ավագ շաբաթը, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է:
- Ի՞նչ խորհուրդ ունի Ավագ շաբաթը Քրիստոնյաներիս համար
- Մահվան դեմ հաղթանակի և մեր փրկության խորհուրդն ունի. մեղքի պատճառով մարդկային սերունդն հայտնվեց սատանայի իշխանության ներքո և մեր հոգիները՝ իբրև գերիներ, փակվեցին դժողքի զնդաններում: Ավագ շաբաթ օրը մահվան դեմ հաղթանակի օրն է: Մահվան տխուր իրականություն հիշեցնող գերեզմանը այլևս Ավագ շաբաթ օրվա խորհրդով մեր առաջ բացվում է որպես լույսի խորհուրդ:
- Քրիստոս Իր մահով և Հարությամբ ի՞նչ փոխեց մեր կյանքում
- Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր մահով մեզ ազատագրեց մահվան գերությունից՝ բոլորիս մեղքերը վերցնելով Իր վրա: Այսպիսով Քրիստոս խաչվում է, իջնում դժողք և գերեվարված հոգիներին ազատագրում:
Քրիստոսի մահվան խորհուրդը հասկանալու համար, նախ պետք է հասկանանք Սուրբ Գրքում որոշակի հատվածներ, որովհետև անմահը չէր կարող մահանալ: Իր մահվան նպատակը այն էր, որպեսզի մահով վճարեր՝ բոլորիս մահվան պատճառը հանդիսացող մեղքի գինը: Երբ դրախտում Աստված ծառ տնկեց, պատվիրեց, որպեսզի մարդը չուտի արգելված պտղից. «Չուտեք, որպեսզի մահկանացու չդառնաք»:
Մեղքի գինը մահն էր. երբ մարդը արտաքսվեց դրախտից՝ մեղքից հրաժարվելով, պետք է վերադառնար իր անմահությանը: Որպեսզի մենք կարողանանք ազատվել մեղքից, Աստված մարդ է դառնում և կարողանում է Իր օրինակով մեզ ցույց տալ մեղքից ազատվելու հնարավոր ճանապարհները: Ուստի, Աստծո հետևից պետք է գնանք, քանի որ միայն Նա է, որ պետք է առաջնորդի մեզ:
- Ինչու՞ է Ավագ շաբաթ երեկոյան մատուցվող Սուրբ Պատարագը ստացել Ճրագալույց անվանումը
- Հարության տոնին նախորդող շաբաթ օրը, երեկոյան Պատարագ է մատուցվում, որը հայտնի է Ճրագալույցի Պատարագ անվամբ: Ճրագալույց նշանակում է ճրագ վառել. նյութական իմաստով, քանի որ երեկոյան է մատուցվում Ս. Պատարագը, լուսավորության համար վառվում էին եկեղեցու ճրագները: Հոգևոր իմաստով ճրագները վառելու խորհուրդը մեզ հուշում է նոր իրողության մասին, որով մարդկային ապականված բնությունը նորոգվեց: Այն մեզ հուշում է այն անստվեր իրական լույսի ծագման մասին, որի մասին խոսվում է Հովհաննեսի Ավետարանում. «Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1:4-5):
- Ինչու՞ է Սուրբ Հարության տոնը հայտնի Զատիկ անվամբ
- Զատկի տոնը հրեաների մեջ տոնվում էր, այն պատմական պատճառով, որ հրեա ազգը 400 և ավելի տարիներ Եգիպտոսի գերությունից Մովսեսի առաջնորդությամբ ազատվեց: Կարող ենք ասել՝ մենք էլ Հարության խորհրդով զատվեցինք չարի իշխանությունից: Սա է պատճառը, որ Սուրբ Հարության տոնը նաև Զատիկ ենք անվանում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք Պահքից դուրս եկած մարդկանց, այլևս չմեղանչելու և պահքի ընթացքում ձեռք բերած մաքրության մեջ հարատևելու համար
- Կարևոր է, որ պահքի ընթացքում այն ձեռքբերումները, որ հավատացյալները ունենում են կարողանան պահել և զարգացնել: Մենք ոչ միայն այս ընթացքում պետք է մտածենք վատ սովորություններից ազատվելու մասին, այլ մեր ամբողջ կյանքի ընթացքում պետք է ձգտենք այդ ամենին: Մարդ, երբ ազատվեց դրախտից, ինքը այլևս ուներ մեկ ճանապարհ ՝ վերադառնալ դրախտ, իսկ դրախտ վերադարձի ճանապարհը անցնում է մեղքից հրաժարվելով, հետևաբար պետք է կարողանանք լույսը զորացնել, որպեսզի խավարից զատվեք:
Զրուցեց Մարիետտա Խաչատրյանը