Մեծ պահքի այս շրջանը հրավեր է մեզ՝ ապաշխարության ու սրբության: Յուրաքանչյուր մարդ, ընդունելով այդ հրավերը, դառնում է Աստծո զինվոր, ով պատրաստ է պայքարել: Այդ պայքարը հոգևոր է ու անտեսանելի, իսկ Քրիստոսի զինվորի հակառակորդը մարդու վաղեմի թշնամին է`բանսարկու չարը, որի նենգությանն ու խորամանկությանը սահման չկա և որը գիշեր-ցերեկ «մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետրոս 5:8): Հակառակորդին կուլ գնալ` նշանակում է շեղվել մեր սրբության ուխտից, սիրել աշխարհը, ծառայել մեղքին, այսինքն՝ պարտվել բարի պատերազմում և չհասնել Տիրոջ խոստմանը, Ով ասում է. «Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծո դրախտի մեջ» (Հայտնություն 2:7): Թող Տերը մեզ օգնի, որպեսզի մեր ուխտը կատարած հասնենք զատկական սեղանից Ս. Հաղորդությանը և Աստծո սիրո օրհնությանը: Ամեն:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ
«Երբ Քրիստոս սրտիդ մեջ է, դու հարուստ ես ու կուշտ» (Գ. Լուսավորիչ)
Մեծ Պահքը ինքնամաքրման, զղջումի, ապաշխարության շրջան է... Այն ամրապնդում է հավատքը, զորացնում հոգին և վեհացնում միտքը: Պահքով ենք հարստացնում մեր հոգևոր կյանքը և կատարում ողորմության գործեր: Առանց առաքինի գործերի պահքն արժեք չունի: Այն թեթևացնում է մեր խիղճը, բուժում մարմնավոր ու հոգևոր հիվանդությունները: Հավատանք, հուսանք, սիրենք և պահպանենք հոգու խաղաղությունն ու համերաշխ ոգին:
Տեր Հարություն քահանա Ավագյան
Մեծ Պահքը մեր ներքին մարդու օրըստօրե նորոգման խորհուրդն է: Բոլոր մարդկանց կյանքը և՛ նման է, և՛ տարբեր՝ ծնունդով, ապրելու, որոնելու, սիրելու, երջանիկ լինելու տենչով: Աստծուն դառնալու կերպերն էլ զանազան են:
Ապաշխարության այն կարևոր շրջանը, որ Մեծ Պահքի մեջ է ամփոփվում, Աստծո ընտանիք վերադարձի ընթացքն է՝ նման այն մարդու, ով տապանից դուրս էր հայտնվել և հիմա իրեն նետված փրկօղակ ունի:
Իր անկրկրկնելիությամբ յուրաքանչյուր քրիստոնյա իր մեջ Քրիստոսի մանրապատկերն ունի:
Այդ մանրապատերը կրող մարդկանց հավաքականությունը, որի մեջ խճանկարի պես միանում են Սուրբ Ավազանից ծնված բոլոր քրիստոնյաները, Եկեղեցին է, որ Քրիստոսի խորհրդանշական մարմինն է:
Իր առաջացման հենց առաջին տարիներից՝ առաքելական շրջանից, Եկեղեցին սահմանել է միասնական աղոթքի, խոկումի, ապաշխարության, վերադարձի անտեսանելի ուխտագնացություն դեպի դատարկ գերեզման, որ վերածվել է Հարության տաճարի:
Ամեն մի սխալ և մեղք աղարտում, փոշոտում, անտեսանելի է դարձնում Աստծո պատկերը մարդու ներսում:
Եկեղեցին ավետարանական առակի այն կինն է, ով ապաշխարության ավելով մաքրում, աղոթքի ճրագով լուսավորում է մեր հոգևոր տունը, որպեսզի գտնված դրամի պես մեր հոգում մեղքի փոշուց եւ աղտից սրբվի, տեսանելի դառնա Աստծո պատկերը:
Դժվար ճանապարհով քայլելն առավել դժվար է լինում, երբ մարդը մենակ է:
Մեծ Պահքը միասնական, միմյանց օգնելով եւ միմյանցով զորանալով դժվար ընթացքն անցնելու շրջան է:
Աղոթական այդ ընթացքը փոխում է ոչ թե մեր նկատմամբ Աստծո հայացքն ու կամքը, այլ փոխում է հենց մեզ:
Մեծ Պահքը վերադարձն է մկրտության ուխտին, Աստծո զավակ լինելու մեր կոչումին:
Եկեք այս ճանապարհն անցնենք միասին՝ սեփական անձը մի պահ երկրորդական դարձնելով, աղոթելով միմյանց համար, միմյանց օրինակ լինելով և անբարբառ կերպով Աստծո սերը թարգմանելով այլոց համար:
Այս է պատճառը, որ Եկեղեցին բոլորին է կոչ անում մտքի հայացքը սևեռել Ավետարանին և փնտրել ու գտնել Քրիստոսին յուրաքանչյուր քաղցածի, անօթևանի, հիվանդի ու բանտարկյալի մեջ:
Դրա համար գոնե այս քառասնօրյա շրջանում արժե գնալ զոհողությունների, անձը տկարացնելու և զրկելու այն քայլերին, որոնց արդյունքում մեր ներքին մարդը պիտի պայծառանա, Աստծո պատկերը մեր ներսում հստակվի՝ ըստ Ս. Պողոս առաքյալի խոսքի. «Դրա համար գոհունակությամբ համակերպվում եմ տկարություններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին և նեղություններին՝ Քրիստոսի համար, որովհետև երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. 12.10):
Մեծ Պահքի բուն նպատակը Քրիստոսի հետ Խաչի ճանապարհն անցնելով՝ Հարության արշալույսին հասնելն է:
Բարով հասնենք Սուրբ Հարության...
Տեր Նշան քահանա Ալավերդյան
Ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքն է մեզ պահում։
Մարդը, որպես հոգևոր-մարմնավոր էակ, ներքուստ կոչում ունի նմանվել իր Արարիչին, մարդկային էության մեջ արտացոլել տիեզերական Ստեղծագործողի պատկերը: Արարածը փառավորում է Արարչին, ամենամեծ վստահությամբ ակնկալում Բաձրյալի առաջնորդությունը, գոհանում Նրանից և Աստծո շնորհով ծավալում երկխոսություն՝ Շնորհատուի հետ:
Եթե հոգու հաղորդակցությունն արտահայտվում է աղոթասացությամբ, սաղմոսերգությամբ, Սուրբ Գրքի սերտողությամբ, ապա Աստծուն նմանվելու մարմնավոր ջանքը՝ պահեցողությամբ, ծոմապահությամբ, ինչպես նաև խոնարհումով և ծնրադրությամբ: §Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. hոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ¦ (Սաղմ. 62:2): Պահեցողությունը մարդու համեստ և խոնարհ ջանքն է կրել աստվածային էության մի մասնիկը, տարալուծվել նրանում, որն անկարոտ է նյութական սննդի: Ինչպես երիվարի սանձն է ձիավորի ձեռքում, այնպես պահքն է սանձում մարմնի ցանկությունները, որպեսզի «հոգով ընթանանք, և մարմնի ցանկությունները չկատարենք» ( հմմտ. Գաղ. 5:16): Մեզ զրկելով մարմինը պարարտացնող, մասնավորաբար կենդանական ծագում ունեցող կերակուրներից, ոչ թե ցանկանում ենք ճնշել աստվածատուր մեր մարմինը, այլ ավելացնել հոգուն տրվող հոգևոր սնունդի չափաբաժինը:
Զրկելով մեզ որոշակի մարմնավոր հաճույքներից, մեր մտասևեռումը ուղղում ենք հոգևորին՝ առաքինությունների մեջ վարժվելուն, աստվածային շնորհներն ընդունելուն: Պահքի շրջանում հատկապես աճում է համբերությունը, զորանում արիությունը, երբ փորձում ենք պայքարել մոլի սովորությունների դեմ: Ժուժկալությունը դառնում է մարդու ուղեկիցը և քրիստոնեական կենցաղավարության կազմակերպիչը: Այստեղ հանգում ենք Եկեղեցու հայրերի այն համոզմանը, որ ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքն է մեզ պահում:
Հետևաբար Մեծ Պահքի ընթացքում սիրով և քաղցրությամբ մտնենք պահքի քաղցր լծի տակ: Չքննադատենք մեր այն եղբայրներին, ովքեր մարմնի տկարության կամ մեզ անհայտ պատճառներով չեն կարողանում սննդային պահքը պահել ամենայն պնդությամբ, այլ հիշենք, որ ամենակարևորն ու առանցքայինը հոգևոր պահեցողությունն է, այն, որ մեզ հեռու պահենք մահացու մեղքերից և նրանց տեսակներից՝ բամբասանքից, հայհոյանքից, սպանությունից և այլն, քանի որ սատանան ինքը մշտապես սննդային պահքի մեջ է, բայց չի դադարում մեղքեր գործել:
Տեր Աշոտ քահանա Սաֆարյան
Հիսուս Քրիստոս, Ս. Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելուց հետո, տարվեց անապատ և քառասուն օր ապրեց աղոթքով ու պահեցողությամբ: Հետևելով այս օրինակին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանեց Մեծ Պահքի շրջանը` որպես լավագույն միջոց` աղոթքով և պահեցողությամբ միտքը լուսավորելու, կամքն ու հոգին զորացնելու: Քրիստոս փորձության ժամանակ հաղթեց սատանային և մարդու պարտության վրեժը լուծեց, որպեսզի մենք հոգեպես և հավատքով զորացած՝ հեռու մնանք ամեն տեսակ մեղքերի ներգործությունից:
Այս շրջանին, Հայոց Եկեղեցին, հատկապես հոգևոր բարեպաշտական արարողությունների և կիրակիների հոգևոր բովանդակությամբ, ներկայացնում է մարդկային ցեղի պատմությունը` անկումը` մեղքի պատճառով և բարձրացումը Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ` խաչելությամբ և հարությամբ: Այս ամենը վերհիշելով, վերապրելով, ամենօրյա մեղքերի խոստովանությամբ և զղջմամբ փորձենք ապաշխարությամբ արդարանալ և հոգու ու խղճի մաքրությամբ նախապատրաստվենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, որպեսզի արժանի դառնանք Երկնքի արքայության հավիտենական երանությանը:
Թող Աստված բոլորիս ուժ և կարողություն տա, որպեսզի մեր ապաշխարության շրջանը հասցնենք հաղթական ավարտին, մեղքից հրաժարվելու ամուր կամք և բնավորություն դրսևորենք և, Աստծո կողմից մեզ տրված պատգամներն ու պատվիրանները գործադրելով` ժառանգենք Աստծո որդեգրությունը:
Տեր Խորեն քահանա Մարուքյան
Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ
Պահքը միջոց է ինքնաճանաչողության
Պահքը հաստատվեց դրախտում, երբ Աստված պատվիրեց Ադամին և Եվային չուտել չարի և բարու գիտության ծառի պտղից:
Աստված տվեց պատվիրան, որին հնազանդ չեղան նախահայրն ու նախամայրը: Այսօր մենք ենք մերօրյա «ադամներն» ու «եվաները», և մեզ նույնպես տրված է Աստծո երանելի ներկայության մեջ ապրելու հնարավորություն` հավատարիմ մնալով Տիրոջ պատվիրաններին:
Բայց մենք, ինչպես Ադամն ու Եվան, ամեն անգամ հավատարմության ուխտը դրժում ենք այս կամ այն սնոտի արժեքներին ծառայելով, այս կամ այն մեղքի պտղին գերի դառնալով:
Այդ իսկ պատճառով Աստված մեզ տալիս է հավատարմության պահք պահելու պատվիրանը:
Պահքը միջոց է, մեր ակունքին, մեր մանկական անմեղությանը վերադառնալու և միայն փրկության արժանի պտուղներ ճաշակելու:
Պահքը միջոց է ապաշխարության և կատարյալ զղջման միջոցով արժանի դառնալ Աստծուն:
Իսկ այդ ճանապարհին մենք պիտի անսանք Տիրոջ պատգամին, որ տալիս է մեզ Եսայի մարգարեի միջոցով. «Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության և կռիվների մեջ էք պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի», -ասում է Տէրը։
«- Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծո փառքը պիտի պահպանի քեզ։
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»» (Եսայի 58:6-10):
Տ. Զենոն քհն. Բարսեղյան
Մեծ Պահքի շրջանը յուրաքանչյուրիս առիթ է ընձեռում ևս մեկ անգամ խորհել և դառնալ դեպի մեր Երկնավոր Տերը: Այդ ճանապարհին կարևոր է ներելու և սիրելու աստվածային պատգամը: Թող Տերը մեզ անսասան պահի հավատքի մեջ, ուժ և կարողություն շնորհի ամենքիս, իմաստություն տա` գործել իր կամքի համաձայն: Տերը պահապան և օգնական ամենքիս:
Տեր Նիկողոս քհն. Հովհաննիսյան
«Աստծո արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» ( Հռոմ. 14.17):
Շատերն են կարծում, թե միայն բուսական ուտելիքներ ուտելով է, որ մենք մեր պարտքը կատարած կլինենք Աստծո առջև:
Բայց, իրո՞ք, Աստված մեզանից պահանջում է միայն ուտելիքի պահք:
Եթե անդրադարձ անենք մարդկության պատմության ընթացքին, ապա, այո՛, դրախտում Աստված մեկ պատվիրան էր տվել Ադամին. «Մի կեր արգելված պտուղը»:
Բայց մարդը գայթակղվելով՝ կերավ և արտաքսվեց դրախտից:
Այստեղ մեղքը պետք է որոնել ոչ թե Աստծո պատվիրանի խստության և արգելված պտղի մեջ, այլ՝ մեր մեջ , որովհետև Քրիստոս Ինքն էլ հայտարարեց. «Ամեն բան մարդու համար է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է»:
Այսինքն՝ Աստված մեզ մղում է օգտակարի և բարու ճանապարհով, այլ ոչ թե դատելու և անձնական սկզբունքայնության բավիղներով:
Մեծի պահոց այս շրջանում մենք պարտավոր ենք հագնել արդարության զրահը, կապել ճշմարտության գոտին, հարատև աղոթել, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր ներքին չարությունը, հեռանալ վատ սովորություններից, այլապես մենք էլ Ս. Պողոս առաքյալի պես կկանգնենք մարմնի և հոգու պայքարի առաջ՝ եզրակացնելով. «Ինչ խղճալի մարդ եմ ես, ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում»:
Առաքյալը, սակայն ոչ միայն հայելի է պահում մեր հոգու առջև, այլև տալիս է բանալին՝ դեղատոմսը. «Բայց գոհություն Աստծո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»:
Տեր Շահե քահանա Հայրապետյան
«Ապաշխարեցէ՛ք, զի մերձեալ է արքայութիւն երկնից»
Մեծի Պահոց շրջանը հնարավորություն է ընձեռում մարդուն ճանաչել ինքն իրեն և առաջնորդում է դեպի աստվածային ճշմարտությունն ու լույսը:
Մենք մեկնեցինք Պահքի խորհուրդները և ավանդությունները ու արդեն գիտենք, որ պահոց շրջանը պիտի անցկացնենք պահեցողությամբ ու ժուժկալությամբ, բայց սա չէ պահքի ընդհանուր գաղափարը:
Ինչպես Ինքը Քրիստոս է ասում`«Ամենքդ ինձ լսեք և իմացեք. չկա որևէ բան, որ մարդու մեջ դրսից մտնելով՝ կարողանա նրան պղծել, այլ այն ինչ ելնում է նրանից, այն է, որ պղծում է մարդուն» (Մարկոս 7:15-16):
Իսկ Ս. Հովհան Մանդակունին իր «Թուղթ Պահքի մասին» աշխատության մեջ ասում է. «Կան նաև այնպիսինները, ովքեր երբ ցանկանում են մտնել Պահքի մեջ, շտապում են լվացվել և օծանվել, խճողում են փորն ու որովայնը սաստիկ որկրամոլությամբ և արբեցությամբ, շվայտանում, ապա մտնում են պահքի պնդության մեջ:
Եվ այդ ինչ կոչենք այսպիսիններին՝ պահողներ, թե արբեցողներ, պարկեշտներ թե որկրամոլներ...:
Քանզի անհնար է այսպես լինել, թե՝ նախ պոռնկանամ, ապա կուսանամ և կամ զեխանամ ու շվայտանամ արբեցությամբ, ապա մտնեմ Պահքի սրբութեան մեջ, քանզի անհնար է պոռնկին կուսանալ և արբեցությամբ զեխացածին պահող և ճգնող դառնալ, քանզի կույսը կուսությամբ է ստանում կուսության պսակը և ոչ թե պոռնկությամբ և պահողը ժուժկալությամբ է ընդունում Պահքի վարձը և ոչ թե արբեցությամբ, զեխությամբ և որկրամոլության շվայտանքով»:
Եվ այս ամենն ունենալով մեր աչքի առաջ եկեք ճիշտ ըմբռնենք Պահքի իմաստը, մեծ երկյուղով մոտենանք այս ամենին, զօրուգիշեր աղոթենք առ Աստված, որպեսզի լինենք ավելի ուժեղ և զորավոր հավատքի մեջ, և ինչպես Հիսուս անապատում վանում էր սատանային, մենք էլ մեր աղոթքներով, խոկումով, պահեցողությամբ և ժուժկալությամբ վանենք չար ուժերին, և ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում՝ «Ապաշխարեցեք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընկալեք Սուրբ Հոգու պարգևը»: (Գործք. 2:38):
Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան
«Մեծ Պահքի ժամանակ ամեն մարդ կենտրոնանում է իր հոգևոր կյանքի շուրջ, փորձում մշակել և շտկել այն, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում այսօրվա իրականության և իրադարձությունների համար։ Եթե նախկինում հասարակության մեջ մեծ մասամբ գործող ուժը բանականությունն էր, այժմ մոլուցքն է, կիրքը։ Ամեն րոպե կարող ենք ականատես լինել անկանխատեսելի և ցնցող իրադարձությունների։ Մենք պատասխանատվություն ենք կրում աշխարհում բանականության՝ ապշեցուցիչ տեմպերով գոլորշիացման համար։
Մեծ Պահքի ընթացքում աղոթենք համայն մարդկության համար, խնդրենք, որ Աստված առաջնորդի մեզ: Պահքի շրջանը լավագույն հնարավորությունն է չարիքների դեմ հոգևոր պաշար ամբարելու և Աստծո ողորմությանն արժանանալու համար»։
Տեր Թովմա քահանա Անդրեասյան
Ավետարաններում բազմաթիվ առիթներով հիշատակված «ծոմ», «պահք» բառերն ընդհանրապես մեկնաբանվում են մեկ իմաստով։ Բառացիորեն այն ընկալվել է անձի կողմից որոշակի ժամանակահատվածում ճոխություններից հեռու մնալու, աղոթքով զորանալու և Աստծուն մոտենալու կենսակերպ։
Ըստ էության, ծոմը կամ պահքը ոչ միայն ժուժկալության, զգաստության հրավեր է, այլև հավատացյալների կյանքում Աստծո ողորմության և սիրո բացահայտում, մարդկային հոգու մաքրագործման և կրոնական բարոյականության գիտակցումով մարդու վերանորոգման միջոց։
Մեծ Պահքը գիտակցորեն ապրել՝ նշանակում է աղոթքը դարձնել մեր կյանքի առանցքը, պատվիրանները՝ կենսակերպ, բարիք գործելը՝ ամենօրյա առաքելություն։
Աղոթքս է, որ Աստված զորացնի բոլոր հավատացյալներին և արժանացնի աստվածտեսության լույսին:
Տեր Հովակիմ քհն. Հարությունյան