Ս. Մյուռոնը հայկական գաղթօջախներում

Ս. Մյուռոնը հայկական գաղթօջախներում

Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով: Նրանք շրջում էին հայկական համայնքներով, Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի օրհնությունը փոխանցում մարդկանց, Ս. Մյուռոնը բաժանում, ինչպես նաև հավաքում էին Մայր Աթոռին տրվող նվերները:


Նվիրակները չունեին հաստատուն նստավայր, ինչպես որ թեմակալ առաջնորդինն է: Լինելով Կաթողիկոսի ներկայացուցիչն այս կամ այն բնակավայրում` նրանք կարգավորում էին եկեղեցական համայնքների կյանքը և հաշվետու էին միայն Հայոց Հայրապետին: Մյուռոնը հայկական գաղթօջախ տանելու մասին առաջին հիշատակություններից մեկը պահպանվել է Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372) Կաթողիկոսի կոնդակում` ուղղված Լվովի հայությանը:


Մեսրոպ Կաթողիկոսը կոնդակում նշում է, որ թեմի առաջնորդ է նշանակում Գրիգորիս Սրբազանին և նրա միջոցով նաև Մյուռոն է ուղարկում: Իսկ արդեն նվիրակի միջոցով Մյուռոնն արտերկիր տանելու մասին վաղագույն տեղեկությունը պահպանվել է լեհահայերին ուղղված Թեոդորոս Բ Կիլիկեցու (1382-1392) կոնդակում: Փաստորեն նվիրակն այն անձն էր, ով ապահովում էր Ս. Էջմիածնի և տվյալ համայնքի կապը` Ս. Մյուռոնի օգնությամբ հիշեցնելով նրանց իրենց հոգևոր ծննդավայրի մասին (շարունակելի):


Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

  • 2021-09-21
×