Տերը Խորհրդավոր ընթրիքը կազմակերպել էր Զատիկը տոնելու և վերջին անգամ իր աշակերտների հետ հանդիպելու համար: Աշակերտները, համաձայն Հիսուսի պատվերի, պատրաստել էին զատկական ընթրիքը, որի ընթացքում Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը, պատվիրաններ տվեց, ապա մարգարեացավ Հուդայի մատնության մասին: Նա լավ գիտեր, որ իր աշակերտներից մեկը մատնել է Նրան. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն Ինձ մատնելու է»: Տերն ասում է. «Ով իր ձեռքն Ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է Ինձ մատնելու»: Հուդան, որ մատնելու էր Նրան, ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթեոս 26:21-25):
Այնուհետև Տերը վերցրեց հացը, օրհնեց, կիսեց և, տալով աշակերտներին, ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը», այնուհետև գինու բաժակը մեկնեց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:
Քրիստոս հաստատում է Ս. Հաղորդության խորհուրդը:
Հաղորդվելով Փրկչի Մարմնին ու Արյանը, սրբվում ենք և նմանվում Նրան, Ով խաչի վրա թափեց Իր մաքուր Արյունը՝ մարդկանց մեղքի ապականություններից փրկելու համար։ Եվ զգուշանում ենք մեղքերից՝ մտածելով, որ մեղքը խափանում է մեր հաղորդությունը Սուրբի և Սրբության հետ։
Գրիգոր Տաթևացին ասում է. «Այս խորհուրդի գործն է՝ ավելացնել շնորհները և դեղ լինել ամենօրյա մեղքերին» («Գիրք հարցմանց», էջ 594)։ Այս է պատճառը, որ հաղորդվելով՝ պիտի հիշենք Հիսուս Քրիստոսի չարչարանքները։
Իսկ Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է. «Նրանք, ովքեր հավատքով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»։
Հ.Գ. Հիշեցնենք, որ Ս. Հաղորդություն ստանալ կարող են բացառապես մկրտված մարդիկ:
Լիլիանա Օսիպյան