Խոհեր պահեցողության մասին

Խոհեր պահեցողության մասին

 

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

Մատթեոս Զ 16-18

 

 

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք»:

Հռոմեացիներ Ը 13

 

 

«Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»:

Բ Կորնթացիներ ԺԲ 10

 

 

«Միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:

Մատթեոս Դ 4

 

«Դրա համար էլ չենք տկարանում, այլ թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե»:

Բ Կորնթացիներ Դ 16

 

 

«Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին` ասելով. «Բոլոր պտուղներից կեր». սա ուտելիքի համար էր, «Բայց միայն մեկ պտղից մի՛ կեր» (Ծննդոց Բ 16-17). սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ` մեր հայրենի տունը»:

Հովհաննես Երզնկացի

 

 

«Սիրե՛նք պահքը և ամեն տեսակի այլ առաքինություններ և շտապենք ամեն օր բարի գործեր անելու, որպեսզի քառասնօրյա սուրբ պահքի ընթացքում հոգևոր գնումներ կատարենք, հավաքելով առաքինի գործերից մեծ հարստություն»:

Հովհան Ոսկեբերան

 

 

«Պահեցողության պատճառով մեծամտանալը անմտություն է, քանի որ կարո՞ղ է արդյոք վարպետը մեծամտանալ նրանով, որ ինքը շատ գործիքներ ունի, եթե նա դրանցով ոչ մի օգտակար բան չի անում: Եվ այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերը միջոց են` առաքինություն ձեռք բերելու, և ոչ թե իրենք են հանդիսանում առաքինություն»:

Հայր Զոսիմա

 

 

«Զգուշացիր պահքը գնահատել լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, որ իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց»:

Բարսեղ Կեսարացի

 

 

«Մեծ պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ, որ Աստծո ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ: Այդ հարցումի բարերար ներգործության ժամանակն է Մեծ պահքը մեր եկեղեցու ծիսական համակարգում»:

Գարեգին Ա Սարգիսյան

 

 

«Առաջին սրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը...»:

Հովհան Մանդակունի

 

 

«Զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը»:

Շնորհք Պատրիարք

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-09-21
×