Հովհաննես Մկրտչի անվան կամ Վարդավառի Հիսնակաց պահք

Հովհաննես Մկրտչի անվան կամ Վարդավառի Հիսնակաց պահք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սահմանված կանոնական պահքերից բացի, դեռևս վաղ միջնադարից սկսած, հայ ժողովրդի մեջ կենցաղավարել են նաև կամավոր պահքեր։ Դրանք եղել են օրապահքեր, շաբաթապահքեր և նույնիսկ քառասնորդաց կամ հիսնակաց պահքեր։ Որոշ կամավոր պահքեր կապվել են Տերունական տոների և սրբերի հիշատակի օրերի հետ։ Այդպիսիններից է Աստվածամորից հետո քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբի՝ Հովհաննես Մկրտչի անվան կամ Վարդավառի Հիսնակաց (Քառասնորդաց) պահքը։ Ժողովրդի մեջ այն հայտնի է եղել նաև որպես Յոթն անվան պահք, քանի որ, ինչպես հայտնի է, Հովհաննես Մկրտիչն ունեցել է յոթ անուն՝ Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ, Առաքյալ, Մարգարե, Մարտիրոս, Ավետիս։ Այն երբևէ տոնացույցում չի արձանագրվել, սակայն մատենագրական, վիմագրական, ազգագրական սկզբնաղբյուրները և գեղարվեստական գրականությունը վկայում են, որ վաղ միջնադարից սկսած, մինչև 20-րդ դարասկիզբ, տարածված է եղել:

 

Յոթն անվան կամ Վարդավառի մեծ պահքն սկսվել է Հոգեգալստից (երբեմն՝ Համբարձումից) հետո և տևել մինչև Վարդավառ։ Հավատացյալներն այն պահել են յոթ տարի շարունակ։ Վերջին տարում ոմանք նույնիսկ մեկ շաբաթ անցկացրել են ծոմապահությամբ, ապա այցելել եկեղեցի և աղոթել, որպեսզի իրենց ուխտն ընդունելի լինի։ Պահքն ավարտվել է դեպի Մշո Հովհաննու Սուրբ Կարապետի կամ Յոթնանուն վանք ուխտագնացությամբ, որն սկսվել է տոնից մեկ ամիս առաջ։ Այս սրբավայրի զորության նկատմամբ ունեցած հավատքը շատ մեծ է եղել, քանի որ այն հիմնվել է Գրիգոր Լուսավորչի կողմից Կեսարիայից Հայաստան բերված Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքների վրա։

 

Այս ուխտագնացությունը մեծագույն իրադարձություն է եղել հայերի կյանքում։ Սուրբ Կարապետ ուխտի գնալը, կարծես, դիտվել է որպես ազգային նվիրումի հավաստիք։ Յուրաքանչյուր ծնողի նվիրական իղձն է եղել, որ իր որդին Սուրբ Կարապետի ուխտավոր դառնա։

 

Հավատացյալներն պահք պահել են տարբեր նպատակներով՝ սրբից ակնկալել են ուժ, իմաստություն, զանազան շնորհներ, բախտավորություն, պանդուխտներին՝ շուտափույթ վերադարձ։ Ամուլ կանայք զավակ են խնդրել և սրբի պարգևած որդուն անվանակոչել են նրա անուններից մեկով, իսկ յոթ տարեկանը լրանալուց հետո մանկանը տարել են սրբավայր և մազերն առաջին անգամ այնտեղ կտրել։ Որդեծնության ակնկալիքով սրբի դուռը գնալու ժողովրդական սովորույթը գեղարվեստական արտացոլում է գտել մեծանուն գրող Րաֆֆու «Սալբի» վեպում։

 

Վարդավառի մեծ պահքը թեև ամբողջությամբ տոնացույցում չի ներդրվել, սակայն 10-11-րդ դարի կեսերին այն տեղադրվել է ընդմիջարկված շաբաթապահքերով՝ մեկ շաբաթ պահք, երկու շաբաթ ուտիք հաջորդականությամբ։  Պենտեկոստեից մինչև Վարդավառ ընկած յոթ շաբաթներից առաջին շաբաթվա պահքն ստացել է Եղիա մարգարեի անունը, որին հաջորդել է երկու շաբաթ ուտիք։ Չորրորդը Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին նախորդող շաբաթապահքն է, որին ևս երկու շաբաթ ուտիք է հաջորդում, և յոթերորդը Վարդավառի շաբաթապահքն է:

 

Այս պահքի ընթացքում շաբաթ և կիրակի օրերին կերել են ուտիսի կերակուրներ, բայց ոչ մսեղեն: Գինին նույնպես արգելվել է։

 

Հովհաննես Մկրտչի անվան կամ Վարդավառի Հիսնակաց պահքը և Մշո Սուրբ Կարապետի վանք կատարվող ուխտագնացությունը, դարեր շարունակ լինելով հայ ժողովրդի առտնին և տոնածիական կյանքի մի մասը, դարձել են ազգային ինքնության ամրագրման, բարեպաշտական վարքի և քրիստոնեական հավատի լավագույն դրսևորումներից։

 

Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Սկզբաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-09-21
×