Խորհուրդներ առաջին անգամ պահք պահողներին

Խորհուրդներ առաջին անգամ պահք պահողներին

Արդյո՞ք պահքը սկսելուց առաջ պետք է օրհնություն ստանալ և հատուկ արարողակարգի հետևել :

 

 

Ցանկալի է, որ պահք պահելուց առաջ հավատացյալը այցելի եկեղեցի և քահանայից օրհնություն ստանա, որպեսզի Աստծո օրհնությամբ զորացած սկսի ու պահի պահքը:

 

 

Ի՞նչ անել, եթե կա մտավախություն, որ չեն կարողանա պահքը պահել միչև վերջ :

 

 

Սխալ է մտածել, որ չեմ դիմանա, կամ՝ ունենալ մտավախություն, որ պահքը չեմ կարող պահել, հետևաբար միայն վերջին շաբաթը պահք կպահեմ։ Պետք է փորձել և, եթե չի ստացվում, կամ կան լուրջ խոչընդոտներ (օրինակ՝ հիվանդություն), ապա հուսահատվել պետք չէ, պարզապես, կարելի է ընդհատել պահքը։ Երբ մարդիկ առաջին անգամ են պահք պահում, ունենում են մտավախություններ, թե դժվար կլինի: Բայց երբ սկսում են պահել, պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ դժվար չէ, որովհետև պահքի իմաստը սեփական անձը տանջելը չէ, այլ՝ Աստծո հետ հաղորդակից լինելը, աղոթքով ապրելը, ապաշխարությամբ կյանքը սրբագրելն և այս ամենը շատ ավելի կարևոր է, քան սնունդի պահքը։

 

 

Շատ հաճախ, մարդիկ ասում են, որ պահքի շրջանում ավելի նյարդային և դյուրագրգիռ են դառնում :

 

 

Այդ ամենը հիմնականում գալիս է նրանից, երբ մարդիկ ամբողջությամբ կենտրոնացած են լինում միայն ուտելիքի վրա. ինչպե՞ս դիմանալ, ինչպե՞ս չուտել գայթակղիչ ուտելիքներ, ի՞նչ եփել, ո՞ր ուտեստն է պահքի կամ՝ ոչ…: Արդյունքում հնարավոր է, որ մարդը ջղաձգվի, դյուրաբորբոք դառնա։ Պահքը մեզ համար կարևոր է, որովհետև այդ շրջանում մեր հավատքն է զորանում. մենք աղոթքով ենք ապրում և սնվում, ամեն բան կյանքում փորձում ենք Աստծո ձեռքից ստանալ, ու երբ մարդը հենց այս հոգևոր կողմն է կարևորում, նա երբեք դյուրագրգիռ չի դառնում։ Պահքը, հոգևոր առումով ուրախ և թեթև ապրելու, ներքին հանգստությունը վերագտնելու հնարավորություն է մեզ տալիս։

 

 

Առաջին անգամ պահք պահողներին :

 

 

Ամեն օր ընթերցել Ավետարան, Նարեկ: Անպայման մասնակցել Ս. Պատարագներին: Եթե ժամանակը բավարարում է ամենօրյա ժամերգությունների մասնակցել։ Փորձել ավելի շատ բարի գործեր կատարել, օգնել կարիքավորներին, ավելի ուշադիր լինել մտքի և հոգու ընթացքին, միտքը արթուն պահել, անդրադառնալ սեփական մեղքերին ու սխալներին։ Վերանայել գործած սխալները և Աստծո օգնությամբ փորձել հաղթահարել դրանք։

 

 

Հոգևորականի հետ զրույցները կարևոր են :

 

 

Հատկապես առաջին անգամ պահք պահողներին խորհուրդ է տրվում, որ պահքի ամբողջ ընթացքում ընտրեն հոգևորականի և պահքի ամբողջ ընթացքը հոգևորականի խորհուրդներով և առաջնորդությամբ անցնեն, որպեսզի հոգևորականը կարողանա ուղղորդել։

 

 

Մարիետտա Խաչատրյան

 
  • 2021-09-21
×