Ապաշխարություն

Ապաշխարություն

«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք» (Ղուկաս 13:5)

 

Թեև մկրտությունը լվանում է մեր մեղքերը, սակայն մկրտությունից հետո էլ ենք մեղք գործում,  քանի որ չկա աշխարհում մարդ, որ մեղք չգործի, ուստի յուրաքանչյուր մարդ ունի ամեն վայրկյան զղջալու կարիք: Ապաշխարության խորհրդի կարևորությունը փաստվել է մեր հոգևոր փորձառությամբ, մեր մեղքերի շատությամբ: Ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին:

 

Ամեն սայթաքումից հետո պետք է վեր բարձրանալ

 

Մենք հաճախ ենք հույսներս դնում Աստծո ներողամտության վրա, բայց չենք օգտվում դրանից: Ուստի և մեր զղջմանը պետք է հաջորդի ապաշխարությունն, ամեն սայթաքումից հետո պետք է վեր բարձրանալ, և այստեղ է մարդու մեծագույն փառքը: Ավետարանում մենք հանդիպում ենք երկու տեսակ զղջման: Հուդայի զղջումը, որը նման է կոտրված սառույցի, և որին չի հաջորդում ապաշխարություն, իսկ երկրորդը Պետրոսի զղջումն է, որը նման է հալած սառույցի, որի հետքն անգամ չի մնում, որովհետև, եթե Հուդան չօգտվեց Աստծո ներողամտությունից և արդարորեն պատժվեց, ապա Պետրոսը օգտվեց և արդարացվեց: Հետևաբար, եթե հավատում ենք, որ Աստված գթասիրտ է, ապա պիտի հասկանանք, որ այդ ներողամտությունից օգտվելու համար պետք է հավատքի պտուղներ տանք:

 

Ապաշխարության պտուղը ոչ թե խոսքովայլ գործով է արժևորվում

 

Անպտուղ թզենու առակի մեջ (Ղուկաս 13:6-9) այգեպանը, որ խորհրդանշում է Քրիստոսին, խնդրեց Տիրոջը մի քիչ էլ համբերել, և ինքը կփորձի կրկին մշակել, ոռոգել հողը գուցե, ի վերջո, թզենին պտուղ տա: Աստված այդ մի քիչ ժամանակը մեզ իրապես տվեց: Իսկ Քրիստոս Իր կյանքով փորձեց լինել կենդանի օրինակ, Իր քարոզներով փորձեց փխրեցնել մեր կարծրացած հոգիները, խաչի վրա թափված Իր արյունով կենսունակություն հաղորդեց մեզ, և հիմա հերթը մերն է՝ հասկանալու, որ երկնքի արքայությունը մոտ է, իսկ ժամանակը՝ քիչ: Եվ իրապես շատ քիչ ժամանակ պահանջվեց աջակողմյան ավազակից՝ երկնքի արքայություն մտնելու համար: Նրա արցունքները խառնվեցին Քրիստոսի արյանն, ու Աստված և մարդ միասին մտան Աստծո արքայություն: Ուրեմն ապաշխարության և արքայության պտուղը ոչ թե խոսքով, այլ գործով է արժևորվում:

 

Տ. Եսայի քհն. Արթենյան

  • 2021-09-21
×