Ավագ հինգշաբթի. այս օրը եկեղեցական արարողակարգի առումով չափազանց հագեցած է: Հինգշաբթի առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, նշենք որ այն տարվա մեջ արվում է մեկ անգամ և այդ ընթացքում երգվում են ապաշխարության շարականներ, ընթերցվում՝ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ: Այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ, ի հիշատակ Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Աշխարհի քրիստոնյաների համար իրենց շփումն Աստծո հետ իրականանում է ամենասերտ կերպով՝ Հաղորդության միջոցով:
Ավագ հինգշաբթի օրը հայ եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից: Այդ օրը պատարագիչ քահանան 12 դպիրների հետ միասին բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում նրանց ոտքերը: Այս արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է, երբ Վերջին ընթրիքից առաջ Հիսուս լվանում է իր աշակերտների ոտքերը: Հին աշխարհում ինչպես գիտենք ճանապարհները փոշոտ էին և երկար ճանապարհ անցնելուց հետո բնական էր, որ մարդկանց ոտքերը կեղտոտվում էին: Հնում ընդունված կանոն էր, երբ մեկի տուն հյուրեր էին գալիս պետք էր նրանց ոտքերը լվանային: Ոտքերը իրականում լվանում էին ծառաները, ստրուկները, աղախինները: Այսինքն այս գործը անպատվաբեր մի բան էր համարվում, որը պետք է կատարեին տան աշխատողները: Որպես խոնարհության բացառիկ օրինակ Քրիստոս, Ինքը առաջինը վեր կացավ, սրբիչը կապեց իր մեջքին և լվաց աշակերտների ոտքերը՝ առաջինը կանչելով Պետրոս առաքյալին:
Եկեղեցու հայրերն այս օրինակի մեջ նաև Մկրտության խորհուրդն են տեսնում: Եթե մեկը հյուր էր գալիս ինչ-որ մեկի տուն, առանց ոտքերը լվանալու ներս չէր կարող մտնել, այդպես էլ որևէ մարդ առանց մկրտության չի կարող եկեղեցի և երկնքի արքայություն մտնել:
Մեր Տիրոջ ձեռքում էր գտնվում և՛ փառքը, և՛ իշխանությունը, բայց Նա այս օրինակով Իր խոնարհությունն է ցույց տալիս մարդկանց՝ պատգամելով, որ եթե ցանկանում ենք մեծ լինել և մեր պատվավոր տեղը ունենալ երկնքի արքայությունում, պետք է սիրով ծառայենք միմյանց:
Ավագ հինգշաբթիի երեկոյան մեր եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը պատկանում է Ավագ ուրբաթին, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է: