Ավագ ուրբաթ օրը հիշատակվում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, մահը և թաղումը: Այս խորհուրդների մասին զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
- Ավագ շաբաթվա ընթացքում հավատացյալների խոհերի հիմնական առարկան ի՞նչը պիտի լինի:
- Ավետարանում Քրիստոսի երկրային կյանքի դրվագները ներկայացված են ոչ ժամանակագրական հաջորդականությամբ: Սակայն Ավագ շաբաթվա՝ Քրիստոսի կյանքի վերջին շաբաթվա պատմությունը ներկայացված է ժամանակագրական կարգով: Մեզ համար շատ կարևոր է, որ ավետարանական այս բոլոր պատմությունները փորձենք վերաիմաստավորել և ամեն օրվա խորհուրդը մեզ համար դարձնել մեր հոգևոր կյանքի հիմքը:
Մենք մեր կյանքում հաճախ առիթ ունենք Ավետարան կարդալու, ավետարանական պատմություններին հաղորդ դառնալու, բայց կարևորն այն է, թե այդ պատմությունները որքանով մերը կդառնան: Առավել ևս Ավագ շաբաթվա ավետարանական իրադարձությունները, որոնք դարձել են խորհուրդ, մեզ առիթ են տալիս հասկանալու, թե այդ պատմության մեջ որտեղ ենք մենք և ինչ անելիք ունենք:
- Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: «Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Ո՞րն է խաչելության խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում:
- Խաչելությունն անհնար է հասկանալ, այն խորհուրդ է, որը պետք է ապրել: Խաչելության խորհրդին հաղորդակից լինելու համար կարևոր է, որ մենք էլ գնանք Քրիստոսի հետևից՝ քայլելով Գողգոթայի̀ խաչի, չարչարանքների ճանապարհով: Կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր կյանքում բացահայտենք այս խորհուրդը: Իսկ դրա համար ոչ թե պետք է գեղեցիկ ձևակերպել խաչելության պատմությունն, այլ պարզապես ապրել, որովհետև Քրիստոս մեզ տվեց օրինակ՝ ուրանալով անձը քայլել խաչի ճանապարհով: Սա նշանակում է, որ խաչելության խորհուրդը մեզ համար չարի նկատմամբ հաղթանակն է, հաղթանակը՝ աստվածային սիրով:
- Շատերը նշում են, թե խաչը Քրիստոսի մահվան գործիքն է, իրականում քրիստոնեական տեսակետից դիտելով, ո՞րն է Խաչի խորհուրդը:
- Բոլոր հուշարձանները կանգնեցվել են սիրով, իսկ խաչը միակ «հուշարձանն» է, որ կանգնեցվել է ատելությամբ, չարությամբ, սակայն դարձել է մարդկության փրկության գրավականը՝ շրջելով պատմության ընթացքը: Քրիստոսի խաչելությունից հետո աշխարհում ստեղծվեց մի իրավիճակ, որից հետո այլևս անհնար է ապրել առանց Խաչի խորհրդի:
Խաչն, այո՛, ամենադաժան մահվան գործիքն էր, սակայն Ավետարանը մեզ բացահայտում է, որ Քրիստոս իր մահով հաղթեց մահվանը, և Խաչն այլևս մահվան գործիքից վերափոխվեց՝ դառնալով կյանքի աղբյուր: Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում մեզ սովորեցրեց՝ ինչպես ապրել, և դատապարտվելով անարգ և դաժան մահվան՝ խաչելության, մեզ նաև սովորեցրեց՝ ինչպես մեռնել: Քրիստոսով փոխվեց ինչպես կյանքի, այնպես էլ մահվան նկատմամբ մեր վերաբերմունքը:
- Այս օրը կատարվում է նաև թաղման կարգ: Ե՞րբ է Քրիստոս մահանում մեր հոգիներում:
- Քրիստոս մեր մեջ մահանում է, երբ հրաժարում ենք Նրանից, հրաժարվում ենք հետևել Նրա օրինակին, ապրել Քրիստոսի պատվիրաններով: Երբ սերը պակասում է և մարում է յուրաքանչյուրիս կյանքում, Քրիստոս մահանում է մեր մեջ: Այդ թույլ չտալու ամենակարևոր պայմանը և պատգամն այն սերն է, որով Քրիստոս զոհաբերվեց և իր կյանքը տվեց մեր փրկության համար: Որպեսզի կարողանանք Քրիստոսի կենդանի օրինակը և ներկայությունը մեր կյանքում պահպանել, պիտի ապրեք այն սիրով, որը Քրիստոս թողել է յուրաքանչյուրիս իբրև օրինակ:
- Քրիստոս մարդկության համար զոհեց ամենաթանկը՝ իր կյանքը: Արդյո՞ք գնահատված է Քրիստոսի այսչափ զոհողությունը մեր՝ քրիստոնյաներիս կողմից, և ինչպե՞ս պիտի գնահատենք այն:
- Միշտ չէ, որ գնահատում ենք Քրիստոսին: Եթե մարդը մեղքեր է գործում և ցավ է ապրում ոչ թե գործած սխալի համար, այլ մտահոգվում է դրա հետևանքների մասին, նշանակում է, որ այդքան էլ չի գնահատում Քրիստոսի զոհբերությունը: Գուցե և մարդու համար բարդ է ամբողջապես հասկանալ ու գնահատել այն զոհաբերությունը, որ արեց Քրիստոս: Դա կարող է հասկանալ միայն նա, ով ինքն էլ պատրաստ է իր կյանքը տալ՝ հանուն դիմացինի: Քրիստոսի զոհաբերությունն ինքնին տեսական ձևակերպումների չի ենթարկվում: Դա կյանք է, որը պիտի ապրենք:
Հին Կտակարանում երբ մարդ մի փոքր մեղք էր գործում, դա նրան չէր ներվում, քանի որ խախտում էր Օրենքը, իսկ Նոր Կտակարանում երբ մարդ գործեց ամենամեծ հանցանքը՝ սպանեց Աստծո Որդուն, Աստված ներեց: Սա հենց այդ սիրո դրսևորումն է, որով պիտի ապրենք: Երբ սովորենք այդ սիրով ապրել, կգնահատենք նաև Քրիստոսի զոհաբերությունը: