Բարեկենդան

Բարեկենդան

«Մե օր բարեկենդան, տաս օր անոթի»։


Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։ Ասում են, մինչև օրս էլ էս մարդն ու կնիկը կռվում են։ Սա նրան է ասում հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։


- Ի՞նչ բարեկենդան, Թումանյանի՞։


Բարեկենդանի ուրախ ու կատակային բնույթը լավագույն ձևով է ներկայացված Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթում, սակայն բարեկենդանը միայն Թումանյանի հեքիաթը չէ։ Այն ամբողջ քրիստոնյա ժողովրդի դրախտային կյանքը նկարագրող հեքիաթն է։


Բուն Բարեկենդանը, որը նախորդում է Մեծ Պահքին, մարդու դրախտային կյանքի, մարդկային անսահման երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Ըստ ժողովրդական ավանդության՝ Բարեկենդանին թոնիրը միշտ վառ պիտի լիներ, և սեղաններին ամեն ինչ պետք է առատ լիներ:


Բարեկենդանը ոչ միայն առատ ուտելիքների, խաղերի և զվարճանքների տոնակատարություն էր, այլև ազատություն էր տրվում անհատի ցանկություններին և դրսևորումներին. օրինակ՝ արտոնված էր (նաև՝ բողոք արտահայտելու ձև) առաջնորդներին և տիրող կարգերին ուղղված ծաղրը: Սրանի՞ց էլ լավ հեքիաթ։


Բարեկենդանն այն հեքիաթն է, որի մեջ ապրել է մարդ, և որն այժմ տոնակատարությունների միջոցով փորձում ենք վերապրել մենք։


Ավանդության համաձայն այս օրերին եկեղեցական համայնքներում իսկական «խոսքի ազատություն» էր: Բոլորն ասում էին այն, ինչ կամենում էին: Խռովները հաշտվում էին, և մարդկանց բերանից կատակն անպակաս էր լինում:


Մարդիկ ցերեկը կերուխում էին անում տանը, իսկ գիշերը սկսվում էր համընդհանուր զվարճանքը: Համայնքը հավաքվում էր գյուղամիջում, և սկսվում էր ժողովրդական տոնախմբությունը: Ընտրում էին ավագ, ում կոչում են թագավոր, նստեցնում էին պատրաստած «գահին» ու իրենց ուսերին պտտեցնում գյուղի փողոցներում: Սա արդյունքում վեր էր ածվում իսկական կառնավալի: Բոլորն անխտիր մասնակցում էին զվարճանքին: Վերջում գյուղի հրապարակում սեղան էին բացում ու խնջույք կազմակերպում։ Տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ Պահքից հետո դարձյալ ձվով բացեն։


Տոնախմբությունը հագեցած էր տոնին բնորոշ հատուկ բաղադրիչներով՝ տոհմական ճաշկերույթ, հանդիսություն, մրցում, մարզախաղ, փաշա, հարսանիք և հարսանեկան թատերախաղ, մատանեխաղ և վեգախաղ, դիմակավորում, ճղոր, պուռմատիկին, աբեղաթող։



«Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7)։

  • 2021-09-21
×