Ավագ չորեքշաբթի. Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Ավագ չորեքշաբթի. Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է այն մեղավոր կինը, ով թանկարժեք յուղով օծեց Տիրոջը: Օծման և մատնության խորհրդի մասին զրուցել ենք Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ:


 

- Տե՛ր հայր, Ավագ շաբաթվա ընթացքում հավատացյալների հոգևոր մտորումների  հիմնական առարկան ի՞նչը պիտի լինի:
 

- Թե՛ Մեծ Պահքի, թե՛ Ավագ շաբաթվա շրջաններին քրիստոնյան պետք է խորհի իր անցած ճանապարհի, իր կյանքի մասին, թե ինքն ինչպես է որպես քրիստոնյա ապրում այս աշխարհում: Ծննդոց գրքում ջրհեղեղի հատվածում կարդում ենք, որ Աստված խոստացավ, որ այլևս ջրհեղեղով չպիտի պատժի մարդկությանը, որովհետև մարդն իր ծնունդից չար է: Այսինքն՝ մենք մեր ծնունդից, ադամական մեղքով հակում ունենք դեպի չարը: Եվ որպեսզի մարդ որպես քրիստոնյա ապրի, նա շարունակ պայքարի մեջ է: Իսկ պայքարի մեջ լինելու համար միշտ պետք է հետադարձ հայացք ուղղենք՝ ճիշտ հոգևոր զենքեր ընտրելու և որպես քրիստոնյա ճանապարհը շարունակելու համար: Մեծ պահքըև Ավագ շաբաթը մեզ տալիս են այդ հնարավորությունը մի պահ կանգ առնելու և խորհելու մեր անցած ճանապարհի մասին՝ Քրիստոսին, մեր Եկեղեցու հայրերին ու սրբերին որպես օրինակ ունենալով:


 

- Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է այն մեղավոր կինը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը: Ո՞րն է օծման խորհուրդը և մահվան ընկալումը քրիստոնյայի համար:


- Օծումը խորհրդանշում է Քրիստոսին ողջ նվիրումը: Նույնպես և մենք՝ քրիստոնյաներս պետք է պատրաստ լինենք մեր անձը խոնարհեցնել՝ հանուն Քրիստոսի, ինչպես այդ կինը վարվեց: Նա իր ամբողջ զղջումն ամփոփեց օծման մեջ: Մենք էլ մեր զղջումը պիտի ունենանք և մեր անձը խոնարհեցնենք Քրիստոսի ոտքերի առջև՝ արժանանալու Քրիստոսի շնորհին:

Ինչ վերաբերում է մահվան խորհրդին, ապա քրիստոնյան, ապրելով այս աշխարհում, մահը միշտ իր աչքի առաջ պիտի ունենա: Մենք հյուր ենք այս աշխարհում և այս աշխարհի համար մենք օտար ենք: Քրիստոս ասաց՝ Ես այս աշխարհից չեմ: Նույնպես ամեն մեկն, ով կրում է Քրիստոսի կնիքը, այս աշխարհից չէ, քանի որ մեր ժառանգությունը Երկնքում է, որտեղից Ադամը և Եվան արտաքսվեցին: Մեր, այսպես ասած, հայրենական տունը, ժառանգությունը գտնվում են Երկնքի արքայության մեջ: Եվ այդ պատճառով քրիստոնյան չպետք է վախենա մահվանից: 

 

Մահվանից վախենում ենք, քանի որ դրա մեջ տեսնում ենք անորոշություն, սակայն  երբ Քրիստոսին ճանաչում ենք, այդ անորոշությունն էլ է վերանում: 


 

- Աշակերտները հանդմանեցին կնոջն, ով յուղով օծեց Քրիստոսին՝ ասելով, որ կարող էին այդ յուղը վաճառել և աղքատներին օգնել: «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»,- ասաց Քրիստոս: Ինչպե՞ս մեկնաբանել այս հատվածը:


- Նախ հիշենք, որ այդ հարցը տվողը Հուդան էր, ով գանձապահ էր և գող էր: Եվ եթե այդ յուղը վաճառեին, այդ գումարը պիտի կուտակեին գանձապահի մոտ: Այսինքն՝ նա խոսում էր ի շահ իր անձի: Մենք շատ պարագաներում անտեսում ենք Քրիստոսին՝ ելնելով մեր շահերից, սակայն մեր շահը չպիտի գերադասենք: Քրիստոսի խոսքը չկատարելու համար փնտրում ենք զանազան պատրվակներ՝ ասելով՝ աղքատների, այլոց մասին ենք մտածում, մինչդեռ իրականության մեջ պարզապես չենք կատարում Քրիստոսի խոսքը: Շատ մարդիկ աղոթքին, ժամերգություններին կամ Սուրբ Պատարագներին իրենց բացակայությունը պատճառաբանում են այլոց օգնելով: Բայց կան առանցքային արժեքներ, ինչպիսին և Սուրբ Պատարագն է, որոնք ոչնչով չեն փոխարինվում: Նվիրենք մեր սահմանված ժամանակն Աստծուն, իսկ մյուս կենցաղային հարցերը կարող ենք կյանքի կոչել Սուրբ Պատարագից հետո:


 

- Օծման դեպքին հաջորդեց Հուդայի՝ Հիսուսին մատնելու դրվագը. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Մենք՝ քրիստոնյաներս, մեր գործերով, ոչ անմիջականորեն ինչպե՞ս ենք մատնում Քրիստոսին, ինչպե՞ս խուսափենք նման մոլորություններից:

 

- Ինչպես արդեն նշվեց, մարդ մատնում է Քրիստոսին, ավետարանական արժեքները՝ ելնելով իր շահից: Այսինքն՝ երբ աղոթքի ժամանակ ասում ենք թող քո կամքը լինի, սակայն երբ գալիս է իրականում Քրիստոսի կամքով շարժվելու ժամանակը, մենք նախընտրում ենք մեր կամքը, քանի որ այդ պահին մեզ առավել հարմար և շահավետ է այդպես:
 

Մեղաների շարքում մենք նշում ենք «կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ…»: Այսինքն՝ շատ պարագաներում ոչ բոլորս ենք գիտակցում մեր քայլերի ողջ բովանդակությունը և արարքներ, սխալներ ենք գործում, որոնք տխրեցնում են Քրիստոսին:


 

- Հուդայի մատնությանը հաջորդեց նաև նրա զղջումը, որը նման չէր Պետրոսի զղջմանը: Ի՞նչ պիտի անի մեղք գործած և իր այդ արարքի համար զղջացած իրական քրիստոնյան:

 

- Թե՛ Հուդան, թե՛ Պետրոսը իրապես զղջացին: Բայց ի տարբերություն Պետրոսի, Հուդայի զղջումը հուսահատության տարավ: Քրիստոնյան իրավունք չունի հուսահատվելու, և մեր զղջումը մեզ չպետք է տանի հուսահատության, այլ լցնի հույսով, որ ինչպես առաքյալներն են ասում, Աստված ուշացնում է իր գալուստը, որովհետև չի կամենում որևէ մեղավորի մահը, այլ ցանկանում է տեսնել նրա դարձի գալը և ապրելը: Այսինքն՝ Տերը միշտ սպասում է մեր զղջմանը, ապաշխարությանը և դարձին, ինչպես վարվեց Պետրոսը: Եվ Պետրոսի նման, երբ զղջանք, մեր քայլերը պիտի ուղղենք դեպի Քրիստոս, որպեսզի ստանանք ներումը: Պետրոս ուրացավ Քրիստոսին երեք անգամ և իր կարգի մեջ հաստատվեց կրկին երեք անգամ խոստովանելով Տիրոջը: Ուստի՝ մենք էլ զղջալիս բռնենք այս ուղին, որպեսզի Քրիստոսով նորից վերականգնվենք մեր՝ քրիստոնյայի առաքելության մեջ:


 

Զրուցեց Վիկտորյա Մարկոսյանը

  • 2021-08-09
×