Մեծ պահքի 7 կիրակիներ

Մեծ պահքի 7 կիրակիներ

ՄԵԾ ՊԱՀՔ

ՀՈԳՈՒ ՆՈՐՈԳՄԱՆ ՇՐՋԱՆ
 

Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Սակայն դրանք սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարվելու օրեր չեն միայն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, նաև խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:
 

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
 

Եկեղեցու վարդապետներն ասում են, որ այն պարագայում է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով:
 

Մարդը հոգի է և մարմին, և ինչպես որ ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, հոգևոր մեղեդիներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ. ահա այն ամենը, ինչով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:
 

Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:
 

Բարեկենդան  նշանակում է բարի կենդանություն, այսինքն` աշխարհիկ իմաստով` ուրախություն, վայելք, իսկ հոգևոր իմաստը մեզ հիշեցնում է դրախտային երանական այն կյանքը, բարի կենդանությունը, որով ապրում էին Ադամն ու Եվան մինչև մեղանչումով դրախտից վտարումը:
 

Մինչև մեղանչելը մարդը մարմնով անմահ էր: Նրա զգացողությունն անհամեմատ նուրբ էր, գործողությունների հնարավորությունն` ավելի լայն ու ազատ: Ինչպես Եկեղեցու հայրերն են բացատրում՝ նախամարդու հոգին ու մարմինն այնքան նրբորեն էին միահյուսված, որ մարդը, օժտված լինելով այդպիսի աստվածատուր շնորհներով, առանց որևէ արգելքի շփման մեջ էր մտնում ո՛չ միայն հրեշտակների և երկնային զորությունների հետ, այլև՝ Աստծո: Այսպիսի կյանքը երանություն էր նախամարդու համար, որովհետև Աստծո ներկայությունը կյանք էր, կենդանություն, կարելի է ասել՝ բարի կենդանություն: Չկար ոչինչ, որ տրտմեցներ նրան, ընդհակառակը` նա ապրում էր այնպիսի կյանքով, որն անսպառ ուրախություն էր: Եվ այդ ամենը մարդու համար ապահովված էր Աստծո անմիջական ներկայությամբ:
 

Երբ մարդն արհամարհեց իր ունեցած ուրախությունն ու հետևեց փորձիչի` սատանայի խոսքին, ոչ միայն նոր ձեռքբերումներ չունեցավ, այլև կորցրեց այն, ինչ ուներ: Այդ կորուստն անկում էր նրա համար:
 

Մարդը փոփոխություններ կրեց և՛ հոգեպես, և՛ մարմնապես: Այլևս նա չուներ հոգևոր այն նրբազգացությունը, որով կարողանար մասնակից լինել երկնային հավիտենական ուրախությանը: Նա սկսեց ապրել մարմնական, կենդանական կյանքով: Իրականության մեջ անկումը միաժամանակ նաև մահ էր մարդու համար, քանի որ կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում:


Ահա` բարեկենդանը այս բարի կենդանությունն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Իսկ մենք այսօր, տոնելով և հիշատակելով բարեկենդանի օրը, բնականաբար չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում, քանի որ միայն Աստծո սրբերին է  հատուկ զգալ դրախտային այն երանությունը, որ ճաշակում էին Արարչի ձեռքով ստեղծված Ադամն ու Եվան:

 

Մեղանչական մարդն իր անկյալ վիճակին համապատասխան չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ` Եկեղեցին հորդորում է չափավորություն: Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ` Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձիգ շրջանը, իրենց որկորը խճողում են կերակուրների այնպիսի բազմազանությամբ, որ արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող:

 

Արտաքսման կիրակին խորհրդանշում է Ադամի արտաքսումը դրախտից: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակել: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:

 

Անառակի կիրակին  այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15:11-32): Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալ և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրել` ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21): Հայրը պատրաստ է ներել զղջացողին և արժանացնել նախկին փառքին ու պատվին: Այս առակը հստակ պատմում է, որ կարող ենք մխիթարվել Աստծո հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ, եթե ապաշխարությամբ դառնանք դեպի Աստված:
 

Եկեղեցին կոչ է անում անառակ կյանք վարող իր բոլոր որդիներին զղջալ և դարձի գալ, թողնել իրենց մեղսասեր վարքը և ապրել քրիստոնյային վայել կյանքով:

 

Տնտեսի կիրակին  այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, ով հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները` կարգավորելով իր կյանքի հետագա ընթացքը (Ղուկ. 16:1-8): Մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները` անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ այդ հնարավորությունները պարտավոր ենք օգտագործել ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի:
 

Անիրավ տնտեսը գովասանքի է արժանանում իր տիրոջ կողմից, որովհետև մտածում է իր ապագայի մասին, բայց բարի տնտեսի ապագան ո՛չ թե վստահված տնտեսությունը (նաև նյութական հնարավորությունները) արհամարհելն է, այլ իրեն վստահվածն ի շահ անանձնական բարիքի ծառայեցնելը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տալ Աստծուն:
 

Մեծ պահքի քսանչորսերորդ օրը կոչվում է Միջինք: Այն ազդարարում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
 

Անիրավ դատավորի կիրակի  օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից (Ղուկ. 18:1-8): Մարդը հաճախ հայտնվում է Անիրավ դատավորի առակի դատավորի դերում, նաև պատահում է հակառակը, երբ մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն: Հիսուս այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, ով առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:

 

Գալստյան կիրակին եզրափակում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնել Քրիստոսի Երկրորդ գալստյան խորհուրդը: Քրիստոս Իր Առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:

 

Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը , որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ էին, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
 

Ծաղկազարդի Ս. Պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:
 

Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածել փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը: Մեծ պահքը հոգևոր յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է դեպի Սուրբ Զատիկ և արժանացնում տոնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Եվ այսպես, Բուն Բարեկենդանին հաջորդած պահքը լուծում ենք Սուրբ Հարության տոնից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո: Պահքի և ապաշխարության խորհուրդը ճանապարհ է, որի հանգրվանը հարության ուրախությունն է:

  • 2021-09-21
×