Մեծ պահք. Ապաշխարության ճանապարհը

Մեծ պահք. Ապաշխարության ճանապարհը

Մեծ պահքը եկեղեցական տոնացույցի ամենաերկար պահքն է, որը սկսվում է Բուն բարեկենդանին հաջորդող օրը և տևում 48 օր` մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Թեպետ Մեծ պահքը հաճախ անվանում են Քառասնորդական, այն իրականում տևում է 48 օր: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկաս Դ 1-3): Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ պատճառով Քառասնորդական կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան, որոնք, միասնաբար կազմելով «ոսկե շղթա», արտացոլում են մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

 

Բուն բարեկենդան. մարդկային առաջին երջանկությունը

 

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես մինչև անհնազանդությունը դրախտում նախաստեղծները ճաշակում էին անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այդ օրը եկեղեցու զավակները, զարդարված Աստծո օրենքներով և ճաշակելով Աստծո պատվիրանները, ցնծում են՝ հիշելով դրախտային կյանքի երանությունները: Բուն բարեկենդանի օրը փակվում է եկեղեցու վարագույրը՝ Ադամի դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագավորություններ ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է:  Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն:

 

Արտաքսման կիրակի. աշխարհի գրավիչ հրապույրը

 

 Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Երբ Աստված ստեղծեց մարդուն, բացի դրախտային երանություններից, նրանց տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ 16-17): Առաջին մարդիկ, ապրելով դրախտում, վայելում էին Արարչի անսպառ պարգևները: Նրանք չէին կրում ո՛չ հոգսի, ո՛չ տառապանքի և ո՛չ էլ՝ մահվան երկյուղը: Սակայն Ադամն ու Եվան դրախտի այդ երանական կյանքի մեջ երկար չմնացին: Ուտելով բարու և չարի գիտության ծառի պտղից՝ մարդը ընտրեց աշխարհի գրավիչ հրապույրը, և բաժանվեց Աստծո հաղորդակցությունից, կորցրեց մտքի պայծառությունը: Մարդը գլորվեց կատարյալ աշխարհասիրության մեջ:

 

Անառակի կիրակի. կորստից դեպի փրկություն

 

Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակին, մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս ԺԵ 11-32): Անառակ որդու առակը զետեղված է միայն Ղուկասի Ավետարանում:

Մի մեծահարուստ մարդ երկու որդի ուներ, որոնցից կրտսերը, հորից պահանջելով հայրական ունեցվածքից իրեն հասանելիք ժառանգության բաժինը, այն վաճառում է և ձեռք բերած գումարը վատնում մի հեռու երկրում: Անկարգ ու շվայտ կյանքը հասցնում է նրան աղքատության շեմին: Անառակ որդին, խոր զղջում ապրած իր գործած արարքի համար, որոշում է վերադառնալ հոր մոտ և խոստովանել այդ մասին: Որդին ասում է. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս ԺԵ 21): Հայրը վերահաստատում է նրա իրավունքները, ցուցաբերում անսահման գթասրտություն ու ներողամտություն: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքն է, կորստից՝ փրկությունը, ընկած վիճակից վերականգնումը, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է: Որդին «մեռած էր», քանի որ, անառակությամբ ապրելով, վատնեց կենդանարար գոյությունը, «կորած էր», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր գնում: Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց: Այսպես, մենք էլ փորձենք այս օրերին անառակ որդու պես գտնվենք ու վերակենդանանանք՝ վաստակելով Տիրոջ օրհնությունն ու սերը:

 

Տնտեսի կիրակի. չհետաձգել բարի գործերը

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը (Ղուկաս ԺԶ 1-8), որի խորհրդով էլ այն կոչվում է «Տնտեսի կիրակի»: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Տերը, իմանալով տնտեսի արարքը, գովում է նրա հնարամտությունը: Առակում ասվում է. «…որովհետև այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս ԺԶ 8): Աշխարհի որդիները նրանք են, ովքեր ճարպիկ են ու խորամանկ և բոլոր գործերում իրենց շահն են փնտրում: Իսկ լույսի որդիները նրանք են, ովքեր, Աստծուն սիրելով և հանդերձյալ կյանքի ձգտելով հանդերձ, չեն հոգում երկրավորի մասին, այլ միայն հոգևոր հարստությունն են արժևորում:

Սակայն առաջինները նույնպես կարող են փրկվել, եթե իրենց անօրինությունը գիտակցեն ու զղջան, եթե իրենց հանցանքները ընդունեն ու խոստովանեն, եթե ապաշխարեն ու փորձեն իրենց մեղքերը քավել` ներելով և ողորմություն անելով, քանզի «աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակներ ԺԹ 17):  Առակի խորհուրդն այն է, որ եթե մենք ժրաջան ու հնարամիտ ենք մեր նյութական կարիքների համար, երանի նույն ժրաջանությունն ու նախանձախնդրությունը դրսևորենք մեր հոգևոր կյանքում:

 

Դատավորի կիրակի. դատելու չափանիշը արդարությունն է

 

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի», որի անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկաս ԺԸ 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Եթե անիրավ դատավորը, ում վրա ո՛չ Աստծո երկյուղը, և ո՛չ էլ մարդու ամոթը չէին ազդում, կարողանում է նրա դատը տեսնել, որքան ավելի բարության և գթության աղբյուրը՝ Աստված: Աստված արդար է, բարեսիրտ, բարեգութ, և այս առակը մեզ համար բացահայտում է հենց Աստծու ամենակարևոր հատկանիշներից մեկը` արդար լինելը: Աստված Արդար Դատավոր է, քանի որ դատելու Նրա չափանիշը արդարությունն է: Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է:  Հիսուս այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, ով առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:

 

Գալստյան կիրակի.  Տիրոջ հրաշափառ Գալուստը

 

Մեծ պահքի նախավերջին կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի», որը հիշեցնում է Փրկչի թե՛ Առաջին  և թե՛ Երկրորդ գալուստները:  Մեծ պահքի այս վերջին կիրակին «Գալստյան» կոչելով, եկեղեցին նախ հիշեցնում է Փրկչի Առաջին գալուստը, այսինքն` մարդեղությունը, որը կատարվեց որպես Սուրբ Գրքում խոստացված Մեսիայի հայտնություն:

Իսկ Երկրորդ գալստյան մասին Ավետարանում ասված է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթեոս ԻԴ 27):  Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հավաքելու Նրա ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթեոս ԻԴ 31): Մեր փրկության ճանապարհին Գալստյան կիրակին հիշեցնում է, որ Քրիստոս գալու է և հարկավոր է պատրաստվել Տիրոջ Գալստյանը: Եվ մինչ այդ, մեզ հատկացված օրերը պետք է անցկացնենք քրիստոնյային վայել կյանքով և մեծ համբերությամբ ու ճշմարիտ հավատով սպասենք Տիրոջ հրաշափառ Գալուստին:

 

Ծաղկազարդ. խաղաղություն ավետող Թագավորը

 

Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում  է  Մեծ պահքի վերջին կիրակի օրը:  Այդ օրը նշանավորվում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով. «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում» (Մատթեոս ԻԱ 9): Ժողովուրդը Երուսաղեմում Նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց խորանով մատուցվում է Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

Մեծ պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը:


 

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-09-21
×