(Համառոտ բացատրություն)
Սուրբ Պատարագի խորհուրդը վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց Հիսուս Քրիստոսը: Իր զոհաբերության խորհուրդն է Պատարագը, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է և հոգով վերապրում Նրա տառապանքը և Նրա անսահման սերը հանդեպ մարդկանց, որոնց համար Ինքը զոհվեց: Սուրբ Պատարագը Սիրո խորհուրդն է, որովհետև դրանով Հայր Աստված սրբագործված հացն ու գինին Ս. Հոգու ներգործությամբ վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ու ճաշակողներին միավորելով Իր հետ: Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր: Պատարագի արարողության կարգն առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում:
Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից բերելով Բարսեղյան Պատարագամատույցը, այն ավանդեց հայ եկեղեցուն: Ժամանակի ընթացքում այդ Պատարագամատույցը հայացվել ու մշակվել է հայ եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ օգտագործվում է մեր եկեղեցում: Ս. Պատարագի արարողությունը՝ ըստ հայոց Պատարագամատույցի, բաժանվում է հետևյալ մասերի.
Ա. Պատրաստություն (զգեստավորում, լվացում, խոստովանություն, նախամուտ, Նարեկացու աղոթքը, առաջադրություն):
Բ. Ճաշու պաշտոն (խնկարկություն, ճաշու մուտք, ընթերցվածք, Հավատամք),
Գ. Կանոն Ս. Պատարագի (մեծ մուտք, ողջույն, սրբագործություն, հիշատակություն, ճաշակում),
Դ. Արձակում:
Պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկավագը, դպիրներն են: Դպիրները ներկայացնում են ժողովուրդը, և այն, ինչ երգում են, արվում է ժողովրդի անունից, լինի դա պատասխան, թե գոհունակության արտահայտություն, թե խնդրանք: Պատարագիչ քահանայի և ժողովրդի, այսինքն՝ դպիրների միջև միջնորդը սարկավագն է՝ քահանայի օգնականը և սպասավորը:
Պատրաստություն, զգեստավորում և լվացում. Ս. Պատարագի առաջին՝ պատրաստության մասը սկսվում է զգեստավորման արարողությամբ: Քահանայի ավանդատուն մտնելը, նախկին հանդերձները հանելը և ավելի պայծառները հագնելը խորհրդանշում է հին, մեղավոր մարդուց մերկանալը, նորը՝ Քրիստոսին հագնելը և սրբությամբ ու արդարությամբ նորոգվելը: Խույրը խորհրդանշում է իմաստության պսակը և փրկության սաղավարտը, քահանայի ուրարը՝ Քրիստոսի Ավետարանի լուծը, որը քահանան պատրաստվում է կրել:
Պատարագիչը խորհրդի կատարման ժամանակ գլուխը չի ծածկում, այլ պաշտամունքը մատուցում է բաց գլխով, որը խորհրդանշում է պատարագիչ հոգևորականի համարձակությունը և սրտի պարզությունը: Իսկ խորհրդին մասնակցող մյուս հոգևորականները՝ եպիսկոպոսները, աբեղաները, քահանաները, գլուխները ծածկում են, որովհետև Խորհրդի կատարման ժամանակ հարկ է բոլոր զգայարանները ծածուկ պահել: Դպիրները, «Խորհուրդ խորին» շարականը երգելով, քահանայի և սարկավագի հետ գալիս են բեմի առաջ, և քահանան լվանում է ձեռքերը՝ ծածուկ աղոթելով (սաղմոս ԻԵ): Լվացումը խոհրդանշում է մեղքերից մաքրվելը, որից հետո միայն կարելի է բարձրանալ Ս. Սեղան:
Խնկարկություն
Լվացումից հետո քահանան, դառնալով դեպի ժողովուրդը, Աստվածածնի բարեխոսությամբ հրապարակայնորեն խոստովանում է իր մեղքերը: Այս օրինակով էլ ժողովուրդը մինչև հաղորդվելը պարտավոր է մաքրվել՝ խոստովանել իր մեղքերը և ապա միայն ճաշակել:
Նախամուտ
Խոստովանելուց հետո պատարագիչը սաղմոսերգությամբ բարձրանում է բեմ, մեծ վարագույրը փակվում է և դպիրները երգում են հոգևոր մեղեդի կամ օրվան պատշաճ տաղը, իսկ քահանան ընթերցում է Նարեկացու աղոթքը, որն ուղղված է Սուրբ Հոգուն: Այս աղոթքով քահանան հայցում է Սուրբ Հոգու օգնությունը՝ Խորհուրդը կատարելու: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մեղքի պատճառով մարդկանց և Աստծո միջև բաժանումը:
Առաջադրություն
Աղոթքից հետո քահանան դնում է սաղավարտը և գնում ընծայարան, որտեղ սարկավագի ձեռքից վերցնելով նվիրական հացը կամ նշխարը՝ դնում է մաղզմայի վրա և գինին խաչաձև լցնում սկիհի մեջ: Անուհետև Ոսկեբերանի աղոթքով («Տէր Աստուած մեր») քահանան դիմում է Հայր Աստծուն ու աղոթքի ավարտին սկիհը ծածկում քողով: Սկսվում է խնկարկությունը: Ճաշու պաշտոն քահանան բուրվառով խնկարկում է սուրբ սպասը և այդպես գալիս Ս. Սեղանի առաջ:
Խնկարկում է (վարագույրը բացվում է) ու իջնում բեմից՝ թափորով շրջելով ժողովրդի մեջ, այնուհետև կրկին բարձրանում բեմ («աշխարհագալոց»):
«Աշխարհագալոց»՝ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, մեր բնությանը հաղորդ լինելը, Ավետարանի անուշահոտ բուրմունքի տարածումը (խնկարկություն), իսկ դարձյալ բեմ ելնելը՝ երկինք բարձրանալը: Աշխարհագալոցին հաջորդում է «Ժամամուտ»-ը կամ Պատարագի սկիզբը:
Ժամամուտ
Այստեղ քահանան փոխարինում է Քրիստոսին, և սարկավագը «Օրհնեա՛ Տէր» ասելով, նրանից աստվածային օրհնություն է հայցում, իսկ «Եւ ևս խաղաղութեան» աղոթքով խնդրում այն երկնային խաղաղությունը, որը Հիսուս խոստացավ Իր աշակերտներին (Հովհ. ԺԴ): Որպես այդ խնդրանքի հետևանք՝ քահանան բաձրաձայն արտասանում է «Տէր Աստուած մեր» աղոթքը (Ոսկեբերանի աղոթքը) և դպիրներն՝ ըստ տոնացույցի, երգում են օրվա սաղմոսն ու շարականը:
Երեքսրբյան փառաբանություն
Սրան հաջորդում է քահանայի ծածուկ աղոթքը, ուր նա հրեշտակային դասի աջակցությունն է խնդրում՝ իր պաշտոնը կատարելու, որից հետո Ավետարանը բարձրացնելով՝ ի տես ժողովրդի տալիս է սարկավագին, ով աջակողմյան դասից ձախակողմյանն է անցնում, որի ընթացքում դպիրները երգում են «Երեքսրբյանը» (Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ):
Սարկավագների այս անցումը ժողովրդին ուշադրության հրավիրելու նպատակ ունի, որովհետև շուտով Ավետարանն է ընթերցվելու: Այդ ընթացքում շարժվում են քշոցները, ինչը խորհրդանշում է հրեշտակների բոլոր դասերի ներկայությունը, ինչպես քահանան խնդրել էր իր ծածուկ աղոթքում: «Երեքսրբյան»-ի ժամանակ քահանան իր ծածուկ աղոթքով (Աստուծ Սուրբ, որ ի սուրբս) վկայում է մարգարեների կանխասացությունը, ովքեր տեսան Աստծուն, Ով փառաբանվում էր սերովբեների և քերովբեների կողմից (Տե՛ս Եսայի Զ, Եզեկիել Ա, Ժ), և դրա նմանությամբ էլ քերովբեական այս երգն ուղղում է Աստծուն: «Երեքսրբյան»-ից հետո սկսվում է սարկավագի «Համաշխարհական քարոզը», ուր նա Տիրոջից խաղաղություն է խնդրում՝ վերին խաղաղությունը, և այդ կարգով էլ՝ վերից ներքև, խաղաղություն խնդրում աշխարհի, կաթողիկոսի, թեմի առաջնորդի, հոգևորականների, ժողովրդի համար: «Համաշխարհականի» վերջում սարկավագը հիշում է ինչպես ապրողներին, այնպես էլ ննջեցյալներին, որով և այս զորախմբին են միանում նաև ննջեցյալները, ովքեր անբաժան են եկեղեցուց:
Ընթերցանություն
Սկսվում է ընթեցանության պահը, երբ հատվածներ են կարդացվում մարգարեական գրքերից և առաքելական թղթերից, իսկ վերջում՝ Ավետարանից, քանի որ, ինչպես մարգարեները մարգարեացան Հիսուսի աշխարհ գալը, այդպես էլ առաքյալները վկայեցին և ականտես եղան մարգարեության իրականացմանը, իսկ Ավետարանը դարձավ այդ ամբողջի՝ մարգարեների և օրենքի լրումը: Այնուհետև սարկավագը դառնում է դեպի Ս. Սեղանը և Ավետարանը բաձրացրած՝ ասում է հավատի խոստովանությունը՝ «Հավատամք»-ը, իսկ ժողովուրդը ձեռնամած հետևում է՝ ցածր ձայնով կրկնելով այն: Այնուհետև սարկավագը շարունակում է Աստծուց խնդրել, որ Նա ընդունի մեր աղաչանքները, իսկ քահանան իր ծածուկ աղոթքի մեջ Հիսուս Քրիստոսից խնդրում է, որ Նա Իր մեծ ողորմությամբ մեզ մասնակից դարձնի աստվածային պարգևներին և ների մեր մեղքերը: Նույնը պատարագիչ քահանայի համար դպիրներն են խնդրում՝ ասելով. «Եւ ընդ հոգւոյդ քում»:
Սուրբ Պատարագի կանոնը
Վերաբերում
Քահանան հանում է սաղավարտը, որը խորհրդանշում է, թե մինչ այդ նա իր մեջ կրում էր Հիսուսի իշխանական փառքը, իսկ հիմա մտնում է ծառայական կերպի մեջ, սպասավոր դառնում աստվածային փրկարար Խորհրդին: Եվ եթե մինչ այս քահանայի աղոթքներն ուղղված էին Քրիստոսին, ապա սկսած այս պահից՝ ուղղվում են Հայր Աստծուն՝ գործակից խնդրելով Ս. Հոգի Աստծուն, որովհետև Որդի Աստված՝ Քրիստոս, պատարագվում է Ս. Սեղանի վրա: Այստեղ սարկավագը բարձր ձայնով ասում է «Մի ոք երախայից»-ը՝ դուրս հրավիրելով հավատի մեջ եղող տկարներին, երախաներին, այսինքն՝ չմկրտվածներին, ովքեր պատրաստ չեն մասնակցել սրբազան խորհրդին: Սրան հետևում է «Մարմին տերունական» երգը, որով դպիրները, այսինքն՝ ժողովուրդը, խոստովանում են, որ հավատում են Տերունական Մարմնի և Փրկչական Արյան՝ Ս. Սեղանի առաջ գտնվելուն: Այնուհետև սարկավագը խունկ է ծխում Ս. Սեղանին և գնում Խորհրդանոց, հնչում են քշոցները, դպիրները երգում են օրվան համապատասխան սրբասացությունը՝ երգը, իսկ քահանան ծածուկ աղոթքով բազկատարած խնդրում է, որ Աստված զորացնի իրեն՝ ընծաները մատուցելու և խորհուրդը կատարելու: Աղոթքից հետո քահանան մի քայլ հեռանում է Ս. Սեղանից և սպասում սարկավագի ձեռքից ընծաներն ընդունելուն: Քահանան ընծաները դնում է Ս. Սեղանի վրա, անմիջապես մատների ծայրերը լվանում: Այս լվացումը կատարվում է վերջին ընթրիքի լվացման օրինակով (ոտնլվա) և մեզ թելադրում հաղորդվելուց առաջ մեղքերից մաքրվել:
Ողջույնը
Սարկավագը քարոզում է, որ ինչպես քահանան լվացվեց, նմանապես և ժողովուրդը Ս. Սեղանի առաջ անթերի, կատարյալ հավատով պատրաստվի հաղորդվելու: Քահանան ծածուկ աղոթում է (Տէր Աստուած զօրութեանց), որ Աստուած ընդունի ընծաները և Միածնի Մարմինն ու Արյունը՝ ճաշակողների համար մեղքերի թողության դեղ լինեն: Այս աղոթքից հետո քահանան հրաման է տալիս «Ողջոյն տո՛ւք միմեանց ի համբոյր սրբութեան,» և սկսվում է ողջույնի պահը: Մեր եկեղեցում սրբության համբույրը փոխանցում են աջ և ձախ այտերն իրար մոտեցնելով, իսկ ովքեր պատրաստ չեն հաղորդվել, դուրս են հրավիրվում՝ այնտեղ աղոթելու: Այս պահին քահանան սկիհի քողը կիսով չափ բացում է, որպեսզի երևա ընծան՝ նշխարը և ասում. «Ողջոյն Քեզ՝ Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ», որին հետևում է սարկավագի պատասխանը. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի», և դպիրները երգում են «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ» երգը: Նույն խոսքերով էլ հավատացյալները ողջույնը փոխանցում են իրար:
Սրբասացություն
Ողջույնին հետևում է սրբասացության արարողությունը, երբ սարկավագը զգուշացնում է ահով ու երկյուղով կանգնել, քանի որ մոտ է հաղորդության պահը, և Աստծո Գառը մեր փրկության ու մեղքերի համար պետք է պատարագվի Ս. Սեղանի վրա: Այնուհետև, հետևում է «Զդրունս, զդրունս…» զգուշացնող հրամանը, որով կոչ է արվում փակել մեր մտքի, սրտի խորհուրդների դռները և կենտրոնանալ միայն փրկագործության խորհրդի վրա, ինչպես նաև փակել եկեղեցու դռները, որպեսզի քիչ առաջ դուրս հրավիրվածները ներս չմտնեն: Այս ընթացքում քահանան ծածուկ աղոթում է (Արժան է ստուգապէս) և փառաբանում Հորը, որը փրկագործության տնօրինությամբ մեզ երկնայինների հոգևոր պարին մասնակցելու արժանացրեց: Ուստի քերովբեների և սերովբեների հետ միաձայն համարձակ երգում ենք «Սուրբ, սուրբ, սուրբ…»: Եսայի մարգարեի այս խոսքերը հրեշտակների երգն են, ուր նրանք փառաբանում են Աստծուն (Եսայի Զ 3):
Կանոն Պատարագի
Սրբասացության ընթացքում քահանան բազկատարած ծածուկ աղոթում է Հայր Աստծուն՝ փառաբանելով Նրան, որ երբեք չանտեսեց մարդուն և նրա մեղքերը թեթևացնելու ու սրբելու համար Իր որդուն աշխարհ ուղարկեց: Ապա հիշում է Հիսուսի կյանքը, փրկագործությունը, Վերնատան ընթրիքը: Աղոթքից հետո քահանան բացում է սկիհը, վերցնում նշխարը և բարձրաձայն ասում. «Առէ’ք, կերէ’ք, այս է Մարմինն Իմ…»: Այնուհետև բարձրացնում է սկիհը և ասում. «Արբէ՛ք ի սմանէ ամենեքեան, այս է Արյունն Իմ…», որից հետո սկիհը մաղզմայի վրա դնելով քողով ծածկում է ու ծածուկ աղոթում՝ հիշելով, որ Միածնի պատվերով է Գինին և Արյունը բերում Սեղանին՝ Հոր առաջ, և աղոթքի վերջում, ընծաները փոքր-ինչ բաձրացնելով՝ մատուցում է Հորը և ասում. «Եւ զՔոյս ի Քոյոց Քեզ մատուցանեմք…»: Այսինքն՝ Հիսուսը՝ Քո Որդին, որ քեզանից է և Քոնն է, Քո կամքով եկավ աշխարհ, և այժմ էլ նույն Հիսուսին Քեզ ենք ընծայում՝ բոլորիս փրկության համար: Այդ ժամանակ դպիրները երգում են «Յամենայնի օրհնեալ ես» երգը, իսկ քահանան ծածուկ աղոթում է և երեք անգամ օրհնում Հացը, երեք անգամ՝ Գինին, և երեք անգամ Հացն ու Գինին միասին՝ նույն խոսքերով:
Եթե մինչ այս հացն ու գինին խորհրդանշում էին Հիսուսի Մարմինն ու Արյունը, ապա այս պահից, երբ Ս. Հոգին իջնելով սրբագործում է Ընծաները, դրանք ճշմարտապես են դառնում Նրա Մարմինն ու Արյունը:
Հիշատակություն
Սրանից հետո քահանան ծածուկ աղոթում է՝ խնդրելով, որ սրբագործված Ընծաների միջոցով Աստված սեր, հաստատություն և ցանկալի խաղաղություն շնորհի ամբողջ աշխարհին, Սուրբ Եկեղեցուն, հոգևորականներին, թագավորներին, ժողովրդին: Այնուհետև սկսվում է հիշատակությունների շարքը, ուր հիշվում են Սուրբ Աստվածածինը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Ստեփանոս Նախավկան և ուրիշ սրբեր: Հիշատակումների այս շարքը խորհրդանշում է զինվորյալ (ապրողների) և հաղթական (ննջեցյալների) եկեղեցիների միությունը: Սարկավագն անցնում է խորանի աջ կողմը, և սկսվում է սրբերի հիշատակումը: Աջ կողմն անցնելը խորհրդանշում է սրբերի աջակողմյան՝ վերին դասին պատկանելը: Երբ քահանան ավարտում է հիշատակությունների շարքը, սարկավագներն անցնում են Սեղանի ձախ կողմը՝ հիշելու արդեն զինվորյալներին՝ կենդանի հավատացյալներին, քանի որ աջ կողմը խորհրդանշում է սրբերի ժողովը, իսկ ձախը՝ ապրող հավատացյալների: Մեր եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ այս պահին արարողությունն ընդհատվում է, և պատարագիչը կամ որևէ բարձրաստիճան հոգևորական սկսում է քարոզել ժողովրդին՝ ըստ օրվա նյութի կամ սուրբգրային որևէ բնաբանի:
Քարոզխոսության ավարտից հետո քահանան բարձրաձայն ասում է. «Եւ տուր մեզ համարձակաձայն բարբառով...» աղոթքը, և ժողովուրդը, որպես խնդրանքների փակում, արտասանում՝ «Հայր մեր»-ը:
Ճաշակում
Ժողովուրդը ծնկի է գալիս, իսկ քահանան գլուխը խոնարհելով, սկիհի առաջ ծածուկ աղոթում է Ս. Հոգուն (Խոնարհման աղոթք)՝ խնդրելով որ Աստված ողորմի այս խոնարհված ժողովրդին: Հետևում է սարկավագի կոչը՝ «Պռոսխումէ», որով ուշադրություն է հրավիրում խոնարհված ժողովրդին, տեսնելու Տերունական Մարմինը: Եվ այդ պահին քահանան, Սուրբ Մարմինը բարձրացնելով, ասում է՝ «Ի սրբութիւն սրբոց», այսինքն՝ ահա սրբերի սրբությունը՝ Սուրբ Մարմինը, որին փափագում ենք հաղորդվել: Այնուհետև հետևում են քահանայի օրհնությունները և աղոթքը՝ արժանի լինելու այդ Մարմնին ու Արյանը: Քահանան համբուրում է Սեղանը և Ս. Մարմինն ընկղմում Արյան մեջ, ապա վեր բարձրացնելով՝ դառնում դեպի ժողովուրդը, խաչակնքում նրան և հետ շրջվելով՝ Սրբությունը դնում Սեղանի վրա:
Վարագույրը փակվում է
«Տէր ողորմեա»-ի պահն է, ժողովուրդը ծնկի է գալիս, քահանան ծածուկ աղոթում է վարագույրի հետևում, Սուրբ Հացը՝ նշխարը, չորս մասի բաժանում և թողնում սկիհի մեջ՝ ասելով՝ «Լրումն Հոգւոյն Սրբոյ»: Ապա շարունակում է ծածուկ աղոթքը (Ոսկեբերանի աղոթք)՝ խնդրելով, որ Աստված իրեն և ժողովրդին արժանի դարձնի Մարմնին ու Արյանը հաղորդվելուն: Վարագույրը բացվում է, և արժանավորները, մոտենալով Ս. Սեղանին, հաղորդվում են՝ Սրբությունն առանց ծամելու կուլ տալով:
Արձակում Գոհություն
Ժողովրդին հաղորդություն տալուց հետո քահանան վերադառնում է Ս. Սեղան, վարագույրը կրկին փակվում է, և պատարագիչ քահանան ճաշակում է սկիհի մեջ մնացած Մարմինն ու Արյունը, մաքրում սկիհը, սրբում և սքողում՝ գոհություն հայտնելով Ս. Երրորդությանը՝ Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Ս. Հոգի Աստծուն: Գոհաբանական աղոթքին միանում են նաև դպիրները՝ այսինքն ժողովուրդը: Աղոթքից հետո քահանան լվանում է ձեռքերը, սաղավարտը դնում գլխին և իր պաշտոնն արդեն ավարտած լինելով՝ պատրաստվում հեռանալ Ս. Սեղանից: Այստեղ վարագույրը բացվում է, և քահանան վերջին անգամ երկրպագում է Ս. Սեղանի առաջ, վերցնում Ավետարանը և հարավային` ձախ կողմով իջնում Բեմից` արտասանելով «Որ օրհնես…» աղոթքը: Ինչպես քահանան արարողության սկզբում սաղավարտը գլխին բեմ բարձրացավ, այդպես էլ պիտի իջնի, քանի որ քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այնպես էլ պիտի վերադառնա` դատելու մարդկանց` ըստ իրենց գործերի:
Սուրբ Պատարագի բուն խորհուրդն արդեն ավարտված է, սակայն ժողովրդին արձակելուց առաջ դարձյալ ընթերցվում է Ավետարանը (Հովհ. Ա 1-14), որից հետո ժողովուրդը «Պահպանիչ» աղոթքով արձակվում է:
Ս. Մայիլյան. «Բառարան». Ավանդատուն - բեմի աջ ու ձախ կողմերում գտնվող սենյակներ, ուր պահվում են եկեղեցու սպասքները, զարդերը, հանդերձները:
Ընծա – Տերունական մարմինը խորհրդանշող հացն ու գինին:
Ընծայարան կամ Խորհրդանոց – խորանի մեջ երկու որմերի վրա մեկական խորշեր, որտեղ պահվում են Ս. Խորհրդի ընծաները:
Մաղզմա - արծաթյա կամ մետաղյա փոքրիկ պնակ, որի վրա դրվում են ընծաները:
Ուրար – ուսից ներքև իջնող նեղ, երկար (երկու մարդահասակ) ժապավեն:
Քշոց – փայտե երկար ձողին ամրացված մետաղյա հողմահար, որ խորհրդանշում է հրեշտակներին՝ քերովբեներին և սերովբեներին: