Ս. Մյուռոնը գաղթօջախներ հասցնելու դժվարությունները

Ս. Մյուռոնը գաղթօջախներ հասցնելու դժվարությունները

Նվիրակներն իրենց հետ վերցնում էին Ս. Մյուռոնը և Հայրապետական կոնդակը, որով հաստատվում էր իրենց ինքնությունը և իրավասությունները, քանզի որոշ հոգևորականներ նվիրակի անվան տակ շահագործում էին մարդկանց և գցում Ս. Էջմիածնի հեղինակությունը:


Այն ժամանակ չկային այսօրվա փոխադրամիջոցները, և նվիրակները ստիպված էին շրջագայել քարավաններով, նավերով և այլ հասանելի ձևերով: Նրանք ապահովագրված չէին բնական աղետներից, արհավիրքներից և ավազակների հարձակումներից, երբեմն էլ ընկնում էին տարբեր արկածների մեջ:


Այսպես` Ս. Էջմիածնի նվիրակ Հովհաննես Պոնտացի եպիսկոպոսը 1762 թ. հունվարի 20-ին Բասրայից նավ է նստում և 40 օր հետո հասնում է Հնդկաստանի Սուրաթ քաղաքը, այնտեղից էլ նավով ճանապարհ է ընկնում դեպի հայաշատ Կալկաթա: 60 օրյա նավավարությունից հետո, երբ գրեթե հասել էին Կալկաթային, փոթորիկը կործանում է նավը, նվիրակը և 4 այլ հայեր հրաշքով փրկվում են: Ցավոք, ջուրը տարել էր նվիրակի սնդուկը, որի մեջ էին Մյուռոնը, նրա գրքերը և կոնդակը:


Աստծո նախախնամությամբ մի քանի օր անց սնդուկը հայտնվում է պատահաբար, որի մեջ անվնաս էր մնացել միայն Մյուռոնը: Բայց այդ դեպքից հետո էլ նվիրակը հանգստություն չի գտնում: Այնուհետև նա 40 օր շարունակ ստիպված է լինում փախչել առյուծներից` սնվելով ինչով կարող է: Վերջապես 1763 թ. հունվարի 15-ին նվիրակը հասնում է Հնդկաստանի Սեյդաբադ քաղաք, որն այսօր Կալկաթայից մեքենայով 4 ժամվա ճանապարհ է: Սա պատմական մի փաստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի´ դժվարություններ են հաղթահարել նվիրակները` ժողովրդին Մյուռոնը հասցնելու համար:


Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

  • 2021-09-21
×