Պահքը պտղաբեր է դարձնում կյանքը

Պահքը պտղաբեր է դարձնում կյանքը

Պահքը հնարավորություն է՝ կտրվելու առօրյա հոգերից, սեփական խղճի, Աստծո արդարության ու սիրո առաջ կանգնելու և ինքներս մեզ հարցնելու. «Իմ կյանքը որքանո՞վ է պտղաբեր»: Ամեն օր արթնանում ենք Աստծո ողորմությամբ, հասակով ու մտքով աճում ենք օր-օրի, մեր աչքի առջև են ավետարանական հերոսները, մեր սրբերը և բացի այդ ամենի մասին խոսելուց, ի՞նչ հետք է թողնում այս ամենը մեր հոգում: Որքանո՞վ է Աստծո խոսքը արձագանքվում մեր կյանքում: Ի՞նչը մեզ կարթնացնի, կսթափեցնի:

 

 

Ցանկանում ենք, որ մեր կյանքը պտղաբեր լինի, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է: Երբ մտածում ես այս մասին, հասկանում ես, որ այդ խանգարողը հենց դու ինքդ ես: Հասկանում  ես, որ քո ամբողջ ուշադրությունը, ներուժը, հնարավորությունները կենտրոնացած են միայն քո անձի՝ քո ցանկությունների, քո կարիքների, քո մտքերի, քո զգացմունքների վրա: Ու ստացվում է, որ կյաքիդ ամենակարևոր բառը «ես»-ն է: Այս է պատճառը, որ Քիստոս պատվիրեց, թե ուրացիր քո անձը և արի իմ հետևից:

 

 

Անձը ուրանալ՝ չի նշանակում տխուր ու գորշ կյանք ապրել: Մեր այդ փոքրիկ «ես»-ը մեզ խանգարում է հասնել մեծության, որի հիմքում Աստծո պատկերն է ու իրական ուրախությունը: Մենք ամբողջ կյանքի ընթացքում զբաղված ենք ընդամենը մեր  «ես»-ը բոլոր հոլովներով հոլովելով: Հենց սա է իրականում անպտուղ ու տխուր կյանքը:

 

 

Պիտի կարողանանք այդ «ես»-ին ասել̀ մի կողմ քաշվիր, որպեսզի տեսնեմ իրական կյանքն իր խորությամբ ու ամբողջ բովանդակությամբ, որպեսզի գտնեմ իմ տեղը: Իսկ մենք, առավել կարևորելով մեր «ես»-ը, որևէ փորձության հանդպելիս կարծում ենք՝ կյանքը հենց այդտեղ էլ ավարտվում է, դա է սահմանը: Սակայն իրական կյանքն այդ փորձությունից այն կողմ է, պարզապես պետք է կարողանալ տեսնել ու անցնել դրանից այն կողմ: Քրիստոս սովորեցրեց̀ վերցրու քո խաչը և արի Իմ հետևից: Փորձությունների ու դժվարություններին ընդառաջ ոչ թե պիտի հուսահատվենք, այլ պատասխանատվություն վերցնեք  ու քայլենք առաջ:

 

 

Հոգևոր կյանքի համար անչափ կարևոր է ապրել ներկայով, զգալ ու իմաստավորել ներկան: Իսկ մենք սովոր ենք ներկայի մեջ ետ նայել ու ափսոսալ նախորդ օրվա արածի, կամ չարածի համար: Քրիստոնյան պետք է ապրի այնպես, որ ամեն մի օրը լինի հաղթանակ նախորդ օրվա նկատմամաբ, այլ ոչ թե օրերը հաջորդեն մեկը մյուսին՝ ժամանակի թելադրանքով:  

 

 

Հաճախ մարդիկ բողոքում են անցայլի վատ հիշողություններից, ցանկանում են առաջ շարժվել, սակայն անցյալի վատ հիշողությունները խանգարում են: Փորձում են վանել այդ հիշողությունները, ինչը սխալ է: Մոռանում ենք, որ Քրիստոս Իր կյանքը տվեց մեր փրկության համար, որ կարողանանք ապրել նորովի ու նորից: Աստված մեզ տալիս է հնարավորություն հիշելու անցյալը և վերապրելով այն՝ նորովի ապրելու կյանքը:

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-08-09
×