Մարդն ապրում էր Աստծո հետ ու վայելում նրա ներկայությունը՝ չունենալով ոչ մի սահմանափակում։ Միայն մեկ պատվեր՝ չուտել չարի և բարու գիտության ծառի պտուղը։ Սակայն խախտվեց այդ պատվիրանը, և այժմ մարդն ապրում է ոչ թե Աստծո հետ, այլ ամբողջ կյանքի ընթացքում փորձում է գտնել ճանապարհը, որը կմոտեցնի նրան Աստծուն։ Աստծուն ընդառաջ գնալու ճանապարհն է, որն ընդգծում է Մեծ Պահքի «Ոսկե շղթան»։
Մեծ Պահքը մարդկության ամբողջ պատմության՝ անցյալի, ներկայի ու ապագայի խտացումն է։
Պահքերից ամենաերկարը Քառասնորդաց պահքն է, որն օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Այն սկսվում է Բուն Բարեկենդանին և ավարտվում Ս. Հարության տոնին։
Պահեցողության ճանապարհն անցնում է 7 կիրակիների հանգրվանով, որոնք հիմնված են աստվածաշնչյան պատմությունների վրա և ունեն իրենց յուրահատուկ խորհուրդը:
Առաջին կիրակի։ Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծո օրենքներով և ճաշակելով Աստծո պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. 2:16-17): Համաձայն այս օրենքի բոլոր ծառերից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ բարու և չարի գիտության ծառից չուտելը` պահքը: Ըստ սուրբ հայրերի՝ բարեկենդանը դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Ադամի՝ դրախտից ելնելու խորհրդով` Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը:
Երկրորդ կիրակին Արտաքսման կիրակին է, որն իր անվամբ արդեն իսկ բացատրում է խորհուրդը: Այն բացահայտում է Ադամի և Եվայի անհնազանդության հետևանքը, երբ դեմ գնալով Աստծո պատվիրանին՝ ընկնում են սատանայի թակարդը և արտաքսվում: Ընկնելով անծանոթ աշխարհ` լի փորձություններով, մեզ միայն մնում է աղոթքներով և աղերսանքով խնդրել Աստծուն՝ վերադարձնել մեզ լույսի աշխարհ:
Երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող` Ղուկասի Ավետարանից (Ղուկ. 15:11-32), որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն:
Այս օրերին Տերը մեզ հիշեցնում է, որ երկնքում մեծ ուրախություն է լինում յուրաքանչյուր ապաշխարողի համար և հորդորում է ապաշխարել՝ պատմելով «Անառակ որդու» մասին առակը:
«Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ» (Ղուկ. 15:14):
«Ահա օրեր պիտի գան, - ասում է Տեր Աստված, - և Ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» (Ամոս 8:11): Սուրբ Գրքի համաձայն այդպես էլ եղավ: Եվ անառակ որդին, չդիմանալով մեղքի ծանրությանը, ի վերջո հանձնվում է և որոշում. «Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ՝ հա՜յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ» (Ղուկ. 15:18): Իսկ Հայրն իր գթասրտությամբ ներում և նոր հնարավորություն է տալիս որդուն:
Չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի՝ ի հիշատակություն Ս. Ղուկասի Ավետարանում պատմվող «Անիրավ տնտեսի առակի» (Ղուկ. 16:1-9):
Առակի խորհուրդն այն է, որ մարդը բոլոր պարգևներն Աստծուց է ստանում, և այն մարդը, ով շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից:
Հինգերորդ կիրակին Դատավորի կիրակին է (Ղուկ. 18:2-8): Համաձայն Ս. Գրիգոր Տաթևացու մեկնության՝ դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է. «Մի քաղաքում մի դատավոր կար». այդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, իբրև բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Դատավորի կիրակին կոչ է ամենքիս՝ անդադար աղոթել և աղոթքով հարատևել դեպի Աստված տանող ճանապարհին։
Վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան և խորհրդանշում է Տիրոջ առաջին և երկրորդ գալուստը:
Եթե Տիրոջ առաջին գալուստը եղավ անձայն, ապա երկրորդը լինելու է բացահայտ։ «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. 49:3):
Յոթերորդ կիրակին Ծաղկազարդի կիրակին է: Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այս օրը պատրաստվում ենք մուտք գործել Պահքի վերջին շաբաթ, որը կոչվում է Ավագ շաբաթ: Սա Քրիստոսի չարչարանքների շաբաթն է, որ Տերը կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Առաքյալները պատմում են, որ հրեական Զատկից մեկ շաբաթ առաջ, երբ ողջ ժողովուրդը երկրի բոլոր կողմերից դեպի Երուսաղեմ էր ձգվում` տոնին մասնակցելու համար, Իր աշակերտների հետ Երուսաղեմ ուղևորվեց նաև Հիսուս Քրիստոս:
Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունեց խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև զգեստները փռելով ճանապարհի վրա՝ բացականչելով. «Օվսա՜ննա, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մարկ. 11:9):
Մեծ Պահքի այս շղթայակապ կիրակիները ամբողջացնում են քրիստոնյայի ընթացքը դեպի Քրիստոսի Սուրբ Հարության հաղթական ավետիսը:
Ռաիսա Պապյան