Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը վերցրել է աստվածաշնչական այն դրվագից, ուր պատմվում է, թե ինչպես մարդու դրախտային երջանիկ կյանքը ողբերգական վախճան է ունենում: Աստված Ադամին և Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու ու չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այդ օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»( ծննդոց 2:16-17):
Արտաքսման կիրակիի իմաստալից խորհուրդը բացայայտում է այս շարականը՝
«Դու, ո՛վ Տեր, նախ դրախտում տվիր պահքի սուրբ օրենքը, որը չպահեցին մեր նախածնողները, և արգելված պտուղից ուտելով՝ ճաշակեցին մեղքի ու մահվան դառնությունը, այդ պատճառով, Տեր, շնորհիր մեզ, որ ճաշակենք պատվիրաններիդ քաղցրությունը»:
Ադամի և Եվայի դրախտից արտաքսումը՝ անհնազանդության պատճառով, մեզ առաջնորդում է մտածելու, խորհրդածելու կյանքի որոշ ճշմարտությունների մասին:
Նախ̀ տեսնում ենք Աստծո գուրգուրանքը և դրան հակառակ՝ մարդու անհնազանդությամբ դրսևորված ապերախտությունը՝ արգելված բարու և չարի գիտության ծառի պտուղի ճաշակումով:
Այս դրվագի երկրորդ ակներև ճշմարտությունը, դրսևորվում է Ադամի և Եվայի ինքնարդարացման ճիգով, որով փորձում են ուրիշներին մատնանշել որպես իրենց անհնազանդության պատասխանատու: Մարդ արարածը միշտ փորձել է ուրիշին մատնանշել որպես իր սխալի և մեղքի պատասխանատու: Ես-ը մարդու մեջ այնքան զորավոր է ու շեշտված, որ նա չի կարող տեսնել իր սխալը, իր սայթաքելը և նույնիսկ ուրիշների սայթաքման պատճառ լինելը:
Երրորդ ճշմարտությունն այն է, որ ամեն մեղք ունի իր համապատասխան պատիժը, որ որքան էլ ծանր լինի՝ միաժամանակ դաստիարակիչ է և ուսանելի:
Արտաքսման կիրակիի խորհուրդը, իր էության մեջ, կայանում է մարդու անհնազանդությամբ մեղքի աշխարհ մուտք գործելու իրականության մեջ: Պողոս առաքյալի բառերով՝ «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին» (Հռոմ.5:12):