Ավագ հինգշաբթի օրվա ավանդույթները հայոց մեջ

Ավագ հինգշաբթի օրվա ավանդույթները հայոց մեջ

Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության առանցքային դեպքերը կատարվում են Ավագ շաբաթվա ընթացքում: Այն Զատկին նախորդող Մեծ պահքի վերջին շաբաթն է: Ավագ շաբաթվա բոլոր օրերն ունեն իրենց խորհուրդը: Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»: Հիսուսի կյանքի այս դրվագ­ը նկա­րա­գրված է բոլոր չորս Ավետարաններում (Մատթեոս ԻԶ 17-30, Մարկոս ԺԴ 12-25, Ղու­կա­ս ԻԲ 7-23, Հովհաննես  ԺԳ 21-30) և հիշատակված՝ Պողոս առաքյալի՝ կորն­թա­ցիներին ուղղված Ա թղթում (ԺԱ 23-25): Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղոր­դու­թյուն է տրվում:

 

 

Օրվա հաջորդ ծիսակարգը Ոտնլվան է: Հովհաննու Ավետարանը պատմում է, որ Վեր­­ջին ընթրիքի ժամանակ  Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խո­նար­հության օրինակ, և նրանց պատվիրեց միմյանց հանդեպ նույնն անել (ԺԳ 1-20): Այս պատգամին հետամուտ՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կար­գա­դրու­թյամբ (XI դ.) Ոտն­լվան ներ­դրվեց հայոց ծիսակարգում։ Համաձայն այդ կարգի՝ հոգևո­րա­կանը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մա­նուկ, պատանի, երի­տա­սարդ և տա­րեց տասներկու ընտրյալ այրերի ոտ­քերը, ովքեր նախ­ըն­թաց տարում ջա­նա­դիր են եղել տարբեր ոլորտ­նե­րում իրենց առաքելությունը լա­վա­գույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք: Նախկինում ոտնլվան կատարվել է ըստ ավագության կարգի:

 

 

Ավագ շաբաթը հայոց տոնացույցերում հիշատակվում է դեռևս V-VI դդ., Ավագ հինգ­շաբթին՝  «Հինգշաբթի աւր՝ հին Զատկին․․․», «Մեծ հինշաբթի» ձևակերպումներով: Այդ օրը հա­ղորդություն տալու կամ հաղորդվելուց հետո Մեծ պահքը լուծելու խնդիրները միջ­եկե­ղե­ցա­կան հարաբերություններում ծիսական վիճելի հարցերից են եղել: Դեռևս վաղ միջ­նադարի կանոնական գրվածքներում հրահանգվում է Ավագ հինգշաբթի օրը հաղոր­դու­թյուն ընդունելուց հետո պահքը պահել մինչև Զատիկ, այլապես ամբողջ Մեծ պահքն ընդ­ու­նայն կլինի: Հինգշաբթի օրը պահքը ձվով լուծելու դեպքեր հանդիպում են նաև այսօր, ինչը ոչ թե Եկեղեցու հաս­տատ­ած կարգին ընդդիմանալու, այլ եկեղեցական ավանդույթը չիմանալու հետևանք է, որը ցուցում է Հարության խորհրդանիշ հավկիթը ճաշակել Զատ­կին՝ դրանով լուծելով Մեծ պահքը:

 

 

Եկեղեցական արարողություններին զուգահեռ՝ դարեր ի վեր կենցաղավարել են Ա­վագ հինգշաբթիի հետ կապված սովորույթներ, որոնք անուղղակիորեն վկայություն են օր­վա խորհրդի զորության հանդեպ հայ մարդու ունեցած հավատի: Ավագ հինգշաբթին տոնական օր է համարվել։ Ավագները երեխաներին հորդորել են հաղորդ­վե­լուց հետո չհայ­հո­յել, միմյանց հետ քաղցր խոսել, այլապես մեղք գործած կլինեն։

 

 

Երեկոյան ժամերգության ընթացքում նոր հարած կարագ, յուղ են տարել եկեղեցի: Քահանան օրհնել է և քսել տղամարդկանց ոտքերին ու կանանց ձեռքերին: Ապա մեծ ու փոքր մի-մի կտոր օրհնված կարագ են վերցրել, քսել աչքերին, ականջներին, ճակատին, ձեռքերին, մազերին։ Շատերը տարել են տուն ու քսել կովի ստինք­ներին, որպեսզի առատ կաթ տա, ընտանի կենդանիների հիվանդ մասերին, կամ դրել են յուղի կճուճի, կարասի, խնոցու մեջ՝ դրանք մշտապես լիքը տեսնելու ակնկալի­քով։ Ավելի ուշ Ոտնլվայի արարո­ղու­թյան ժամանակ կատարվող կարագի օրհնությունը դարձել է Եկեղեցու հոգևոր-բարե­պաշ­տական արարո­ղու­թյուններից մեկը:

 

 

Երկրագործն Ավագ հինգշաբթի իր գործիքներից որևէ մաս և մի բուռ սեր­մ դրել է եկե­ղե­ցու գրակալի մոտ, որպեսզի օրհնվեն։ Շատերը ծառ են տնկել և սերմներ ցանել՝ առատ բերքատվության ակնկալիքով։ Կանայք Մեծ պահքի ընթացքում հավաքած մածունն ու հում սերը սկսել են խնոցիով հարել, նորոգել են թթխմորը։ Ավագ հինգշաբթին համարվում է տերունի օր։ Հավատացել են, որ այդ օրվա ձեռնարկած գործերը հաջողությամբ կպսակվեն, և ինչ որ մտածեն, Աստված կլսի։ Դարբին­ները չարխափաններ են պատրաստել, որոնք մարդիկ կախել են մարմնի տարբեր մասերից՝ հիվանդություններից բժշկվելու, բնա­կան աղետներից և մարդ­կային չարիքից զերծ մնալու համար: Վարակիչ հիվանդություն ունե­ցող­­ները, երա­զում Սա­հակ Պարթևից հորդոր ստա­նալով, Ավագ հինգշաբթի ուխտի  են գնացել Աշտիշատ՝ նրա գե­րեզ­մանին ուխտի՝ հավատով, որ սուրբ հայրապետի բարե­խո­սու­թյամբ բժշկություն կգտնեն։

 

 

Աղջիկները գնացել են դաշտերը՝ ուտելի կանաչեղեն հավաքելու։ Բաժին են հա­նել նաև այն ընտանիքներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դաշտ չեն գնացել։ Հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր քաղած կանաչեղեն ուտեին։ Շատերը կանաչեղենը եփել են և եկե­ղե­ցում որպես մատաղ բաժանել։ Օրվա ուտեստներից էր «աղամաղը» կամ «աղի-մաղին»։ Պատ­րաստ­վել է սմբուկի գլխիկի կանաչ կեղևով, որը չորացրել ու խաշել են, մանրացրել, սոխով տապակել, աղ ու պղպեղ ավելացրել և կերել։ Այդ օրը, հատկապես ննջեցյալ ունեցող ըն­տա­­նիքներում, ընդունված է եղել կանեփով հաց թխել: Սգակիրների հարազատներն այցելել են նրանց՝ նոր թխված հացերից տանելով։

 

 

Հայաստանի որոշ բնակավայրերում այսօր էլ ընունված է Ավագ հինգշաբթի նորա­հարսին դարձ տանել, ինչը տևում է մինչև Զատկի կիրակի:

 

 

Հովհան Օձնեցին (VIII դ.) կանոնակարգել է, որ մյուռոնը պետք է օրհնի հայրապետը, սակայն մեկ անգամ՝ Ավագ հինգշաբթի, այդ կարգը կարող է կատարել եպիսկոպոսը: Այս բա­ցառու­թյու­նը, հավանաբար, պայմանավորված է եղել կաթողիկոսի օրհնած մյուռոնը հե­ռավոր թե­մեր տեղափոխելու դժվարություններով, և որպեսզի հավատացայլներն ան­­մասն չմնան մկրտության, դրոշմի և այլ խորհրդակատարումներից, մյուռոնօրհնության արտոնություն են ստացել նաև եպիսկոպոսները: Հետագայում այս կարգը չի պահպանվել, սակայն հայրապետի ձեռամբ մյուռոնօրհնությունը երկար ժամանակ կատարվել է Ավագ հինգշաբթի: XX դ. հիշատակումներում տեսնում ենք, որ մյուռոնօրհնությունը կատարվում է աշնանը և այդպես է մինչ օրս:

 

 

 

Պատրաստեց

Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության

ինստիտուտի գիտաշխատող

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-09-21
×